Վաղը կլրանա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 19-րդ տարելիցը: 1999թ հոկտեմբերի 27-ին զոհ գնաց 8 մարդ, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը: Պաշտոնական վարկածով կատարվածը ահաբեկչական գործողություն էր, կազմակերպիչներ չկան: Զոհերի հարազաներն ու հանրության մեծ մասը, սակայն, համոզված է, որ  Հոկտեմբերի 27-ը կազմակերպված էր ու այդ կազմակերպիչները մինչ այժմ բացահայտված չեն:

«Հուսով եմ՝ նոր իշխանությունը ինչպես զբաղվում է Մարտի 1-ի գործով, այնպես էլ հետևողականորեն կզբաղվի նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական, լիարժեք բացահայտմամբ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Դեմրիճյանը:

ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի խոսքով՝ Հայստանի նոր իշխանությունից Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասով սպասելիքներ կան: «Մենք կարծում ենք, պետք է վերանայվի գործը, քանի որ էնտեղ շատ հարցեր կան, որոնց պատասխանները տրված չեն:  Մասնավորապես՝ Արմենակ Արմենակյանի սպանությունը կամ երբ որ բոլոր հանցագործները դահլիճում էին, աստիճանների վրա նռնակ պայթեց, ո՞վ էր պայթեցնողը, ինչպե՞ս է զենքը մտել ԱԺ, ի՞նչ ճանապարհով: Կան հարցեր, որոնց պատասխանները հասարակությունը և մենք պետք է իմանանք»,-ասաց Հարությունյանը:

Ըստ նրա՝ նոր քննությունը պետք է պարզի, թե ով է պլանավորվել Հոկտեմբերի 27-ը: «Դեռ հարցերի պատասխանները չեն տրվել: Այսօր ծանրաբեռնվածություն կա, բայց հույս ունենք, որ Հոկտեմբերի 27-ին նույնպես կանդրադառնան: Ինչպես Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը ևս կմտնի օրակարգ: Առանց այդ հանցագործությունների բացահայտման մեր երկիրն ապագա ունենալ չի կարող»,-նշեց Հարությունյանը:

Զոհերից  Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, Հոկտեմբերի 27-ի բացահայտման որևէ ակնկալիք չունի անգամ հեղափոխությունից հետո: «Չեմ տեսնում ոչ մի քայլ այդ գործի վերանայման ուղղությամբ»,-ասաց Բախշյանը՝ շարունակելով. «Մոտավորապես գիտեմ էլ, թե ինչ պիտի դրան պատասխանեն, պիտի ասեն՝ նոր ի հայտ եկած հանգամանքներ չկան, հետևաբար հիմք չունեն գործը վերանայելու: Նախկինում մեկ անգամ չէ, որ նման պատասխան է եկել, դրա համար որևէ նոր ակնկալիք չունեմ: Չգիտեմ՝ ինչ է լինելու»:

Բախշյանը մատնանշեց Մարտի 1-ի գործով քննությունը, թե որքան գործողություններ են արվել այս ընթացքում. «Սակայն Հոկտեմբերի 27-ի հետ կապված ոչ մի նոր միտք, նոր քայլ չեմ տեսել: Չգիտեմ՝ երբ ակնկալիք կունենամ»:

ՊՆ և ՆԳ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի բացահայտումը անխուսափելի անհրաժեշտություն է համարում մեր երկրի անվտանգության կայացման համար: «Խոսել, թե բացահայտման իրական շանսեր կան, թե չկան, ճիշտ չէ, որովհետև Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին, և էդ էջը պետք է փակված լիներ և մենք պետք է հասկացած լինեինք՝ ինչ տեղի ունեցավ մեր երկրի հետ: Որտեղից եկավ էդ դավադրությունը և ինչ հրեշավոր հարված հասցրեց մեր պետականությանը»,-ասաց նախկին փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ամենակարճ ժամկետներում մեր պետական համակարգը պետք է ի վիճակի լիներ այդ գործը բացահայտել: «Բայց քանի որ երկրում էնպիսի քաղաքական իրողություններ էին, որ կասկածամտությունը մինչև հիմա հոշոտում է բոլորին, բնականաբար դա ամենամեծ խոընդոտն է հոկտեմբերի 27-ի բացահայտման»,-նշեց Քոչարյանը:

Հայաստանի նոր իրողությունների տրամաբանության մեջ, ըստ Քոչարյանի, ինչպես Մարտի մեկի գործով դրական զարգացումներ են գնում, այդպես էլ «Հոկտեմբեր 27-ը ուզի, թե չուզի, պետք է ճանապարհ հարթի իր բացահայտման համար»:

«Ես չեմ կարող չհավատալ, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվելու է: Եթե մենք չհավատանք, որ դա բացահայտվելու է, մենք էդպես էլ չենք հասկանա, թե հաջորդ հարվածին որտեղից պատրաստ լինենք դիմակայելու: Դա պետական, ազգային անվտանգության համար կարևորագույն խնդիր է»,-բացատրեց նա:

Տարեցտարի այս գործի քննությունն ավելի է բարդացել, քանի որ գործով կարևորագույն վկաների և դատապարտյալների մի մասը առեղծվածային, մի մասը գուցե բնական ճանապարհով մահացել են:

2005 թ-ի ապրիլին նախկին ռուս սկանդալային հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոն «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ը ռուսական հատուկ ծառայությունների, ավելի ստույգ՝ Գլխավոր հետախուզական վարչության ձեռքի գործն է եղել։

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest