Այսօր ամբողջ աշխարհն իր հարգանքի տուրքն է մատուցում աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին:

Փարիզի պատմական՝ Հաշմանդամների տան բակը լեփ-լեցուն էր: Հազարավոր մարդիկ էին եկել հրաժեշտ տալու մեժանուն երգչին, նրանց թվում էին նաև Ազնավուրի ընտանիքի անդամները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տիկնոջ հետ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու իր կինը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը, Նիկոլա Սարկոզին կնոջ՝ Կառլա Բրունիի հետ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և այլք։

Շառլ Ազնավուրի աճյունը դուրս բերվեց «Դլե յաման» կենդանի կատարման ներքո: Շանսոնիեի դագաղը ծածկված էր Ֆրանսիայի դրոշով, որի հետևից տանում էին հայկական եռագույնի գույներով պատրաստված ծաղկեպսակ:

Հրաժեշտի արարողությունը սկսվեց Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգներով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ շուրջ ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ.

«Վաղինակ Ազնավուրյանին կարեկցանք չէր հարկավոր, այլ առաքելություն և նա գիտեր իր առաքելությունը, և այդ առաքելությունը Շառլ Ազնավուր դառնալու աներևակայելի ճանապարհն էր: Եվ նա երգեց, ու գրեց, և նա գրեց ու երգեց դատարկ և կիսադատարկ դահլիճներում և նա երգեց անհոգնել ու աննահանջ և մարդկությանը տվեց ժամանակ` հասկանալու և գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային մշակույթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնյակ տարիներ պետք է «պայթեցնի» աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները: Եվ նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրներ և ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը»,- իր ելույթում նշեց վարչապետը՝ ափսոսանք հայտնելով, որ առիթ չի ունեցել անձամբ ճանաչելու մեծանուն հային:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ խոսքով տարիքն Ազնավուրին չէր զրկել ապրելու, ստեղծագործելու, երգելու, սիրելու և ծիծաղելու խենթ ախորժակից.

«Բոլոր առաքինություններից Ազնավուրը կարևորում էր հավատարմությունը. հավատարմությունն իր ծնողներին, կնոջը՝ Ուլային, իր երեխաներին, հազարավոր ընկերներին: Նաև հավատարմությունը Հայաստանին: Նա Հայաստանի ընկերն էր, դեսպանը, բայց նաև որդին, որը վերադարձավ, երբ տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժը»,- ընդգծեց Մակրոնը, ապա հավելեց՝ Շառլն ընդմիշտ կմնա մեզ հետ, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 6-ին, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Հայաստանում և Արցախում եւս հոկտեմբերի 6-ը սգո օր է հայտարարված:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest