Երեւան քաղաքի ընդահանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։ Գործով անցնող 10 ամբաստանյալներից այս պահին ազատության մեջ է գտնվում 7-ը. վերջիններիս խափանման միջոց կալանքը փոխարիվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով, ստորագրությամբ եւ պատգամավորական անձնական երաշխավորությամբ։ Շարունակում են անազատության մեջ գտնվել Պավլիկ Մանուկյանը եւ ոստիկանների սպանության մեջ մեղադրվողներ Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը։

Այսօր նիստը սկսվեց գործով տուժող ճանաչված Արթուր Հարությունյանի հարցաքննությամբ, ով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ եղել է գնդում եւ պահվել պատանդի կարգավիճակում։ Նա դատարանում ցուցմունք տվեց՝ մանրամասնելով գնդում գտնելու ժամանակ տեղի ունեցած դեպքերը.

«Հուլիսի 17-ի առավոտյան եղել եմ հերթապահության։ Լսեցի ուժեղ ձայն, արագ դուրս եկա ու փոշու ամպ տեսա, դիմացն էլ՝ «ԿՌԱԶ» մակնիշի մեքենա։ Ինձ թվաց՝ վթար ա։ Մոտեցա, որ օգնեմ, էդ ժամանակ Պավլիկ Մանուկյանը զենքը պահեց ու ստիպելով տարավ հերթապահ մաս.

«Ձեր դեմ բան չունենք, չկրակեք, զենքերը ցած դրեք»,- ասում էր Պավլիկը։

7 օր մնացել եմ պատանդի կարգավիճակում։ Խոշտանգումներ, բռնություն կամ որեւէ հայհոյանք չի եղել, սակայն մեր տեղաշարժը մեր կամքով տեղի չի ունեցել։ Այդ օրերի ընթացքում մենք լինում էինք մեր հանգստի սենյակում, գիշերը՝ գնում ննջասենյակ»,- մանրամասնեց տուժող Հարությունյանը։

ՊՊԾ գնդի տարածքից տուժողը դուրս է եկել հուլիսի 23-ի առավոտյան։ Նրան են մոտեցել «Սասնա Ծռեր» խմբի անդամներից մի քանիսը եւ հայտնել, որ կարող է գնալ։ Պաշտպանական կողմը փորձեց ճշտել՝ արդյո՞ք բավարար օգնություն կցուցաբերվեր ամբաստանյալների կողմից, եթե պատանդներից մեկը դրա կարիքն ունենար։ Տուժող Հարությունյանը, բավականին ժամանակ վարանելով, ապա մի տեսակ դժկամությամբ պատասխանեց. «Կցուցաբերվեր, կօգնեին հաստատ»։

Հետագա բոլոր հարցադրումներին, տուժողը բավականին վրդովմունքով սկսեց պատասխանել։ Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը հարցադրումներ անելու ժամանակ բորբոքվեց, երբ Հարությունյանը հայտարարեց, որ Սմբատն իր հետ կոնֆլիկտ է հրահրել։ Լարված մթնոլորտ տիրեց դատարանում. Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց եւ 20 ժամով Բարսեղյանին հեռացրեց նիստերի դահլիճից։

Դատարանն ավարտված համարեց տուժող Արթուր Հարությունյանի հարցաքննությունը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest