Սաուդցի սպանված լրագրող Ջամալ Հաշոգիի ավագ որդին և նրա ընտանիքը տեղափոխվել են Միացյալ Նահանգներ: CNN հեռուստաընկերության տվյալներով, Սալահ բին Հաշոգին երկքաղաքացիություն ունի՝ ամերիկյան և սաուդական, սակայն ավելի վաղ նրան արգելում էին լքել թագավորությունը:

Մեկ տարի առաջ հայրենիքից Վաշինգտոն տեղափոխված լրագրողը սպանվել է շաբաթներ առաջ՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: Սաուդյան իշխանությունների կոշտ քննադատը հոկտեմբերի 2-ին մտել է հյուպատոսարան, ինչից հետո ոչ ոք նրան չի տեսել:

Սաուդյան իշխանությունները շաբաթներ շարունակ կտրականապես հերքում էին լրագրողի սպանության մեղադրանքները և միայն օրեր առաջ հաստատեցին նրա մահը:

Պաշտոնական Անկարան պնդում է, որ Հաշոգիի սպանության ետևում կանգնած են Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անմիջական շփումներ ունեն թագավորության փաստացի առաջնորդ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ:

Երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայի կառավարությունը հաղորդեց, որ թագաժառանգը Էր-Ռիյադում ընդունել է սպանված լրագրողի որդուն, որպեսզի ցավակցություն հայտնի հոր մահվան կապակցությամբ:

Pin It on Pinterest