Ալավերդու հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով դատավարությունը Վանաձորի դատարանում ընթանում է դանդաղ, ամիսը մեկ նիստ է նշանակվում: Երեկ՝ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ հերթական նիստը, իսկ մյուսը նշանակվեց նոյեմբերի 16-ին: Վանաձորի, Ալավերդու բնակիչները սրտատրոփ հետևում են իրենց քաղաքի հեղինակություն Վահագն Աբգարյանի ճակատագրին: Դատարանի դահլիճն այս անգամ էլ լիքն էր:

Սառնասիրտ սպանութուն, թե՞ ատելության ակտ

Նիստի ժամանակ ընթերցվեց մեղադրական եզրակացությունը: Վահագն Աբգարյանը, որի անունը շրջանառվում է Ալավերդին ալեկոծած սպանությունների, արյան վրեժի պատմություններում, մեղադրվում է ապօրինի կերպով զենք և փամփուշտներ ձեռք բերելու, իր սանիկին՝ Վլադիմիր Դավթյանին հանձնելու և նրա միջոցով Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար: Աբգարյանին նաև մեղսագրվում է Լոռու մարզային քննչական վարչության նախիկին պետ Թաթուլ Շուշանյանին և նույն վարչության երկու քննիչներին՝ Արտակ Հովհաննիսյանին և Արա Ներսիսյանին կաշառք տալը, որպեսզի Փիրուզյանի գործով քննությունը տանեն իր ցանկացած հունով: Մեղադրանքը ավելի ծավալուն էր, սակայն նախաքննության վերջին փուլում այն մեղմացվեց: Որպես հանցավոր արարքների դրդապատճառ մեղադրականում նշված է վրեժը:

«2016թ. մայիսի լույս 19-ի գիշերը, Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Փիրուզյանը … հրազենից կրակոցներ է արձակել Վահագն Աբգարյանի մտերիմներ էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի վրա, որի արդյունքում վերջինս տեղում մահացել է, իսկ էդուարդ Պողոսյանը ստացած հրազենային մարմնական վնասվածքներից երկու օր անց մահացել է հիվանդանոցում։ Նշված դեպքից հետո Վահագն Աբգարյանը նպատակադրվել է վրեժխնդիր լինել Վարդան Փիրուզյանից», — ասվում է մեղադրականում:

Աբգարյանը, իբր, լուրեր է տարածել, թե իրեն ցանկանում է սպանել Վարդան Փիրուզյանի եղբայր Կամո Փիրուգյանը։ Այդ ընթաքցում՝ ՌԴ է վերադարձել Վլադիմիր Դավթյանը, որը հանգուցյալ էդուարդ Պողոսյանի ընկերն էր: Աբգարյանը, ըստ քննչական խմբի, մտերմանում է Դավթյանի հետ: Դավթյանը նույնիսկ ոստիկանություն է ընդունվում՝ աշխատանքի, որպես հրաձիգ և շուտով ստանձնում է Վահագն Աբգարյանի անվտանգության ապահովումը։

Քննիչները գրում են, որ Վահագն Աբգարյանը «հոգեբանորեն ազդել է Վլադիմիր Դավթյանի վրա, նրան աստիճանաբար տրամադրել է իրականացնել Կամո Փիրուզյանի սպանությունը, 2017թ. հունվարի 3-ին Լոռու մարզի Օձուն գյուղի եկեղեցում նա կնքել է Վլադիմիր Դավթյանին՝ դառնալով նրա կնքահայրը։ Աբգարյանի և Դավթյանի կապը, ըստ մեղադրականի, արտահայտվել է ֆանատիկ դրսևորումներով, այն է՝ Դավթյանը, «ի նշան հավատարմության», կրծքին դաջել է տվել առյուծի գլուխ ու տակը գրել է «Վահագ»:

Սպանությունը կատարվել է 2017 թվականի հունիսի 13-ին, 12.10-ի շրջանում: Դավթյանը հետևել է Փիրուզյանին, նրա հետևից մտել է Թումանյան փոոցի վրա գտնվող ծաղկի սրահը և մարդաշատ վայրում «Մակառով» ատրճանակից վեց կրակոց է արձակել նրա ուղղությամբ, մոտեցել է, ևս 2 կրակոց է արձակել, այնուհետև «ոտքերով ու ատրճանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»։

Դավթյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը վստահեցնում է, որ Փիրուզյանին սպանելուց հետո Դավթյանը չի հարվածել նրան, ինչը բխում է նաև փորձաքննական եզրակացությունից: Բայց անգամ այս դեպքում սպանության այս եղանակը կարող է վկայել, որ Վլադիմիր Դավթյանը սառնասիրտ մարդասպան չէ, սպանությունը կատարել է ատելությունից դրդված, ապա ներկայացել է ոստիկանության բաժին և հանձնվել է: Այս գործն քննվել է նախորդ իշխանության օրոք, և, կարելի է ասել, որ մեղադրականն ամբողջությամբ Մարտի 1-ի գործով հայտի, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանի քննչական «հանճարի» արգասիքն է:

«Ես խելագա՞ր եմ, որ 12-ից 20 տարի «սռոկով» առանց որևէ գումարային շահի սպանեմ»

Դեռևս մեղադրականը կարդալուց առաջ ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանը, որին մեղադրում են պատվերով սպանություն կատարելու համար /Քր. Օր.-ի 104-րդ 2-րդ մաս, 8-րդ կետ/, հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իր վրա ճնշումներ են գործադրվել, իրենից պահանջվել է ցուցմունք գրել Վահագն Աբգարյանի դեմ: Հիշեցնենք, որ նախկինում Վլադիմիր Դավթյանին մեղադրում էին «սպանության հոդվածի» առաջին մասով՝ «ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»:

Դավթյանը ասաց, որ վարչապետին դիմում-նամակ է գրել և ցանկանում է ստանալ իր նամակի պատասխանը: Լսելով դատավորի՝ ընթացքի մասին ձեզ կտեղեկացնենք, բառերը, նա էմոցիոնալ ելույթ ունեցավ. «Բայց կարող է ոչ մի ընթացք էլ չլինի: Ես քիլլեր չեմ, որ հենց էնպես սպանությունը անեմ, առանց ոչ մի շահի: Ես պահանջում եմ հետքննություն, ինձ բազմիցս ճնշումներով տարել են «ԿԳԲ», բերել, վախծցրել են, եսիմ ինչեր են արել, որ ես ցուցմունք տամ մարդու դեմ, բայց ես ի՞նչ ա, ապո՞ւշ եմ:
Լավ, եթե «զակազ» ա, թող ինձ տանեն ստուգեն, հիվանդանոցում, կամ որևիցե համապատասխան տեղում, ես խելագա՞ր եմ, որ 12-ից 20 տարի «սռոկով» առանց որևէ գումարային շահի սպանեմ:

«Զակազը» անում են, ասենք, ավտոյի, փողի, գույքի դիմաց, բայց իմ շահը ո՞ւր ա, էդ զիբիլը, որ ինձ տենց բան ա ասում, թող ապացույց բերի, որ «զակազ» եմ արել, ո՞ւր ա պատասխանները», — բացականչում էր երիտասարդը, ապա նկատելով Փիրուզյանի իրավահաջորդի պաշտպան Լուսինե Սահակյանի ժպիտը, նա շրջվեց դեպի պաշտպան ասելով. «Մարդ ա մահացել, շա՞տ ա խնդալու»: Դատավորը նախազգուշացում արեց Դավթյանին ոչ պատշաճ վարք դրսևոելու համար:

Ալավերդու Վահագը ևս դիրքորոշում հայտնեց: Նա ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որ մեղադրականը սկզբից մինչև վերջ սուտ է: «Անհասկանալի է, պարզ չի, բոլորը աբսուրդ է: Ինձ թվում է, դատական պրոցեսի ընթացքում ամեն ինչ կպարզվի, սուտ, փուչ, նույն ՀԿԳ վարչությունում սարքած գործ ա: Չեմ ուզում ամպագոռգոռ հայտարարություններ անեմ, բայց համոզված եմ, որ ճշմարտությունը կպարզվի, մանավանդ, երկրում այս փոփոխություններից հետո: Հենց երկրում փոփոխություններ եղան, ՀԿԳ-ն եկավ կատվի պես, մկան պես հոդվածները վրայիցս հանեցին», — ասաց Աբգարյանը: Նա նաև հայտնեց, որ տուժողի իրավահաջորդի պաշտպանը պրովոկացիայի ենթարկեց Վլադիմիրին:

«Ծիծաղելը ես համարում եմ պրովոկացիա: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», — ասաց Վահագն Աբգարյանը: Այնուհետև որոշվեց ապացույցների հետազոտման կարգը՝ իրեղեն ապացույցներ, վկաների հարցաքննություն, ամբաստանյալների հարցաքննություն: Նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրողն այլ դատական նիստի էր շտապում:

«Գնա, մեր տանից զենքը վերցրու և սպանի». հիմնական գործող անձը Արկոն է

Նիստից հետո Forrights.am-ի հարցերին պատասխանելով, տուժողի իրավահաջորդի պաշտպան Լուսինե Սահակյանը հետևյալ դիտարկումն արեց Վլադիմիր Դավթյանի ելույթի վերաբերյալ: «Նա կարծում էր, որ կդատվի 104 հոդվածի առաջին մասով, և հասկանալի է, որ այս գործի քննության ընթացքում նա շատ վրդովվել է, գործի նյութերը ուսումնասիրելիս կտեսնեք, թե ինչպես են փոփոխություներ տեղի ունենում: Նրա կատարած արարքը համապատասխանում է այն հոդվածներին, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել»:

Վլադիմիր Դավթյանը և նախաքննության փուլում և հիմա հայտարարում է իր նկատմամբ տեղի ունեցած ճնշումների մասին, չե՞ն եղել ճնշումներ: «Խնդիրն այն է, որ նա ցուցմունք չի տվել, որ ասենք, որ նա ցուցմունքը տվել է ճնշումների ազդեցության տակ», — ասաց Լուսինե Սահակյանը: Ըստ նրա, սա այն բացառիկ գործերից է, որը հիմնված է ոչ միայն ցուցմունքների, այլև գաղտնալսումների վրա: ԱԱԾ-ն որոշակի պահից ունենալով տեղեկություններ, նախաձեռնել է օպերատիվ հետախուզական միջոցառում, որի արդյունքում գաղտնալսվել են Վահագն Աբգարյանը և մյուսները:

«Գաղտնալսումներում երևում է, որ կա պատվեր: Խայտառակություն է, որ Աբգարյանն ասում էր՝ հեղափոխությունը եղավ, հոդվածները հանեցին, չպիտի հանեին այդ հոդվածները, Վահագն Աբգարյանը պետք է շնորհակալ լինի, որ այդ հոդվածներևը չեն մեղսագրվել իրեն: Ավելի ծավալուն պետք է լիներ մեղադրանքը», — ասում է տուժողի իրավահաջորդը:

Զրուցեցինք նաև Վահագն Աբգարյանի և Վլադ Դավթյանի պաշտպան Հակոբ Ճարոյանի հետ: Ճարոյանին Վլադի վրդովմունքը հասկանալի է, քանի որ նա հայտնել է, որ զենքն իրեն տվել է ոչ թե Աբգարյանը, այլ նրա աջ ձեռքը համարվող Արկոն՝ Արթուր Մնացականյանը, ինչի վրա քննիչներն ուշադրություն չեն դարձրել: Արթուր Մնացականյանը ակտիվորեն համագործակցել է նախաքննության հետ: Նա միակ ցուցմունք տվողն է Աբգարյանի, ինչպես նաև Լոռու մարզային վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի դեմ:

«Վլադ Դավթյանը իր ցուցմունքներում մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է կատարել սպանությունը: Նա սպանության օրը գտնվել է Սանահին-Սարահարթում, զբաղված է եղել իր ավտոմեքենայի վերանորոգմամբ: Իրեն է զանգահարել գործով վկա Արթուր Մնացականյանը, ասել է՝ Կամո Փիրուզյանը ներկա պահին գտնվում է շուկայում, գնա, մեր տանից զենքը վերցրու և սպանի: Ավելի մանրամասն նա կրկնել է իր ասածը Արթուր Մնացականյանի հետ առերեսման ժամանակ: Սակայն նախաքննական մարմինը այս ցուցմունքը չվերլուծեց»:

Արկո Մնացականյանը թերևս այս պատմության ամենախորհրդավոր և առանցքային «հերոսն» է: Նա Աբգարյանի մանկության ընկերն է եղել, որին ալավերդցի «հեղինակությունը» անվերապահորեն վստահել է: Ավգարյանի բոլոր հանդիպումները տեղի են ունեցել Արկոյի միջոցով:

Մեզ հայտնի դարձավ, որ Կամո Փիրուզյանի սպանության գործով նախաքննության ընթացքում Մնացականյանին խարդախության մեղադրանք է առաջադրվել, որը արագ վերացվել է: Հայտնի է նաև, որ Արկոն ահռելի պարտքեր ունի, ազարտային խաղերի սիրահար է: Մեր փորձերը նրան հանդիպելու ապարդյուն էին: Ըստ որոշ տեղեկությունների, լինելով այս գործով առանցքային վկա, նա ներկայումս գտվում է ՌԴ-ում: Վերջերս սակայն ցանկություն է հայտնել վերադառնալ և պատմել այն, ինչ գիտի:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest