«Դավիթ Տոնոյանը ոչ Սեյրան Օհանյանն է, ոչ Վիգեն Սարգսյանը, եթե նայեց քո աչքերին, անպայման կօգնի», — Վանաձորից եկած սևազգեստ մորը՝ Սոնիկ Ղազարյանին, ասել են ՊՆ աշխատակազմում։ Բայց նախարարի աչքերին նայելու համար նախ պետք է նրան հանդիպել, իսկ դա զոհված զինվորների մայրերի համար մեկ է, ինչ մանդրագոր բուսատեսակից տեսնելը։

Սոնիկը երանությամբ է հիշում Սեյրան Օհանյանի ժամանակները։ Նա մայրերի հետ անձամբ էր հանդիպում, դրամական օգնություններ էր տրամադրում։ «Նամակներն ուղարկում են, պատասխանները՝ մերժված։ Նիկոլի 100 օրվա հանդիպմանը մայրերի հետ գնացինք, մեզ քշեցին, քցեցին էն կողմ, կոպիտ, բիրտ ձևով», — ասում է Սոնյա Ղազարյանը։

Այդ օրը՝ օգոստոսի 22-ին, Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունեց Քառօրյա պատերազմում զոհված տղաների մայրերին։ Սոնյան ու Վանաձորից եկած նրա ընկերուհին, ով Սոնյայի նման որդի էր կորցրել բանակում, եկել էին զոհված երեխեքի նկարները կրծքին խփած, բայց նրանք մայրերի այդ կատեգորիայից չեն, և նրանց կոպտորեն հետ մղեցին անվտանգության աշխատակիցները։

«Չէ՞ որ ես էլ եմ զինվորի մայր՝ երեխա եմ դրել գետնի տակ։ Ինձ կարելի՞ էր տենց դեն շպրտել»,- վրդովվում է Սոնյան։

Նա 57 տարեկան է։ Ողջ գիտակից կյանքում վարձով է ապրել։ Սկզբից որդու՝ Խաչիկ Բարսեղյանի հետ, հիմա, Խաչիկի մահից հետո՝ մենակ։ 2014 թվականին Խաչիկը գնաց բանակ։ 6 ամիս հետո՝ դեկտեմբերին, նրան ընկերները գրկած տուն բերեցին բանակից քաղցկեղով։ Ոտքի վրա կանգնել չէր կարողանում։ 2016 թվականի մարտին 22 տարեկան Խաչիկ Բարսեղյանը մահացավ։

Բալահովիտի կապի բաժանմունքում է ծառայել 2012-ից 2016 թվերին։ Վերադարձել է քաղցկեղով։ Զորակոչվելու շրջանում Խաչիկ Բարսեղյանի բժշկական փաստաթղթերում նշված է եղել, որ ոտքի երակի խնդիր ունի, սակայն կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը որոշել է, որ տղան պիտանի է ծառայության։

«Խաչս անընդհատ ցավեր ուներ, նորմալ չէր կարողանում ծառայել։ Գնացի զորամաս, ասեցի՝ ազատեք երեխիս։ Ինձանից զորամասի բժիշկը 4000 դոլար պահանջեց, որ ազատեն, ասեցի՝ չեմ կարող տալ։ Երեխես էլ ինձ հանգստացրեց, ասեց՝ ոչինչ, մամ ջան, կծառայեմ, կգամ։ Դեկտեմբերին երեխիս գրկած բերեցին ընկերները, ոտքին մի մեծ սև վերք էր»։

Տարբեր հիվանդանդանոցներում է պառկել Խաչկը ծառայությունից հետո, նույնիսկ Ռուսաստան են տարել նրան։ Վերջում Ֆանարջյանի ինստիտուտում ախտորոշեցին Յուինգի սարկոմա՝ ոսկրախտ։

«Ես խելագարված վիճակում էի: Բոլորից, իմ հարազատներից, սրանից նրանից փող էի ճարում դեղերի համար։ Պաշտպանության նախարարություն դիմեցի, Սեյրան Օհանյանն ասեց, կօգնեմ, բայց փոխվեց։ Վիգեն Սարգսյանը հրաժարվեց օգնելուց, ասեց՝ տղադ բանակում չի մահացել, եկել ա տուն, նոր ա մահացել»։

Սոնյա Ղազարյանին ոչ զոհված զինվորների համար տրվող կենսաթոշակ տվեցին, ոչ էլ փոխհատուցում, քանի որ համարել են, որ մահացու հիվանդության կապը զինվորական ծառայության հետ հաստատված չէ։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է օգնել քաղցկեղով տառապող զինվորներին, պատճառաբանելով, որ հիվանդությունը ծառայության ընթացքում չի առաջացել, կամ բացահայտվել է ծառայությունից հետո։ Իրականում, քաղցկեղի բուժումը թանկ է և ներքին հրահանգ կա, որ նման հիվանդներին պետության հաշվին բուժսպասարկում չտրամադրել։ Եւ արդյուքնում ստացվում է, որ մարդը, որը երեխա է տվել հայրենիքին, մնում է իր դժբախտության հետ միայնակ, անօգնական վիճակում, իր մտքերի հետ։

Մայրը չի կարողանում մոռանալ, որ որդու հրամանատարը՝ Գևորգ Մկրտչյանը, դաժան ծեծի է ենթարկել իր որդուն այն բանի համար, որ նա հրաժարվել է քայլելուց, ասելով, որ ոտքը ցավում է։ Գևորգ Մկրտչյանը զորեղ պաշտոնյա ազգական ուներ Վարդենիսում։ Խաչիկի ծառայակից ընկերները պատմել էին Սոնյային, որ շատերին էր «գրսում» դաժան ձևով։

«Իմ երեխի հիվանդությունը էդ ժամանակ ա խորացել, — տրտնջում է մայրը,- ես վարչապետին դիմեցի՝ Կարեն Կարապետյանին, օլիգարխներին, ոչ մի դրական պատասխան չստացա։ Անտեր կնիկ եմ, էս երեխուն ունեի, էն էլ մահացավ», — գլուխը կախում է կինը։

Օլիգարխներից, վարչապետից, պաշտպանության նախարար Տոնոյանից նա շատ խնդրանքներ ուներ՝ որդու համար բուժման փող էր պահանջում, թոշակ իր համար, բայց հիմա մնացել է մեկ ցանկություն՝ որդու շիրիմն է ուզում սարքել, մինչև հիմա քարը չի դրել։ Սա իր վերջին մայրական պարտքն է Խաչի առաջ։

Սյուզան  Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest