Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության հոգևոր առաջնորդներս մեր խոր մտահոգությունն ենք հայտնում վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների և սոցցանցային էջերի կողմից կրոնական ատելության քարոզչության առնչությամբ։

Խնդիրն այն է, որ «Բլոգնյուզ» լրատվական կայքը, «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվը ներկայացնելով որպես «Կյանքի Խոսք» եկեղեցու էջ, զրպարտչաբար պնդումներ էր արել, թե իբր եկեղեցին տարածում է հակապետական նյութեր։ Հոդվածը վերնագրված էր՝ «Մոնթեն՝ դավաճան, ադրբեջանցիները՝ եղբայր․ «Կյանքի Խոսքը», շահարկելով Նիկոլ Փաշինյանի անունը, բացահայտ հակահայկական քարոզ է անում»։ Սա ոչ միայն վարկաբեկիչ սուտ է, որը վիրավորում է ավետարանական ընտանիքի հավատացյալ քրիստոնյաներիս ազգային-հայրենասիրական զգացումները, այլև այնպիսի արարք է, որը մի քանի տասնյակ հազար ընթերցողների շրջանում սերմանում է կրոնական թշնամանք։

Ավելին՝ «Դուխով Հայաստան» կեղծ էջը, տեղադրելով «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովվի նկարը, նրա անունից կատարել էր հակաառաքելական սուտ հայտարարություն՝ այդպիսով հրահրելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների ագրեսիան «Կյանքի Խոսք» եկեղեցու հոգևոր առաջնորդի և հավատացյալների հանդեպ։

Հարկ ենք համարում մեր բազմահազար հայրենակիցների անունից մտահոգության խոսք ուղղել ՀՀ կառավարությանը, պետական, իրավապահ մարմիններին և լրատվամիջոցներին՝ ուշադրություն հրավիրելով այն իրողության վրա, որ նմանատիպ անբարեխիղճ և հակաօրինական գործելաոճը հղի է վտանգավոր հետևանքներով։ Այս քարոզչության թունոտ նետերը ուղղված են ոչ միայն «Կյանքի Խոսք» եկեղեցու և նրա անդամների, այլև առհասարակ քրիստոնեական եկեղեցիների միջև փոխադարձ հարգանքի ձևավորման, պետություն-եկեղեցի և հասարակություն-եկեղեցի փխրուն հարաբերությունների ամրապնդման դեմ։

Ներկա իրավիճակում, երբ մեր պետությունն ու հասարակությունն անցնում են հանրային կյանքի և քաղաքական գործընթացների գերզգայուն փոխակերպումների ճանապարհով, կրոնական ատելության և թշնամանքի քարոզչությունը մենք գնահատում ենք ծայրաստիճան անպատասխանատու, պետության և ՀՀ քաղաքացիների ապահովությունն ու անվտանգությունը սասանող սադրիչ գործողություններ։ Դա խաթարում է նաև հայ հասարակության մեջ սիրո և համերաշխության մթնոլորտը, որը չափազանց կարևոր գործոն է երկրի զարգացման և բարօրության համար։ Մեր համոզմամբ՝ այս ամենը չկանխելու և համարժեք իրավական գնահատական չտալու պարագայում՝ դա կարող է հանգեցնել ավետարանական քրիստոնյաներիս հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կատարմանը։

Հաշվի առնելով այս արարքների վտանգավորության աստիճանը՝ Ավետարանական հավատքի «Կյանքի Խոսք» եկեղեցին արդեն իսկ դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 226 հոդվածի հիման վրա, այն է՝ կրոնական թշնամանքի հարուցում, և պատասխանատվության կանչել մեղավորներին։

Հայտնելով մեր լիակատար աջակցությունը «Կյանքի Խոսք» եկեղեցուն, որը մաս է կազմում Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության, հույս ենք հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն օբյեկտիվ քննություն, իսկ ՀՀ կառավարությունը կցուցաբերի պատշաճ հետևողականություն այս գործի ընթացքին։

Հարգանքով՝

Հայաստանի Ավետարանական Ընտանիքի
Եկեղեցիների Համագործակցության անունից՝

Գործող համակարգող՝
Հայաստանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների
«Միաբանություն» եկեղեցի`
Եպիսկոպոս, վեր. դոկտ. Ռուբիկ Թումանյան

Երևանի Ավետարանական եկեղեցի`
Վեր. դոկտ. Լևոն Պարտագճյան

Հայաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների
«Կյանքի խոսք» եկեղեցի`
Եպիսկոպոս, վեր. դոկտ. Արթուր Սիմոնյան

Հայաստանի Ավետարանական հավատքի եկեղեցիների միություն`
Վեր. դոկտ. Ռաֆայել Գրիգորյան

Շիրակի մարզի Ավետարանական-մկրտական եկեղեցի`
Վեր. Ռուբիկ Փահլևանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest