«Էս բանդայի դեմը պետք ա առնել». Մովսես գյուղի 80-ամյա բնակչուհին` Գագիկ Մելիքյանի մենաշնորհային դիրքի մասին բարձրաձայնեց

0
8192

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի բնակչուհի 80-ամյա Արաքսյա Խաչատրյանին պատկանող խանութի էլեկտրականությունը շուրջ մեկ ամիս է անջատված է: Մթերային խանութն աշխատում է առավոտից մինչև մութն ընկնելը, սառնարանները միացված չեն՝ մթերքն արագ փչանում է:

Տիկին Արաքսյան մոտ 8 տարի է բարձրաձայնում է, որ իրենից «լույս են գողանում», մատնանշելով խանութին հարակից բենզալցակայանը.

«Իմ ու էդ բենզալցակայանի լույսի հաշվիչը նույն էլեկտրասյան վրա ա, իրենք պարբերաբար գործ են անում, «փեչեր» են սարքում ու էդ ամբողջ կիլովատտը գալիս ա իմ հաշվիչի վրա: Ստուգելու համար ես շատ անգամ եմ բոլոր լույսերն անջատել, գնացել տեսել եմ հաշվիչս շատ արագ աշխատում ա: Ստացվում ինչ, որ անջատված վիճակո՞ւմ էլ ա պտտվում, հա՞»,- Forrights-ի հետ զրույցում նշեց տիկին Արաքսյան:

Արաքսյային պատկանող խանութը մեծ գյուղի միակ խանութներից չէ, սակայն նա վստահեցնում է՝ «վերևներից» ամեն հնարավորն անում են, որ Մովսես գյուղի խանութները փակվեն, որ ամբողջ ֆինանսն ու դիրքը լինի իրենց ձեռքում:  Forrights-ը փորձեց ճշտել, թե «վերևներն» ովքեր են, ինչին ի պատասխան Արաքսյա Խաչատրյանը զարմացած մանրամասնեց.

«Ո՞նց, չգիտե՞ք: Բերդի տարածաշրջանի խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խնամին ա: Մելիքյանի աղջիկն ամուսնացել ա Մանուչարյանի տղու՝ Անուշավանի հետ: Էդ Անուշավան Մանուչարյանն էլ Բերդ տարածաշրջանի էլցանցի տնօրենն ա: Էդ մեծ խանութն էլ գյուղապետի «կատարածուի» զոքանչինն է, բենզալցակայանն էլ՝ Մելիքյանինը: Ամեն ինչ իրենց ձեռքն ա էլի, բայց էլի չեն հանգստանում, ուզում են էս իմ փոքր խանութն էլ փակվի, որ մենաշնորհ լինեն»,- նշեց տիկին Արաքսյան:

Նա բազմիցս է բարձրաձայնել խնդրի մասին ինչպես գյուղապետարանում, համայնքապետարանում, այնպես էլ հանդիպում ունեցել անձամբ Անուշավան Մանուչարյանի հետ, սակայն հարցին որևէ լուծում այդպես էլ չի տրվել: Միայն 2 անգամ փոխել են հաշվիչը և տարել զննության, սակայն որևէ խախտում չի հայտնաբերվել: Արաքսյան անընդհատ կրկնել է, որ իրեն ոչ թե անհրաժեշտ է, որ հաշվիչը փոխվի, այլ ընդամենը տեղափոխվի այլ վայր, հեռու բենզալցակայանից:

«Գալիս հաշվիչս փոխում, «պլոմբում» գնում են: 2 օրից «պլոմբը» պոկված ա լինում, հաշվիչս էլ՝ շարունակում արագ աշխատել: Իմ մի փոքր խանութն ու մի հատ սառնարանը չեն կարող ամսեկան 30-40.000 դրամի հոսանք ծախսեն…Մեծ կին եմ, հազիվ իմ միմինալ կարիքներն եմ հոգում, հետևիցս են ընկել որ ի՞նչ»,- նեղսրտած պատմեց Արաքսյան:

Մովսես գյուղի գյուղապետ Արտակ Պապյանը շեշտում է, որ ոչ ոք «խելքը հացի հետ չի կերել», որ «լևի լույս մտնի»: Forrights_ի հետ զրույցում Պապյանը հայտնեց, որ բնակչի բողոքին արձագանք եղել է, ինքը դիմել է էլցանցին.

«Արաքսյան 2 անգամ եկել ա մոտս, ասել ա, որ սենց-սենց խնդիր կա, ես դիմել եմ էլեկտրոցանց: Մի քանի ստուգումից հետո պարզվել ա, որ ոչ մեկ էլ «լևի լույս» չի տանում: Ախր էս որ թիվն ա, որ մարդիկ լույս գողանան»,- ասաց գյուղապետը:

«Բերդ» էլցանցի ղեկավար Անուշավան Մանուչարյանը Forrights-ի հեռախոսազանգի հենց սկզբում միանգամից հասկացավ, թե ինչ նպատակով ենք կապ հաստատել և հայտարարեց՝ Արաքսյա Խաչատրյանը ստում է, ինչից հետո մեզ հորդորեց՝ «ամեն ստից բանի պետք չի ուշադրություն դարձնել»: Մանուչարյանը հայտնեց, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստուգումների են ենթարկվել էլեկտրասյան հաշվիչները, որոնք էլ հստակ ցույց են տվել, որ այլ ցուցմունք չի խառնվում Արաքսյայի հաշվիչին.

«Արաքսյան կոնկրետ ինձ ասել ա, որ հաշվիչին չի հավատում ու պետությանը փող չի մուծելու, այլ ինքն իրենով հաշվելու ա հոսանքի ծախսն ու էդ չափով մուծի: Կարո՞ղ ա գիտեք էդ իմ սեփականությունն ա ու ով ինչքան ուզի, էդքան կմուծի: Հոսանքը ծախսե՞լ ա, ուրեմն թող մուծի…Ի՞նչ «լևի լույս», ի՞նչ բենզալցակայան»,- բորբոքված նշեց Մանուչարյանը:

Նա բացառեց էլեկտրոհաշվիչի տեղափոխումը, ասելով, որ հաշվիչի տեղն էլեկտրասյան վրա է և ինքը տեղափոխելու կամ շարժելու իրավունք չունի: Խնդրի լուծման միակ տարբերակն էլ, ըստ Մանուչարյանի, հոսանքի պարտքի ամբողջական մարումն է:

Արաքսյա Խաչատրյանն էլ խոսքի վերջում հակադարձեց էլցանցի ղեկավարին և պնդեց իր տարբերակը՝ հոսանքի վարձը չի վճարի, քանի դեռ հաշվիչը տեղափոխված չէ:

«Ի վերջո էս բանդայի դեմը պետք ա առնե՞լ, թե չէ: Ոչ մեկ չի կարողանում դրանց հակառակ մի բան անել: Իրենց ուզածն էլ էդ ա՝ կամ խանութս փակեմ, որ իրենց խանութին չխանգարի, կամ էլ լույսս մուծեմ, որ շարունակեն ինձ թալանել»,- հուզված նշեց 80-ամյա կինը:

Ռոզա Վարդանյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here