Աղասիկի մերկ, լաթերով ծածկված մարմինը «ուազով» ուղարկեցին տուն․ զոհվածի հայրը պաշտոնական ստեր է բացահայտում

0
14240

Գեղաշեն գյուղի բնակիչ Դերենիկ Մկրտչյանի տանը երկաթյա լռություն է: Հյուրասենյակի կենտրոնում որդու՝ Աղասի ոսկեզոծ նկարն է, մահվան ծաղիկները՝ ճերմակ մեխակները կողքին: Սեղանին թղթեր են, որոնց վրա Դերենիկը անընդհատ նույն գծագիրն է անում՝ խրամատ, բլինդաժ, այստեղ Աղասը խփվեց, այստեղ ընկավ, այստեղ կրակողն էր դարանակալած։ «Առաջին օրը հայտարարեցին՝ թշնամու գնդակից է զոհվել, մի երկու օրից ասին՝ Արցախի հանրապետության քաղաքացին կրակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Եղավ, որ Արցախը մեր թշնամին է»։

Աղասիկի հայրը խոսում է բարկացած, վրդովված, արտահայտություններում ինքն իրեն հաշիվ չի տալիս։ Որդու մահից հետո նա գնացել է դեպքի վայր և բացահայտել է, որ որդու մահվան հանգամանքները քննող քննիչը, զորամասի ղեկավարությունը, պաշտպանության նախարարության պաշտոնյաները՝ բոլորն իրեն ուզում են խաբել։ Զորամասի, քննիչի, որդու ծառայակից ընկերների բառերն իրար չեն բռնում, մեկը մյուսին հակասում են:

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանը ծառայում էր Մարտակերտի ,,Ինտերնատներ՚՚ կոչվող զորամասում։ Սա ամենավատ կարգապահություն ունեցող զորամասներից է, որտեղ հաճախ են քրեական դեպքեր տեղի ունենում։

Մկրտչյանը զոհվել է սեպտեմբերի 26-ին: Այսպես է հետևում Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրությունից, չնայած զինծառայողի սպանությանը վերաբերող ոչ պաշտոնական տվյալ ստույգ չէ։ Ընտանիքը կասկածում է, որ Աղասին ավելի շուտ է զոհվել, քանի որ մինչև մարմինը տեղ են հասցրել, այն արդեն սկսել է փտել։ «Երեխիս մարմնին հոտ էր կպել», — ասում է Դերենիկ Մկրտչյանը։


Սեպտեմբերի 27-ին Արցախի պաշտոնական ատյանները հաղորդեցին սուտ տեղեկություն։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ասաց, որ զինծառայողը զոհվել է հայրենիքը պաշտպանելիս, իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նրան հետմահու պարգևատրեց «Մարտական ծառայություն» մեդալով։

Մի քանի օրից քննչական կոմիտեն պարզել է, որ ոչ թե հակառակորդն է սպանել սերժանտին, այլ նրա ծառայակիցը: ՙՙՆախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը՚՚, — ասվում է ՔԿ տարծած տեքստում։

Կրակողը կալանավորված է և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` «Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը», որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Օրենսգիրքը նախատեսում է սույն հանցանքի համար երեքից ութ տարի։ «Մի երեք տարի կնստի տղիս սպանողը, դուրս կգա», — ասում է Դերենիկ Մկրտչյանը։ Ըստ քննության պաշտոնական վարկածի, որը և ներկայացրել են ծնողին, սերժանտը զոհվել է թյուրիմացության արդյունքում։ Նա գնացել է սահման, դիտարկման, վերադարձել է, զենքը մաքրել է, նորից գնացել է։ Խրամատում հերթապահը հարցրել է գաղտնաբառը, Աղասին չի ասել, ծառայակիցն էլ կրակ է բացել։ «Երեխուս վրեն տասնութ փամփուշտ կար, քննիչը ութն է հավաքել, մնացածը չեն գտել», — պատմնում է հայրը։

Նա բազմաթիվ իրարամերժ, հակասական տեղեկություններ է ստացել ։ Նախ, հորը հայտնել են, որ որդին մահացել է հոսպիտալում, երեկոյան 21.20 -ի սահմաններում։ Սակայն, գնալով Արցախ, հայրը պարզել է, որ Աղասին չեն հասցրել հասցնել հիվանդանոց, որ նա մահացել է հոսպիտալի ճանապարհին։ Հորը ներկայացրել են, որ ծառայակիցը որդու վրա կրակել է 20 մետր հեռավորությունից։ Հայրը մտել է խրամատ, իր ձեռքով չափել է հեռավորությունը և համոզվել է, որ որդու ծառայակիցը նրա ուղղությամբ մահացու կրակոցները արձակել է 1 ու կես մետր հեռավորությունից։

«Ո՞նց կարող էր ղարաբաղցի զինվորը մեկ ու կես մետրից չճանաչել իր ընկերոջը», — հարցնում է զոհվածի մայրը՝ Մագդա Մկրտչյանը։ Այս մեկ ու կեց մետրը անմիջապես կասկածի տակ է դնում պաշտոնական վարկածը, հավանական դարձնելով դիտավորյալ սպանության վարկածը։ Այլ ստեր էլ են կախել ծնողների ականջներին։ Օրինակ, փորձել են ցերեկային ժամին նկարահանված տեսագրությունը ներկայացնել որպես Աղասի Մկրտչյանի մահվան վերաբերյալ կադրեր։ «Գնացի, տեսա, մի հատ սպիտակ կետ կապիկի նման թռվռում ա, ինձ ասին՝ տղեդ ա, նայա, սաղ երևում ա։ Երևի, բոլոր ծնողներին էդ նույն զապիսն են ցույց տալիս», — եզրակացրել է Դերենիկ Մկրտչյանը։ Նա համոզված է, որ քննիչը օբյեկտիվ քննություն չի կատարում:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին հարցրեցինք, թե որտեղից են ստացել տեղեկությունը, թե սերժանտ Մկրտչյանը զոհվել է հակառակորդի կրակոցից և նույնիսկ պարգևատրել են սերժանտին հետմահու։ Զարմանալաի պատասխան լսեցինք․ «Երբ որ կա պարգևատրում, ուրեմն, կա հիմք, մենք չենք խորանում, կան բաներ, որ մենք չպետք է հրապարակենք»։ Դուք պաշտպանության բանակի՞ց եք սուտ տեղեկությունը ստացել, որ հակառակորդի կրակոց է եղել։ Այս հարցին Արցախի նախագահի խոսնակը պատասխանեց․ «Դա արդեն իրենցից ճշտեք, մենք չենք մտնում այդ բաների մեջ»։

Մենք կապվեցինք Արցախի կայազորի քննիչի հետ։ Նա երրորդ թիվ նշեց՝ ոչ թե 20 մետրի վրա է կրակ արձակվել սերժանտի ուղղությամբ, կամ մեկ ու կես, այլ երեք։ Այլ տեղեկություն նա չհայտնեց, խորհուրդ տալով սահմանափակվել քննչական կոմիտեի հաղորդած տվյալներով։ «Մեղադրանքի ծավալ չի փոխվել, նույնն է՝ մարտական հերթապահության կանոնները խախտելը։ Մենք գործողություններ ենք ձեռնարկում օբյեկտիվ քննություն իրականացնելու», — ասաց քննիչը։

Եղե՞լ է արդյոք թշնամանք կալանավորված զինծառայողի և Աղասի Մկրտչյանի միջև։ Այս հարցի պատասխանը հայրը չգիտի, կարող է միայն ենթադրություններ անել, որ զորամասում լարված հարաբերություններ են ծագել իր որդու և հրամանատարի միջև։ Գնալով «Ինտերնատներ», ականատես վկայից նա պարզել է, որ որդու մահից մի քանի օր առաջ զորամասի հրամանատարը նրա ձեռքից վերցրել է բջջային հեռախոսը, ջարդել է այն և հրամայել է Աղասիին և մի քանի զինվորի, որ հեռախոսի թաղում կազմակերպեն։ «Մի գուցե, կապ ունի այս դեպքը երեխու մահվան հետ, մի գուցե աֆիցերի ջարդելուց հետո տղես քֆուր ա արել, հազար ու մի վարկած կարող ա լինի, երեխես վիրավոր վիճակում ասել ա՝ արա, դու ինձի խփիր, բայց քննիչը հեռախոսը գետնի տակից չէր հանում։ Ասեցի՝ ինչու չես հանում, կարող է, վրան մատնահետք կա, հազար բան կարող է մեջը լինել, ասում ա՝ էդքան էլ կարևոր չի», — պատմում է Դերենիկ Մկրտչյանը։

Հեռախոսի թաղումը զինվորին պատժելու եղանակ է, որը տարածված է Արցախի որոշ զորամասերում։ «Ոչ թե որոշ զորամասերում, այլ բոլոր զորամասերում էլ կատարում են հեռախոսի թաղումներ, երբ հրամանատար էի, ես էլ էի անում, ու ճիշտ են անում, որովհետև իրենք իրավունք չունեն հեռախոս ունենալու, որովհետև հեռախոս ունենալը իրենց անվտանգության խնդիրն է», — պատասխանեց Forrights.am -ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Դեպքի այլ մանրամասներին անդրադառնալ նա չցանկացավ, ասելով․ «Կա նախաքննություն, որի ընթացքում չեմ կարող որևէ բան մեկնաբանել»։

Պաշտպանության նախարարությանը, սակայն այլ հարցեր էլ կան, որոնց Արծրուն Հովհաննիսյանը չի ցանկանում անդրադառնալ։ Օրինակ, Դերենիկ Մկրտչյանը վստահեցնում է, որ պարբերաբար հագուստ է ուղարկել «Ինտերնատներ», քանի որ զինվորներին տրվում են վատ որակի, անհասկանալի չափսերի և ձևի հագուստ ու ներքնաշորեր, որոնք հնարավոր չէ կրել։ «Ասում էր՝ պապա, քաշում եմ շալվարը, մի ոտս չի մտնում, հազար դրամով էլ դրած ծախում են։ ՊՆ-ում ասեցի՝ հենց հիմա կամիսիա դիր, պատահական մտնենք էդ չաստը, մի հատ ղարաբաղցի չի ծառայում, պոստից իջնում են, էթում են տները, եթե յոթը երեխա կա, յոթը երևանցի են»« — ասում է հայրը։

Իր հարցերի պատասխանները փորձել է ստանալ պաշտպանության նախարարությունից։ Նրան ընդունել է Պ նախարարի խորհրդական, գեներալ Վարդան Ավետիսյանը, փափուկ բարձ է դրել հոր գլխի տակ ասելով մոտավորապես նույնը, ինչ Արծրուն Հովհաննիսյանը՝ քննություն է գնում, ամեն ինչ կպարզվի։

Մագդան ու Դերենիկը ամեն շաբաթ սպասում էին, որ որդին պետք է «օտպուսկ» գա։ Նրա արձակուրդ ստանալու ժամկետը լրացել էր, բայց չէին տալիս։ «Տղես ասեց, որ սաղ ստեղ ծանոթով են օտպուսկ գնում, ես էլ փորձեցի մեկին գտնել, չգտա։ Տղես ասեց, ոչինչ, պապա կգամ։ Չեկավ, բերեցին, տկլոր, ուազիկի մեջ, քրչերով ծածկած, մարմնին հոտ էր կպել երեխուս, ես հիմա նրան ումի»ց ուզեմ», — հայրը ասում է ու բառերը մնում են կոկորդում։ Դժվար է տեսնել արցունք թափող հորը։

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here