«Բանակում ինքնասպանություն որակված դեպքերը միշտ կասկածելի են: Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ խիստ հետաքրքրված է բանակով, բայց ես նկատում եմ`այս պահին  ներկայիս կառավարության համար առաջնահերթություն չի բանակում զինծառայողների իրավունքները: Ինձ շատ է զարմացնում, որ բանակն իշխանությունների ուշադրության կենտրոնում չի հայտնվում այդպես էլ»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Հունվար ամսից մինչ օրս ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում գրանցվել է զինծառայողների մահվան 35 դեպք: Նրանց հարազատների մոտ այս պահին շատ անպատասխան հարցեր են առաջացրել, որոնց շուրջ սպառիչ պատասխաններ չի տալիս ո՛չ Պաշտպանության նախարարությունը և ո՛չ էլ Քննչական ծառայությունը: Հայտնի դարձած մահվան դեպքերից 2-ը՝ սպանություն է որակվել, իսկ 9-ը՝ ինքնասպանություն: Իրավապաշտպանը նշում է, որ ինքնասպանություն որակված դեպքերը միշտ կասկածելի են.

«Շուրջ 20 տարի աշխատելով իրավապաշտպանության ոլորտում, ես դեռ չեմ հանդիպել որևէ դեպքի, երբ գործ հարուցվի ինքնասպանության հոդվածով, հետո քննության ընթացքում փոխվի սպանության մեղադրանքով: Եկեք ընդունենք` նորմալ պայմաններում զինծառայողն ինքնասպան չի լինում: Թող ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը գնա և ստուգի, թե զորամասերում ինչ է կատարվում կամ հետազոտական կենտրոն բացի. որ հասկանան՝ ինչո՞ւ են զինծառայողներն ինքնասպան լինում»,- նշեց իրավապաշտպան Ալեքսանյանը:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի փաստաբան Հայարփի Սարգսյանը ևս շեշտեց, որ ինքնասպանության դեպքերի վերաբերյալ ներկայացված փաստարկումները շատ անտրամաբանական են: Ըստ նրա, շատ դեպքերում նախաքննական մարմինը պնդում է իր վարկածը և չի փորձում ներկայացնել այլ փաստեր.

«Շատ փաստեր ուսումնասիրելու ընթացքում նոր բացահայտումներ են լինում: Քննչական որոշ գործողություններ տեղի են ունենում անփութորեն. ունենք օրինակ, երբ դեպքի վայրից հայտնաբերված իրերն ուղարկվել է փորձագետի, սակայն փաթեթների նկարագրությունը չի համապատասխանել պարունակությանը: Նկատենք մեկ այլ հանգամանք ևս` հիմնականում այն զենքը, որով ինքնասպանություն է տեղի ունենում, զուրկ է լինում որևէ մատնահետքերից: Փաստորեն ստացվում է` մահանալուց հետո մարդը վերակենդանանում է, մաքրում զենքը և նորի՞ց մահանում»,- մանրամասնեց փաստաբանը:

Ասուլիսին ներկա էին նաև մահացած զինծառայողների ծնողներն ու հարազատները: Ողջ ասուլիս ժամանակ նրանք չէին կարողանում զսպել իրենց հուզմունքը և պարբերաբար ընդհատում էին բանախոսներին:

Հոկտեմբերի 1-ին Արցախի «Մարտունի 2» զորամասում` նախնական վարկածով ինքնասպանություն գործած Գևորգ Հարոյանի մորեղբայրը` Արմեն Բեգլարյանը, չի հավատում, որ քրոջ որդին ինքնասպան է եղել: Ասուլիսի ընթացքում նա հայտարարեց, որ Գևորգը կյանքով լեցուն տղա էր, ընկճվող տեսակ չէր, ուստի նրա սպանության համար պատասխանատու է ինչպես զորամասի ամբողջ հրամանատարությունը, այնպես էլ Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները.

«Մենք մեր երեխաներին ուղարկում ենք ֆաշիստակա՞ն բանակ, որ տանում մսացու են սարքում: Էնքան շատ են սենց դեպքերը, որ չենք ուզում երեխա ուղարկենք բանակ: Փաշինյանը պետք ա հասկանա, որ եթե մեր երեխեքը չգնան սահման պահելու, ոչ Երևանն ա լինելու, ոչ էլ Ղարաբաղը: Պետք ա առաջնահերթ ուշադրությունն ուղղեն մեր զինվոր երեխեքին, որ չգնան ու կոտրված, սպանված կամ ծեծված հետ գան»,- վրդովված հայտարարեց Բեգլարյանը:

Նրա խոսքին միացավ նաև սեպտեմբերի 26-ին մահացած զինծառայող Աղասի Մկրտչյանի հայրը` Դերենիկ Մկրտչյանը: Նա համոզված է, որ իր որդուն սպանել են։ Դերենիկ Մկրտչյանը բավականին հուզված էր և ընդամենը մի քանի խոսք կարողացավ ասել: Նա հայտարարեց, որ բանակում իր տղային ստորացրել ու նվաստացրել են` դիրքերում «հեռախոսի թաղում» կազմակերպելով.

«Նվաստացրել են բոլորի մոտ` նման թաղում սարքելով: Դրանից հետո տղաս արդեն ճնշված վիճակում էր: Շաբաթներ անց իմանում եմ, որ Աղասս էլ չկա»,- իր խոսքում նշեց Մկրտչյանը և լքեց ասուլիսը` չարողանալով հուզմունքը զսպել:

ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, անդրադառնալով նմանօրինակ մի շարք բողոքների, նշեց, որ Պաշտպանության նախարարությունն իրավունք չունի միջամտելու քննչական գործողությունների, որևէ որակում տալ չի կարող.

«Կիսամյակի կտրվածքով ՊՆ-ի «Թեժ գիծ»-ը ստացել է 16.000-ից ավել հեռախոսազանգ, որոնք ամենատարբեր խնդիրներին են առնչվում: Մենք ուսումնասիրում և մոնիթորինգ ենք անցկացնում ու ըստ դրա որոշում, թե որ զորամասում որ խնդիրն է առաջնային: Մնացած հարցերում ՊՆ-ն որևէ առնչություն չունի: Մահվան դեպքերի քննությամբ մենք չենք զբաղվում, դա մեր գործառույթի մեջ չի մտնում»,- հայտարարեց Ավետիսյանը:

Ասուլիսի վերջում մահացած զինծառայողների հարազատներն առաջարկով հանդես եկավ` զինծառայողների ծնողներին թույլատրել պարբերաբար այցելություն իրականացնել այն զորամասերում, որտեղ ծառայում են իրենց զինվորները: Ալեքսանդր Ավետիսյանը խոստացավ հանդիպում կազմակերպել և քննարկել նմանօրինակ բոլոր առաջարկները:

Ռոզա Վարդանյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest