«Մինչև դաշնակցության ձայները որոշիչ դառնան, հնարավոր է ՀՀԿ-ում մարդ չմնա». Մանվել Սարգսյան

0
3840

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին որոշ ՀՀԿ-ականների երեկվա հայտարարությունը, ինչպես նաև Փաշինյան-Ծառուկյան հանդիպման արդյունքում ընդունված հուշագիրը, որով ԲՀԿ-ն այնուամենայնիվ համաձայնեց դեկտեմբերին գնալ արտահերթ ընտրությունների, ինչպես նաև խոստացավ, որ վարչապետի թեկնածու չի առաջադրի և չի սատարի որևէ թեկնածուի, էապես թուլացրեցին ՀՀԿ-ի դիրքերը:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ին հաջողվել էր կոնսոլիդացնել ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին և հանրային բողոքի միջոցով ԱԺ-ն ցրելու հնարավորությունը կանխող օրինագիծ ընդունել ԱԺ-ում:

Չնայած այժմ էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ ՀՀԿ-ն վարչապետի իր թեկնածուն ունենա Փաշինյանի հրաժարականի դեպքում, քաղաքագետ Մանվել Սարգսյանը համոզված է, որ ՀՀԿ-ն այլևս չունի անհրաժեշտ է 53 ձայնը՝ վարչապետի այլ թեկնածուի ընտրելու համար:

«ՀՀԿ-ն ասում է՝ չենք գնա ընտրության դեկտեմբերին, մեր վարչապետի թեկնածուին կառաջադրենք, բայց ո՞նց են ընտրելու: Առանց այդ էլ իրենք արդեն մեծամասնություն չունեին: Հերթով գալու են ասեն՝ այո, դեկտեմբերին ընտրություն ենք անում, ու կանեն»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շարունակելով.

«Գործիչները, որոնք իրենց հետևից ժողովուրդ չունեն, ոչ մի բան են: Իրենց թվում է, թե էդ մանդատների մեջ ուժ կա: Չկա, ժողովուրդ է պետք մեջքիդ»:
Ներկա պարագայում թերևս որոշիչ են դառնում ՀՅԴ-ի ձայները: «Մինչև դաշնակցության ձայները որոշիչ դառնան, հնարավոր է ՀՀԿ-ում մարդ չմնա, դաշնակցության ձայներն էլ օգուտ չունենան»,-հակադարձեց Մանվել Սարգսյանը՝ հավելելով. «Բոլորն էլ հուշագիր են ստորագրելու: Էդ հարցն արդեն լուծված պրծած է»:

Երեկ կառավարության շենքում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին վստահեցրել են, որ ՀՅԴ-ն չի փոխել է իր մոտեցումը արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետի մասով:

«Մենք ժամկետի մասին չենք ասել, մենք ասել ենք քայլերի ու գործողությունների մասին: Մենք ասել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար անհրաժեշտ են այն քայլերն ու գործողությունները, որոնք ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում: Երբ կկատարենք այդ քայլերը, ըստ այդմ պարզ կլինի, թե որ ժամկետն է ավելի խելամիտ»,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչը:

Ըստ Արսեն Համբարձումյանի՝ եթե այդ քայլերը հնարավոր է կատարել դեկտեմբերին, ուրեմն ընտրությունները կարելի է անցկացնել դեկտեմբերին: «Եթե դա իրատեսական չէ, ուրեմն այլ ժամկետ պետք է դիտարկել: Մենք կոնկրետ ժամկետ չենք ասել: Մինչ օրս ԱԺ դեռեւս չի ուղարկվել ԸՕ բարեփոխումների փաթեթը, կառավարությունը դեռ չի հաստատել, կուղարկի ԱԺ, պարզ կլինի, թե ինչքանով է իրատեսական»,-եզրափակել է ՀՅԴ ներկայացուցիչը:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ հանրային բողոքի միջոցով ԱԺ-ն ցրելու հնարավորությունը կանխող օրինագծով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն Փաշինյանի ձեռքում դրել են «ուժեղ փաստարկ, որ վերջինս հայտարարի, թե հակահեղափոխությունը գլուխ է բարձրացրել, և ժողովրուրդը մոբիլիզացվի՝ հասկացնելով, որ իրենք էստեղ ոչինչ չեն կարող անել»:

«Մինչ այդ ընտրություններում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են հասկացել, որ ժողովուրդն իրենց ձայն չի տալիս, չի հավատում: ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին թվացել էր, թե իրենք կարող են ինչ որ պլաններ մշակել, սեփական դիրքեր ուժեղացնել, կրկնում էին, որ պաշտպանել են հեղափոխությունը, այսօր հասկացել են, որ իրենք իրենցից բան չեն ներկայացրել և էն ժամանակ, և հիմա»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Փաշինյանին սատարելու մասին հայտարարություն անող ՀՀԿ-ականներին, Մանվել Սարգսյանի խոսքով՝ «դա կոչվում է առնետավազք, բայց հիմա առնետներին ընդունող չկա»:

«Դա ապացուցում է, որ ՀՀԿ-ում մարդիկ համոզիչ դիրքորոշում չունեն, հավատ չունեն, որ այն, ինչ իրենք անում են, իրենց նպատակներին կհասցնի: Հենց ՀՀԿ-ականների հավատն է կորել ՀՀԿ-ի հանդեպ: Պարզ է, որ էդ մարդիկ տեսնում են տանուլ տված խաղ: Տեսնում են, որ արդեն վտանգ են ներկայացնում երկրի համար, փախչում են պատասխանատվությունից»,-նշեց քաղաքագետը:

«Չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու հիմա կողմերը պետք է հավատարիմ մնան հուշագրին». Աղասի Ենոքյան

ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական իրավիճակը դեռևս չափազանց անորոշ է: «Այսինքն, պարզ չի, թե եթե վարչապետը հրաժարական տա, դրան ինչ կհետևի: Պարզ չի՝ վարչապետը կտա հրաժարական, թե ոչ»,-Forrigts.am-ին ասաց Ենոքյանը:

Ըստ նրա՝ ԱԺ-ի վրա հոկտեմբերի 2-ին առաջին ճնշման փորձն անհաջող ավարտ ունեցավ, քանի որ դրանով վարչապետին չհաջողվեց ստանալ ՀՀԿ-ի ու մյուս ուժերի համաձայնությունը՝ դեկտեմբերին գնալու ընտրության:

«ՀՀԿ-ականների այսօրվա սատարելը Նիկոլ Փաշինյանին կարելի է բացատրել ինչպես նրանց նկատմամբ պետական մարմինների հնարավոր ճնշումներով՝ ասենք ԱԱԾ-ի, հարկայինի և այլն, այնպես էլ որպես սովորական առնետավազք»,-նշեց Ենոքյանը:
Հարցին, թե կարծում է ճնշում է եղե՞լ Փաշինյանին սատարելու մասին հայտարարած ՀՀԿ-ականների վրա, քաղաքագետն ասաց. «Նման ճնշումներ պետք է լինեն: Ես կարծում եմ, որ էդ գործիքակազմը Նիկոլ Փաշինյանը պետք է օգտագործի: Ես չգիտեմ՝ եղել են, թե չէ, բայց սխալ կլիներ իր կողմից իր մեթոդոլոգիայի դեպքում նման ճնշումներ չօգտագործելը»:

Ըստ Ենոքյանի՝ քաղաքական ուժերը դեռ չեն ստացել մի կարևոր հարցի պատասխան. «Ինչու է անհրաժեշտ նախապես պայմանավորված մայիսից ընտրությունները տեղափոխել դեկտեմբերին: Եթե էդ հարցի վերաբերյալ լինի հստակ և համոզիչ բացատրություն, դա կարող է իրավիճակ փոխել: Դեկտեմբերին ընրությունը «ինքնասպանություն» կլինի ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի համար, քանի որ նրանք պլանավորել էին մայիսին գնալ ընտրությունների և պատրաստ չեն դրանց»,-ասաց Ենոքյանը:

Տեսակետ է շրջանառվում, որ նախկին իշխանությունն ուզում է հետաձգել արտահերթ ընտրությունը մինչև մայիս, որպեսզի հնարավորություն ստանա վարչապետին անվստահություն հայտնել: Այդ իրավունքը ԱԺ-ն ստանում է վարչապետի պաշտոնավարումից մեկ տարի անց: Այս առթիվ քաղաքագետն ասաց, որ վարչապետը կարող է համաձայնության գալ և, ասենք, ապրիլին անցկացնել ընտրությունները:

«Ճիշտ հանգուցալուծումը կոնսենսուային տարբերակի գնալն է: Այնուամենայնիվ, կարծես թե, ճնշումների և ուլտիմատումների լեզուն հիմա չաշխատեց: Հոկտեմբերի 2-ին առաջին դեպքն էր, որ Փաշինյանը հավաքեց ժողովրդին ու չստացավ իր ուզած արդյունքը»,- ասաց Ենոքյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ծառուկյան երեկ ստորագրված հուշագրին, քաղաքագետը թերահավատ է դրա արդյունավետության առթիվ. «Մի քանի ամիս առաջ Ծառուկյան դաշինքը մտավ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ: Հետո նրանք հայտարարվեցին «սևեր» և դուրս դրվեցին: Չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու հիմա կողմերը պետք է հավատարիմ մնան հուշագրին»:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here