Ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանը, ով արդեն 23 տարի իր պատիժն էր կրում բանտում, այսօր պայմանականորեն ազատ արձակվեց։
Վաղաժամկետ ազատ արձակվելու համար Օգանեսյանը 2 անգամ դիմել էր ՔԿՀ-ին, սակայն ՔԿՀ-ն բացասական եզրակացություն էր տվել, ուստի դատարանը չի բողոքարկել որոշումները: Չնայած այդ հանգամանքին, այսօր դատապարտյալը դատարան մտավ հանգիստ և խաղաղ տրամադրվածությամբ: 13 տարի անցկացնելով Կալիֆորնիայի բանտում, 2009թ-ից Կարենն իր պատիժը կրում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղից դատարան է ներկայացվել դրական բնութագիր:
«Կարեն Օգանեսյանը պատժի կրման տարիներին դրսևորել է պատշաժ վարքագիծ, երբեք խնդիրներ չեն եղել նրա հետ կապված, փախուստի դիմելու հավանականությունը Կարենի դեպքում գրեթե բացակայում էր, բացի դրանից, ՔԿՀ-ում անցկացրած տարիների ընթացքում 2 տարի աշխատել է որպես թարգմանիչ, մասնակցել՝ մարզամշակութային միջոցառումներին: Ուստի գտնում եմ, որ նրան վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը ենթակա է բավարարման»,- դատարանին հայտնեց «Նուբարաշեն» ՔԿՀ սոցիալ-հոգեբանական և իրավական աջակցության բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանը:
Պաշտպան Միհրան Պողոսյանն իր հերթին դատարանին ներկայացրեց ՔԿՀ-ի կողմից ներկայացված դրական բնութագիրը, Օգանեսյանին աշխատանքի տեղավորելու մասին կազմակերպության գրավոր առաջարկը և հավելեց՝ պատիժը կրելու ընթացքում իր պաշտպանյալն ամուսնացել է և այս պահին իր խնամքի տակ ունի 2,5 տարեկան երեխա.
«Եթե դատարանը բավարարի և վաղաժամկետ ազատ արձակի Կարեն Օգանեսյանին, ապա սա կարող է նախադեպ և լավ օրինակ լինել մյուս դատապարտյալների համար: Ցույց տա, որ լավ վարքի դրսևորման դեպքում հնարավոր է մի օր էլ նրանք վաղաժամկետ ազատ արձակվեն»,- նշեց պաշտպան Պողոսյանը:
Դատարանը խոսքի իրավունք տվեց նաև դատապարտյալ Կարեն Օգանեսյանին: Վերջինս խոսեց բավականին հուզված, առանձնահատուկ շեշտելով՝ հենց սկզբից ընդունել է առաջադրված մեղադրանքը և անկեղծորեն զղջացել կատարվածի առթիվ.
«Դեպքը տեղի է ունեցել 1996թ. ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բեւեռլի Հիլզ քաղաքում: Այդ օրն աշխատանքս ավարտելուց հետո հանդիպել եմ ընկերոջս ու իր հետ գնացել ենք ընկերուհուն տեսնելու: Երբ մենք 3-ով խոսում էինք, ագրեսիվ վիճակում մեզ մոտեցան մի քանի մեքսիկացի: Սկզբից չեմ նկատել, որ ընկերոջս հետ վիճում են, քանի որ մի փոքր հեռու կանգնած խոսում էի ընկերուհու հետ: Հանկարծ 2 կրակոց լսեցի, շրջվեցի ու տեսա ընկերս ընկած է, դեմքն էլ՝ արնաշաղախ է: Իմ և ընկերոջս անվտանգությունից ելնելով արագ հանեցի ինձ ամրեցված ատրճանակը, որն աշխատանքի բերումով օրինակ է ինձ տրվել, ու 2 անգամ կրակեցի մեքսիկների ուղղությամբ: Միայն հետո եմ իմացել, որ նրանք մահացել են»,- դեպքը մանրամասնեց Օգանեսյանը և մի քանի րոպե լռեց՝ զգացմունքները կառավարելու համար:
Չմտածված սպանություն կատարելու մեղադրանքով, այդ ժամանակ 21-ամյա Կարենը, ԱՄՆ-ի քրեական օրենսգրքով դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Հատկանշական է, որ այդ թվականներին Հայաստանում պատժի կրման առավելագույն ժամկետը 15 տարին էր, առավել ծանր հանցագործություն կատարած անձիք դատապարտվում էին գնդակահարման։ Միայն 2003թ-ից հետո ՀՀ նախագահի հրամանով մահապատիժը փոխարիվեց ցմահ ազատազրկմամբ: Կարեն Օգաննիսյանը Հայաստան տեղեափոխվեց 2009թ.-ին:
Ցմահ դատապարտյալն այսօր հատուկ շնորհակալություն հայտնեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ դրական բնութագրի համար, ապա ընդգծեց՝ եթե իրեն հնարավորություն տրվի ազատության մեջ հայտնվելու, խոստանում է արդարացնել բոլոր սպասելիքները:
Դատավոր Մկրտչյանը՝ լսելով կողմերին, 30 րոպեով հեռացավ խորհրդակցական սենյակ: Այդ ընթացքում դահլիճում գտնվող Օգանեսյանի հարազատները մոտեցան նրան: Forrights-ի հետ զրույցում դատապարտյալը հույս հայտնեց, որ դատարանը կբավարարի միջնորդությունը և ազատ կարձակի իրեն. «23 տարի այս օրվան եմ սպասել»,- ասաց նա:
Դատարանը նիստերի դահլիճ վերադառնալով որոշում կայացրեց բավարարել միջնորդությունը և հենց դատարանի դահլիճից 10 տարի ժամկետով վաղաժամկետ ազատ արձակել Կարեն Օգանեսյանին: Դահլիճը բուռն ծափահարություններով ողջունեց դատարանի որոշումը: 23 տարի բանտում անցկացրած դատապարտյալը խոստովանեց, որ մինչև վերջին պահը կասկածում էր, որ ազատ կարձակվի:
Պաշտպան Միհրան Պողոսյանը Forrights-ի հետ զրույցում արձանագրեց, որ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ցմահ ազատազրկման դատապարտված անձը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվում ոչ հիվանդության հիմքով.
«Տարիներով ձևավորված մշակույթ կոտրվեց այսօր. դատարանը և դատախազը փաստական հանգամանքների հիման վրա օբյեկտիվ դիրքորոշում հայտնեցին: Այս որոշումը մյուս դատապարտյալների համար լավ օրինակ և հիմք կարող են հանդիսանալ, որ վերանայեն իրենց վարքագիծը»,- նշեց փաստաբանը:
Հավելենք, որ Հայաստանում շատ հազվադեպ են պատահում այն դեպքերը, երբ դատարանը բավարարում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին ՔԿՀ-ի կամ պաշտպանական կողմի միջնորդությունը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: