ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակը գլխավորած Նաիրա Զոհրաբյանը առաջիկայում պատրաստվում է դիմել դատարան։

ԱԺ պատգամավորը  զրպարտություն, ինչպես նաեւ իր  պատիվն ու արժանապատվությունը վիրավորել է համարել  քարոզարշավի ընթացքում ՖԲ սոցիալական հարթակում  մի քանի օգտատերերի  եւ ֆեյքերի կողմից վիրավորական արտահայտություններ,   նկարներ, ինչպես նաեւ իր  լուսանկարը տղամարդու  կոլաժներով տարածելը։

Նրա ներկայացուցիչ ՒնեսսաՎարդանյանը տեղեկացրեց, որ բացի հրապարակային ներողություն խնդրելուց իրենք «Քաղաքացիական օրենսգրք»-ով սահմանված կարգով  նաեւ գումարային պահանջ են ներկայացրել՝ փոխհատուցում մինչեւ 1 մլն դրամի չափով։ Արդեն որոշել են՝ գումարն ինչպես են տնօրինելու․

«Եթե ունենաք տիկին Զոհրաբյանի օգտին դատական ակտ եւ բավարարվի գումարային պահանջը, ապա ամբողջ գումարն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդերից մեկին։ Ընդ որում՝  դրա մասին հայցադիմումում էլ ենք նշել, դա կլինի հրապարակային։  Այնպես չէ, գումարը վերցնի եւ դրանից հետո որոշի՝ տալ, չտալ, տնօրինի կամ չտնօրինի։ Այստեղ խնդիրը ոչ թե գումարային ակնկալիքն է, այլ ուղղակի պետք է սովորեն, որ պետք չէ վիրավորել»,- ասում է փաստաբան Ինեսսա Վարդանյանը։

Ըստ նրա՝ եթե անգամ չեն ընդունում նման քաղաքական գործչի, եթե չեն  ընդունում որեւէ անձի, ուղղակի կարող են գրել, որ  չեն  ընդունում այդ տեսակետը կամ  չեն հավանում այն ծրագրային դրույթները կամ կուսակցական տեսակետները,  որն ինքն է ներկայացնում։

«Խնդիրը դրա մեջ չէ, որ բոլորը  պետք է սիրեն անձին, այլ նրա մեջ է, որ մարդիկ ավելի կոռեկտ պետք է լինեն իրենց արտահայտությունների մեջ»,- ավելացնում է Ինեսսա Վարդանյանը։

Առայժմ փաստաբանը չի մանրամասնում, թե որ  օգտատերերի մասին է խոսքը, բայց դրանք մի քանիսն են։

Փոխարենը ակտիվիստ,  Սփյուռքի փոխնախարարի օգնականի պաշտոնը զբաղեցնող Անուշ Լալայանը հստակ գիտի՝ իր դեմ հայց է ներկայացվելու։ Դեռ երկու շաբաթ առաջ նա կանչվել է ոստիկանություն՝ Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ գրված ստատուսի համար  բացատրություն տալու։

Ըստ շրջանառող լուրերի՝ հայցադիմում է ներկայացվելու նաեւ «Իմ քայլը» ավագանու ցուցակի 17-րդ համարը զբաղեցնող Արամ Մանուկյանի դեմ։ Սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ, քանի որ  հայցադիմումը որպես այդպիսին դեռ չի ստացել։

Սուսաննա Պողոսյան

Pin It on Pinterest