ՊԵԿ 19 պաշտոնատար անձիք անօրինական ներկրումների դիմաց կաշառք են ստացել

0
775

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալուն օժանդակելու փաստերով քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ն ՊԵԿ մեկ այլ աշխատակցի` Ա. Մ.-ի միջնորդությամբ 2017 թվականի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պարբերաբար կաշառք է ստացել մեկ տասնյակից ավել քաղաքացիներից, ովքեր դրա դիմաց հնարավորություն են ստացել ՀՀ տարածք ապօրինի ներկրել միրգ-բանջարեղեն, կենցաղային և այլ ապրանքներ:

Ըստ մեղադրանքների` Վ. Օ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ավագ մաքսային տեսուչի պաշտոնը, նույն բաժանմունքի ճառագայթային հսկողության օպերատոր Ա. Մ.-ի միջոցով մտերիմ հարաբերություններ է հաստատել Վրաստանից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ զբաղվող Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչների հետ: Վերջիններս կաշառքի դիմաց առանց մաքսազերծման Վրաստանից տարբեր տեսակի ապրանքներ ՀՀ ներկրելու հարցի շուրջ Ա. Մ.-ի միջոցով պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտոնատար անձ  Վ. Օ.-ի հետ:

Վերը նշված քաղաքացիները Ա. Մ.-ի միջնորդությամբ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ին տվել են տարբեր չափերի ՀՀ դրամ կաշառք, որի դիմաց, առանց օրենքով սահմանված կարգով մաքսազերծում կատարելու, «Բագրատաշեն» մաքսակետով պարբերաբար ապօրինի կերպով տարբեր ապրանքներ են ներմուծել ՀՀ տարածք:

Կաշառք ստանալու համար (18 դրվագ) Վ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ կաշառքի միջնորդության համար Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 313-րդ հոդվածի 1-ին մասով (18 դրվագ):

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here