Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներում ստացածներից է: 2014 թվականի մայիսին նա 12 տարվա ազատազրկման դատապարտվեց միաժամանակ երկու իրար հետ կապ չունեցող հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության՝ էլիտար շենքի կառուցման հետ կապված, եւ դատապարտյալ Ջեմալ Սլոյանի սպանությունը կազմակերպելու համար։ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, միջնորդ էր հանդիսացել սպանության պատվիրատուի՝ ռուսաստանաբնակ Մրազ Շարոյանի եւ կատարողի միջեւ։

Մրազ Շարոյանի հարազատի սպանության համար էր Սլոյանը դատապարտված, եւ նրա դեմ պետք է արյան վրեժ իրականացվեր՝ սա էր մեղադրանքի տրամաբանությունը։ Հետաքրքիր է, որ Ջեմալ Սլոյանը եկավ դատարան /դատաքննության ժամանակ նա արդեն ազատության մեջ էր — Ս․ Ս․/ և հայտարարեց, որ Հովհաննիսյանին չի ճանաչում, ազատազրկումը կալանավայրերում հանգիստ է անցկացրել եւ որ իրեն ոչ ոք չի ցանկացել սպանել:

Սամվել Հովհաննիսյանն իր մեղադրանքները չէր ընդունում, վստահ լինելով, որ շատերն են երազում իրեն «փակել»: Նա հակասություններ ուներ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, այլոց հետ, ուստի անմիջապես դատավճռի բողոքարկման գործընթաց նախաձեռնեց վերադաս դատարաններում:
Եւ հանկարծ, երբ Հովհաննիսյանի բողոքն արդեն վերաքննիչ դատարանում էր, Ամանորի նախաշեմին Սերժ Սարգսյանը ծանր հանցանքների համար դատապարտված նախկին պաշտոյնային ներում շնորհեց, այն դեպքում, երբ Սամվել Հովհաննիսյանը անգամ ներման խնդրագիր չէր գրել:

Նախագահ Սերժ Սարգսյանի անբացատրելի գթասրտությունը ծանր հանցանքների համար երկարատև ազատազրկման դատապարտված նախկին պաշտոնյայի նկատմամբ, որը «բերդերի» համակարգը ղեկավարել է քոչարյանական արդարադատության մութ տարիներին, բացասաբար ընդունվեց հանրության կողմից:

Սամվել Հովհաննիսյանը հետ վերցրեց վերաքննիչ բողոքը, իր քայլը բացատրելով այսպես․ «Երկու տարուց ավելի տեւեցին նախաքննությունը, դատաքննությունը: Ես դա արեցի, որովհետեւ արդեն հոգնել էի քննություններից, տեսնում էի, որ դրանց վերջը չի երեւում»։ Բայց մտերիմներն ու հարազատները լավ գիտեին, որ կալանավայրերի նախկին պետը գոհ չի ներման ակտից, և իրականանում ձգտում էր արդարացման: Եւ ահա, հեղափոխությունից հետո ՔԿՎ նախկին պետը կրկին որոշել է դարակներից հանել տալ իր գործը և դիմել գլխավոր դատախազին, արդարության հասնելու համար:

Forrights.am-ին տված բացառիկ հարցազրույցում քրեակատարողական համակարգի նախկին պետը մի քանի բացահայտում արեց: Պարզվում է, նա ուսումնասիրել է Սերժ Սարգսյանի ներման հրամանագրերը, և հայտնաբերել է, որ իր գործով անցնող բոլոր դատապարտյալները իրենից մեկ ու կես տարի առաջ ներվել են նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Ո՞վքեր էին այդ անձինք:

-Մեկը սպանության հոդվածով դատապարտված Ջամալ Սլոյանն էր, որի սպանությունը ես, իբրև թե պետք է կազմակերպեի, մյուսն էլ Արկադի Սուքիասյանն էր, իմ ընկերը, ՔԿՀ նախկին աշխատակից, որի տունը խուզարկեցին և ավտոմատ գտան: Նա ընդունել էր, որ ավտոմատն իրենն է, և դատապարտվել էր ապօրինի զենք պահելու համար: Փաստորեն, նախագահ Սարգսյանը բոլորին ներում շնորհեց, վերջում էլ ինձ երկու տարի պահեց, նոր ներում շնորհեց: Այսինքն, նա ինձ ուզում էր պահել մինչև վերջ: Սա նշանակում է, որ գործը սարքովի էր, և նախագահը դա գիտեր նախորոք: Ինձ բռնեցին, պահեցին, իմ քրեական գործում անգամ հանցադեպ չկար, ոչ թե հանցակազմ: Բայց բերեցին, սարքեցին, վերջում էլ դատավճիռը կարդացին, հետո էլ շատ ամենավերջում ինձ ներում շնորհեց:

— Փաստորեն, այդ մասին դուք հիմա, այսինքն, 4 տարի անց եք իմացել:

— Ես պատահական եմ իմացել, հրամանագրերն եմ ուսումնասիրում նախագահի, և պատահական աչքս կպավ իմ գործով անցնող անձի՝ Սուքիասյան Արկադիի անվանը: Իմ ընկերն է եղել, ես նրա դեմ վատ չեմ տրամադրված: Նա ինձ տեսել էր, և ասել էր, որ պայմանական է ազատազրկված, բայց, փաստորեն, ներում էր ստացել նախագահից: 2013 թվականի սեպտեմբերին սպանության համար 12 տարվա դատապարտված Ջամալ Սլոյանի պատժաչափը կրճատել է 3 տարով, և իմ դատաքննության ժամանակ նա ազատ էր արձակված: Դատավորը նույնիսկ զարմացավ, երբ իմացավ, որ Սլոյանը, որը 12 տարվա ազատազրկման պատժաչափ էր ստացել, ազատության մեջ է: Լավ արեց նախագահը, որ նրանց թողեց, բայց թող ինձ էլ թողներ, ոչ թե ինձ մեկ տարուց ավելի պահեր, իսկ հետո էլ ինձ ներում շնորհելը որպես անգնահատելի արարք որակվեր:

— Ի՞նչ եք անելու հիմա:

— Պետք է պայքարեմ, որ արդարությունը վերականգնվի: Անարդար են վարվել, ստացվում է, որ մինչ ես դատարանում էի, այդ գործով բոլորին ներում է շնորհել: Բայց այդպես չի լինում: Ուրեմն, նախագահն իմացել է, որ իմ գործը սարքած է, ու շարունակել է ինձ հանցագործ սարքել:

— Ինչո՞ւ էին, ըստ ձեզ, այդ գործը ձեր դեմ գործ «սարքել»:

— Ինձ վրա պետք է մի բան սարքեին, բայց սա «կպավ»: Դա պետք էր, որ ես առաջխաղացման ոչ մի հույս չունենամ, վարկաբեկեցին որպես հանցագործ:

— Այսինքն, որ դուք, որը իրենց համար ծանր ժամանակներում՝ հոկտեմբեր 27, և այլն, կալանավայրերն եք ղեկավարել, հանկարծ պաշտոն չուզե՞ք:

— Դատեք ինքներդ: Իմ քրեական գործում ոչ թե հանցարարք, անգամ հանցադեպ չկա: 16 հատոր գործ սարքեցին, որում իմ կողմից կատարված որևէ գործողության փաստ չկա: Էլիտար շենքի պահով, որը «Սամոշ» ՍՊԸ-ն էր կառուցում, դատախազի տեղակալը՝ Սարգսյան Մնացը, խորացավ և ապշած էր: Ասեց հսկող դատախազին՝ քաղաքացիա-իրավական հարաբերութունը բերել եք, քրեաիկրավակա՞ն եք սարքում: «Տոնուսի» գործը կհիշեք: Այնտեղ 122 խախտում կար, նյութերով քրեական գործի հարուցումը մերժեցին, համարելով, որ քաղաքսցիաիրավական է վեճը: Իմ գործով երկու խախտում էին հայտնաբերել ընդամենը և որակեցին որպես խարդախություն: Կամ ինչո՞ւ էր այդ գործը քննում ԱԱԾ-ն: Չ՞է որ ես նախկին պաշտոնյա էի, ՀՔԾ-ին պետք է տային: Բայց հանձնարարեցին ԱԱԾ-ին, որովհետև ԱԱԾ-ի քննած գործերը դատարաններում հեշտությամբ «անցկացնում» էին: Ես քննիչներին չեմ մեղադրում: Նրանց հանձնարարված էր, որ գործ սարքեն: ԱԱԾ քննիչը, չեմ ուզում անունն ասել, հիմա նա բարձր պաշտոնի է, ինձ ասեց՝ ես մեղավոր չեմ, տեսեք, ձեր գործով ինչ հանձնարարականներ են տրվում, և միացրեց բարձրախոսը, և ես լսեցի իմ գործով դատախազի՝ Հովսեփ Սարգսյանի հրահանգները: Իմ քննիչն ասեց՝ ես կարող եմ հրաժարվել այս գործից, բայց դրանից ոչինչ չի փոխվելու, գործը ընդամենը գնալու է կողքի սենյակ: Ես վստահաբար կարող եմ ասել, որ դատախազությունը ճնշում գործադրեց նաև դատարանի վրա, որ դատավճիռ կայացնի: Եւ այս մարդիկ հիմա գաղտնալսումներ են անում, փորձում են ցույց տալ, թե՝, իբր, դատավորներին ճնշում են, քննություններ են ուղորդում:

— Գաղտնալսման հետ կապված, ի՞նչ կասեիք, որպես «օպերտիվ» աշխատանքի հին գիտակ:

— Կասեմ, որ դա ցինիզմ է։ Կապ չունի, թե ով է ԱԱԾ տնօրենը: Ինչո՞ւ Գորիկ Հակոբյանի ժամանակ համարձակություն չէին ունենում նման բան անելու, գաղտնալսելու: Կտաներ, կգնդակահարեր: Ի՞նչ է, խելոք տղանե՞ր են տեսել, որոնք չեն ուզում իշխանություն չարաշահեն, իրենք էլ առիթից օգտվո՞ւմ են: Մոռացե՞լ են, իրենց ժամանակ ոնց էր:

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Փաշինյանը համաներում չի իրականացնում:

— Չեմ կարծում, թե Նիկոլը չուզեց համաներում անել: Նրան չթողեցին:

— Ո՞վ:

— Չեմ կարող հստակ ասել, բայց կա իներցիա իրավապահ մարմիններում, դատախազությունում, ոստիկանությունում: Տարիներ շարունակ ինչո՞ւ Հարությունյան Հայկը չէր թողնում, որ համաներում լիներ: Մեկնաբանում էին, որ հանցագործները կազատվեն, դուրս կգան, նոր հանցագործություններ կկատարվեն, չբացահայտվածները կավելանան, և այլն: Միակ չափանիշը դա էր:

— Բայց դա աբսուրդ հիմնավորում է, ո՞նց դա կարող է անցնել:

— Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին իր հեղինակության համար պետք է համաներում հայտարարի: Չ՞է, որ համաներումը առաջին մարդասիրական քայլերից է, որ հաղթած հեղափոխության երկրներում արվում են:

— Դուք կալանավայրերի վարչության պետ եք եղել 2003 թվականին, երբ Հայաստանում մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: Տեսել եք խոհանոցը այդ որոշման: Ինչպե՞ս եղավ, որ Քոչարյանը ստորագրեց նման ակտ:
— Այդ ձևակերպումները Քոչարյանինը չէին: 8 իրավաբաններ միջնորդել են, որ Քոչարյանը այդ 103-րդ հրամանագիրը ստորագրի, և դրանցից գլխավորը Դավիթ Հարությունյանն էր նրանց թվում, Վրեժ Գասպարյան կար, Տիգրան Բարսեղյան, Ջեմմա Հակոբյան, ներման հանձնաժողովում էլի մարդիկ կային, բոլորին չեմ հիշում։

— Եւ ինչպես եղավ, որ տարիների համապատասխանությունը չկիրառվեց 42 -ի համար:

-Հետո կիրառվեց: Երբ որ աղմուկը բարձրացավ, նախագահը հանձնարարեց Գագիկ Ջհանգիրյանին, որը գլխավոր դատախազի տեղակալն էր, և նա այս 42-ի դատավճիռները համապատասխանեցրեց ազատազրկման 15-20 տարվա: Բայց նա էլ իրավուքն չուներ նման բան անելու: Դատարանը պետք է համապատասխանեցներ: Օրենքը սահմանում էր, որ այդ ժամանակահատվածում կատարված հանցագործության համար նախատեսվում է մահապատիժ, կամ 15-ից 20 տարի: Հիմա դու պետք է կամ մահապատիժ տաս, որը տվել էին, իսկ եթե մահապատիժը վերացնում ես, մնում է 15-20 տարի: Այսինքն, դատարանը պետք է տար ըստ հանցանքի՝ 10, 15, կամ 17 տարի, յուրաքանչյուրի գործը առանձին նայելով: Բայց դատարանը չարեց:

— Ինչո՞ւ իրենք չարեցին դա դատարանով:

— Ես ունեմ իմ կարծիքը։ Պետք է համապատասխանեցներ Էրեբունու դատարանը, քանի որ բոլորը «Նուբարաշենում» էին նստած, իսկ Էրեբունու դատարանի նախագահը ո՞վ էր: Սուրեն Կոստանյանը: Բա ինչպե՞ս կարող էր Դավիթ Հարությունյանը նրան նման ծանր լուծ հանձնարարեր: Սուրիկը հերը կանիծեր, կասեր՝ էդ ի՞նչ բեռի տակ ես ինձ գցում: Հետո, Դավիթ Հարությունյանը Քոչարյանի հետ ի՞նչ արեցին: Մահապատժի դատապարտյալներից դիմումներ վերցրեցին, ներում խնդրեցին: Նա ինձ հանձնարարեց, որ ես վերցնեմ դիմումները, ես չարեցի: Իհարկե, բոլորը չգրեցին: Բայց մեծ մասը ներում խնդրեցին Քոչարյանից, նախագահն էլ ներեց մահապատիժը, բայց դարձրեց ցմահ:

— Բայց չսպանեց, չ՞է

— Փաստացի սպանեց:

Սամվել Հովհաննիսյանը ժամանակին այս երկրի ամենատեղեկացված անձանցից էր։ Նա ՔԿՎ ղեկավարն է եղել նաև 1999 թվականի հոկտենբերի 27-ին և դրանից հետո, բազմիցս խոստովանել է, որ իր պաշտոնավարման տարիներին այս կամ այն անձին խոշտանգման հրամաններ են եղել:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest