«Ընդդիմադիր ուժերը սաստկացնում են հակադրությունը, քանի որ կորցնելու շատ բան ունեն»

0
2196

«Մարդիկ, որոնք այսօր սեղանի տակ պետք է թաքնված լինեին, սպառնում են։ Հայաստանում քաղաքական իրավիճակը գնահատում եմ լարված և հակված եմ կարծելու, որ ավելի է լարվելու: Ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը սաստկացնում են հակադրությունը, քանի որ կորցնելու շատ բան ունեն»,- խորհրդարանական վերջին զարգացումներին անդրադառնալով հայտարարեց Արա Պապյանը:

Ըստ քաղաքագետի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա նաև խորհրդարանի լուծարումը ռիսկային է, քանի որ ընդդիմադիր ուժերը կօգտվեն ստեղծված իրավիճակից և վարչապետի այլ թեկնածու կատաջադրեն:

«Վստահություն կա, որ նրանք անպայման կառաջադրեն իրենց թեկնածուն, որովհետև կանխել դա բավականին դժվար է լինելու։ Եթե խնդիրը գնում է 2 շաբաթ Ազգային ժողովի շենքը շրջափակած պահելու մասին, ապա դա անհնարին է, քանի որ պատգամավորները կարող են նաև իրենց քվեն ուղարկել գրավոր ձևով։ Մյուս կողմից, եթե առաջադրում են վարչապետ, դա հանգեցնելու է բախումների, ուստի պետք է գործել այն տրամաբանությամբ, որ երկրում հեղափոխություն է կամ հեղափոխության փորձ, քանի որ ապօրինության վրա չի կարող օրինականություն խարսխվել: Հակահեղափոխական ուժերն այնպիսի  գործողությունների կարող են դիմել, որ մեր մտքով էլ չի անցնում»,- ասաց Պապյանը և հավելեց` պետք է «պլեբիսցիտ» անցկացվի` համաձա՞յն է ժողովուրդը  խորհրդարանը ցրել, թե՞ ոչ:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ իր հերթին շեշտում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր համակարգ է կառուցում և այս պահին  Հայաստանին անհրաժեշտ է լյուստրացիա: Վերջինս նշում է, որ օրենսդրական բազմաթիվ այլ ճանապարհներ կան` խնդիրը կարգավորելու համար:

«Չեմ հավատում հանրապետականներին, որ նրանք կհամաձայնեն՝ մայիսին կամ մարտին լինեն ընտրություններ: Նրանք ամեն օր զրպարտում են Հայաստանը, օգտագործում են իրենց մանդատները միջազգային կառույցներում`ստեղծելով սխալ տպավորություն: ՀՀԿ-ն ասում է` հայ ժողովուրդն իրենց սպառնում է, որ ժողովուրդը լավը չի և այլն, սակայն նրանք պարտավոր են հանդիպել ժողովրդի հետ: Այս պահին քաղաքական էլիտան խորհրդարանում անորակ է: Նրանք հասկանում են, որ նոր խորհրդարանական ընտրությունների դեպքում ձայն չեն հավաքի, անգամ ընտանիքի անդամները չեն քվեարկի իրենց օգտին»,- իր համզմունքը հայտնեց Ստեփան Գրիգորյանը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here