«Բարիկադներ քանդել» անվանումը ստացած կադրային քաղաքականությունը, անգամ Նիկոլ Փաշինյանի բացատրությունից հետո, չի համոզել հանրության որոշ մասին, քանի որ, ըստ նրանց, չի տեղավորվում Թավշյա հեղափոխության տեսլականի մեջ:

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին իշխանության փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը կամ Կենտրոնի թաղապետի պաշտոնում նախկին իշխանության պալատական ներկայացուցիչ Վիկտոր Մնացականյանին արված առաջարկը, մեղմ ասած, համոզիչ չեն հանրության մի մասի համար: Սա ակնհայտ է դառնում թե մամուլում, թե սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներից:

Հանրության այդ մասի համար անհասկանալի է, թե ինչու է իր շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ռևերանսներ անում նախկին իշխանության որոշ հենասյուների առաջ ու բարձր պաշտոնի նշանակում մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ վաստակել են մերժված իշխանության սիմվոլ լինելու կոչումը կամ գոնե տաքուկ ապրել են այդ իշխանության կերակրամանից օգտվելու հաշվին:

Մինչդեռ հեղափոխական իշխանությունը հանրության համար նոր անակնկալ է պատրաստում: Ինչպես հայտնի է՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարերեց, որ ՔՊ-ի ցուցակում հնարավոր է «բարիկադների» մյուս կողմում եղած մարդիկ:

«Բարիկադներ քանդելը ճիշտ է, բայց հարցն այդ բարիկադները քանդելու օպտիմալ, ճիշտ ճանապարհն է»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդայանը՝ հավելելով, որ բարիկադ քանդելու գործընթացը հնարավոր է համարում միայն անցումային արդարադատություն իրականացնելուց հետո:
«Անցումային արդարադատության փուլն անցնելուց հետո կկարողանանք լիրաժեք իրականացնել բարիկադների քանդման աշխատանքները»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ բարիկադ քանդել չի նշանակում, որ նախկին իշխանությւան սիմվոլները պետք է բարձր պաշտոններ ստանան:

«Եթե անցումային արդարադատության արդյունքում պարզվի, որ այս կամ այն գործիչը իսկապես հանցագործությունների մեջ է ներգրավված եղել, սահմանափակումներ պետք է լինեն նրա քաղաքական գործունեության համար: Ծանր հանցագործությունների դեպքում բնականաբար քրգործ պետք է հարուցվի»,-մանրամասնեց քաղաքագետը՝ շարունակելով. «Ոչ ծանր հանցաքների պարագայում մարդկանց հնարավորություն է տրվում ներողություն հայտնելու և եթե հասարակությունն այն ընդունում է, կարող է հնարավորություն ստանալ հետագայում ևս քաղաքական գործունեություն ծավալելու կամ պաշտոն զբաղեցնել»:

Ըստ նրա, պետք է հստակ սահման գծվի, լինեն այս չափանիշները և դա իսկապես կլինի բարիկադների քանդում: «Բարիկադներ քանդելու սահմանը պետք է գծի անցումային արդարադատությունը: Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ որոշակի ռեսուրսների տիրապետող մարդիկ, ներգրավված են եղել հակաիրավական գործունեության մեջ և պետք է շարունակեն ապրել Հայաստանում, և եթե բարիկադները լինեն, չի լինի արդյունավետ կառավարում, համերաշխ հասարակություն, անընդհատ կոնֆլիկտներ կլինեն»,-նշեց նա:

«Հունան Պողոսյանի աղմկոտ նշանակումը ստվերեց ոչ պակաս հակահեղափոխական նշանակումներ». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին նշանակումներից ամենաքննարկվողն ու խնդրահարույցը դարձավ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում, թեև Հունան Պողոսյանը Ֆելիքս Ցոլակյանի եւ մի շարք այլ գործիչների շարքում էր, ով կանխագուշակել էր հեղափոխության հաղթանակը եւ հրաժարական էր տվել Նիկոլ Փաշինյանի վարչապես նշանակումից դեռ մեկ շաբաթ առաջ։

«Աղմկոտ նշանակումը ստվերեց այնպիսի ոչ պակաս հակահեղափոխական նշանակումներ, ինչպես Արթուր Վանեցյանի քավորի ու բաջանաղի նախարարներ դարձնելը, Սասուն Միքայելյանի խիստ երիտասարդ զավակին քաղաքապետ դարձնելու կոպիտ փորձերը, մի շարք նախկին պաշտոնյաների որդիներին ու բարեկամներին տարբեր բարձր պաշտոնների նշանակելը։ Այս ամենը պարզ քաղաքական կոռուպցիայի օրինակներ են»,-տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Նրa խոսքով՝ պաշտոնակարգման այս նոր տրամաբանությունը թերեւս ցույց է տալիս, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը չունի լայն կադրային բազա, այլեւ՝ որ նա շատ գոհ չէ այն սկզբունքից, երբ բարձր պաշտոնների էին նշանակվում բացառապես իր հեղափոխական ընկերները։

«Փաստորեն, դեռևս մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտը, Նիկոլ Փաշինյանը ուզում է ավարտել հեղափոխությունը, քանդել բարիկադները, ձեռք մեկնել, պաշտոններ տալ պատի մյուս կողմում կանգնածներին, դրանով իսկ նոր բարեկամներ հավաքագրել»,-Նշեց Ենոքյանը՝ հավելելով. «Նրա պատկերացմամբ, նախկին սևերը այժմ կսկսեն դաշնակցել իր հետ, քանի որ տեսնում են, թե իրենց պաշտոնավարման հույսերը դեռեւս կենդանի են, եւ իրենց ավելի ձեռնտու կլինի լինել Նիկոլ Փաշինյանի թիմում, քան դիմադրել նրան՝ ինչ-որ անորոշ իշխանական վերադարձի հույսով»։

Աղասի Ենոքյանը սա սխալ մարտավարություն է համարում, քանի որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու ընտրական թիրախը ոչ թե մարդկանց այս խումբն է, այլ ժողովուրդը, «որը բավականին ցավագին է տանում հակահեղափոխական հայտարարվածներին որպես հեղափոխականներ վերակնքելու նրա հապշտապ փորձերը»։

«Չնայած կա բողոք, շատերը նաև կողմ են արտահայտվում այդ քաղաքականությանը»

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով, մինչդեռ, կադրային վերջին քաղաքականությունը հեղափոխական թիմի վարկանիշի վրա էական ազդեցություն չի ունենա. «Որովհետև մարդիկ անկախ ամեն ինչից, հակված են լինելու պաշտպանել հեղափոխական թիմին՝ մտածելով, որ դրանով ամրապնդելու են հեղափոխությունը, ամրապնդելու են սեփական դիրքերը, և թույլ չեն տալու, որ հակահեղափոխություն լինի»:

Մեր հիշեցմանը, որ Հունան Պողոսյանի նշանակման արդյունքում բողոքի ցույցեր եղան, քաղաքագետն ասաց. «Այո, բողոքի ցույցեր եղան, բայց ո՞ւմ օգտին են քվեարկելու դրա արդյունքում, սա է հարցը: Ակնհայտ է, որ նույն հեղափոխությանը մասնակից հանրության շրջանում կան դժգոհություններ, որոնք տարբեր կերպ են  դրսևորվում, արդյունքում,  չեմ կարծում, որ դրանք կհանգեցնեն հեղափոխական թիմի վարկանիշի անկմանը, այնուամենայնիվ մարդիկ մտածում են, որ հեղափոխությունը պետք է ինստիտուցիոնալիզացնել և ամրապնդել արդյունքները և հնարավոր չէ դա անել՝ չքվերակելով հեղափոխական հիմնական ուժի օգտին»:

Փաշինյանի վարկանիշի ոչ լուրջ, բայց որոշակի անկում կլինի, բայց, ըստ քաղաքագետի, հեղափոխական որոշ հատված կարող է քվեարկել հեղափոխական այլ ուժերի օգտին և իր բողոքը կարտահայտի այդ կերպ:

«Դա շատ լավ կլինի, որովհետև մենք կունենանք առողջ ընդդիմություն՝ դեմոկրատական օրակարգ պաշտպանող»,-տեսակետ հայտնեց քաղաքագետը:
Հարցին, թե հանրության բողոքը անտեսելու պարագայում հակահեղափոխության վտանգներ չի՞ տեսնում, քաղաքագետն ասաց, որ այս պահի դրությամբ չենք կարող հասկանալ, թե հեղափոխական հանրության որ մասն է գոհ կամ դժգոհ. «Մենք ընդամենը տեսնում ենք, որ հանրության մի մասը դժգոհ է, որ մասն է դա, չենք կարող իմանալ: Չնայած կա բողոք, շատերը նաև կողմ են արտահայտվում այդ քաղաքականությանը»:

Մարինե Խառատյան

Հ.Գ. Ի դեպ, մինչ հեղափոխանական իշխանության հայացքն ուղղված է նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին, կառավարության մեր աղբյուրները վկայում են, որ հեղափոխությունից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո վարչապետի աշխատակազմը պայամանագրերը չի շարունակել կառավարության մասնագետների մեծ մասի հետ: Խոսքը մինջին չինովնիկների ու աշխատակիցների մասին է, որոնք հանդիսացել են պրոֆեսիոնալ կորիզը:

Նրանց այսօր կառավարությունում փոխարինել են ՔՊ-ականներն ու նրանց ծանոթները, որոնք հիմնականում մասնագետ չեն ու պետական գործի հետ կապ չունեն: «Մի բանը 30 անգամ ասում ես, չեն հասկանում, բարձիթողի վիճակ է հենց կառավարության ներսում: Երիտասարդներ են եկել, որոնք և գործից չեն հասկանում, և փորձում են ինքնահաստատվել հին աշխատողների հաշվին, քանի որ նշանակվել են պատասխանատու պաշտոններում: Նաև, ինչն ավելի հիասթափեցնող է, չեն շտապում ուղղել նախկին իշխանության ընդունած սխալ որոշումները ու շտկել սխալները»,-փոխանցեց մեր աղբյուրը:

Արդյուքնում տուժում է գործը և թերևս, ճիշտ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «բարիկադ քանդելու» կոնտեքստում պետական ապարատի միջին պրոֆեսիոնալ, չվարկաբեկված խավին կադրային ռեզերվից վերադարձնի ու ոչ մասնագետ ՔՊ-կաններին ու նրանց մերձավորներին հեռացնի պետական ապարատից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest