«Հաղթելու է ժողովուրդը, որովհետև ժողովրդի կամքը անշրջելի է և դրա դեմ որևէ գործողություն դիտվելու է արկածախնդրություն»

0
1698

Երեկ գիշեր խորհրդարանի բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ինքնահրաժարականի ծրագիրը որպես դեկտեմբերին արտահերթ ընտրությունների հասնելու ճանապարհ, միանշանակ չի ընդունվել թե որոշ քաղաքագետների, թե սոցցանցերի որոշ օգտատերերի կողմից:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը շատ վտանգավոր քայեր է ուզում ձեռնարկել: Եթե հրաժարական տա այն ակնկալիքով, որ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ նոր վարչապետ չեն առաջադրի ու չեն ընտրի՝ ինքնախաբեություն է: Հաստատ խաբելու են և ժողովուրդը ոչինչ չի կարողանալու անել: Փաշինյանը չպիտի հրաժարական տա: Կա այլ ճանապարհ և դա հանրաքվեի միջոցով ԱԺ ցրելն է»:

«Նա պարզապես իրավունք չունի այդքան հեշտությամբ հավատալու մարդկանց, ովքեր բնավ շահագրգռված չեն իրենց խոսքը պահելու հարցում»,-գրել է Պապյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդարական Նիկոլայ Բաղդասարյանը Forrigts.am-ին այդ մտահոգության առթիվ ասաց, որ իրենք քննարկել են հնարավոր բոլոր սցենարները և ընտրվել է արտահերթ ընտրություններ իրականացնելու ամենարագ սցենարը:

«Բավական երկար բոլոր ճանապարհները քննարկել ենք, ծանրութեթև ենք արել: Հնարավոր բոլոր իրավիճակները քննարկել ենք»,-ասաց վարչապետի խորհրդականը՝ շարունակելով. «Բոլոր ճանապարհների դեպքում էլ վտանգ կա»:

Ըտս Փաշինյանի խորհրդականի՝ Սահմանադրական հանրաքվեի միջոցով  Սահմանադրությունը փոխելու դեպքում էլի հետո կանգնելու էինք խնդրի առաջ՝ արդյոք պատգամավորները կգնայի՞ն ինքնալուծարման, թե՞ ոչ:

«Վարչապետին տրվելու էր մեկ տարի, որից հետո ԱԺ-ն իրավունք էր ստանում իրեն հետ կանչելու ու իրեն ցանկալի վարչապետին նշանակելու: Այդպիսով՝ գնդակը հայտնվելու է ներկա ԱԺ-ի դաշտում, ինչը մեծ ռիսկեր է պարունակում»,-մանրամասնեց Բաղդասարյանը:

Մյուս՝ առավել պակաս ռիսկային ճանապարհը, ըստ վարչապետի խորհրդականի, համաժողովրդական քվերակությունն է՝ պլեբիսցիտը, որը արտասահմանադրական գործընթաց է և կարող է խնդիր առաջացնել լեգիտիմության հետ: «Դրա արդյունքում հասարակության կարծիքի հիման վրա կատարվում են որոշակի քաղաքական պրոցեսներ: Պլեբիսցիտի դեպքում գործընթացի ռիսկը մեծ չէ, ԱԺ-ն լուծարվում է ժողովրդի որոշմամբ, համաժողովրդական քվերակությամբ, բայց այստեղ լեգիտիմության խնդիր կա, քանի որ արտասահմանադրական գործընթաց է և միջազգային հանրության հետ հնարավոր է խնդիր լինի»,-նշեց խորհրդականը:

Նրա խոսքով՝ ամենաիդելական տարաբերակը կլիներ ԱԺ 2/3-ի որոշմամբ սահմանադրական փոփոխությունն ու ինքնալուծարումը, ինչի ճանապարհը խորհրդարանական մեծամասնությունը փակեց՝ ընդունելով երեկվա փոփոխությունը ԱԺ կանոնակարգ օրենքում: Նշենք, որ դրանով վերացվում է  համաժողովրդական ճնշման միջոցով ԱԺ-ն ցրելու հնարավորությունը և անգամ ԱԺ նիստերի տապալման դեպքում խորհրդարանը չի լուծարվում, ինչպես նախատեսված էր մինչ օրենքի ընդունումը:

Նիկոլայ Բաղադասարյանը կարծում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրի օրենքը՝ իրավիճակը չսրելու համար, և եթե դիմի Սահմանադրական դատարան, դա երկար պրոցես կլինի ու այդ ընթացքում հնարավոր է հասնել ներկա խորհրդարանի լուծարման Փաշինյանի մատնանշած տարբերակով:

«Ամեն ճանապարհ իր վտանգն ունի: Էնպես չի, որ Փաշինյանի հրաժարականից հետո իրենք կարող են իրենց վարչապետի թեկնածուին ընտրել: Դա կախված է ժողովրդի կամքից: Եթե ժողովուրդը չուզենա, որ իրենք բացի Փաշինյանից այլ անձի ընտրեն, իրենք չեն կարող դա անել: Եթե ժողովուրդը երեկվա պես հավաքվեց, իրենք ոչ մեկի չեն կարող ընտրել»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով. «Ռիսկեր կան բոլոր տարբերակներում, եթե ժողովուրդը չկանգնի վարչապետի կողքին: Եթե ժողովուրդը կանգնեց վարչապետի կողքին, ոչ մի տեղում էլ ռիսկ չկա»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Forrights.am-ի հետ զրույցում մատնանշեց, որ ԱԺ  երեք քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հստակ ասում են, որ համաձայն չեն դեկտեմբերին գնալ արտահերթ ընտրությունների: «Եթե չասենք՝ ընդհանրապես դեմ են արտահերթ ընտրություններին: Իհարկե կան ռիսկեր, բայց քաղաքական դաշտում այսօր չկան կուսակցություններ, որոնք բան են որոշում: Կա ժողովուրդ և Նիկոլ Փաշինյան»,-ասաց քաղաքագետը:

Հակահեղափոխությունը, ըստ Սաֆարյանի, Փաշինյանի հրաժարականով շանս չի ստանում: «Հակահեղափոխությունը կարող էր շանս ստանալ, եթե ունենար ժողովուրդ, իսկ նրանք ժողովուրդ չունեն: Նրանք ուղղակի չեն համարձակվի ու նրանց հետևից որևէ մեկը դուրս չի գա փողոց: Ինչպես՞ են հեղափոխություն անելու»,-հարց ուղղեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ հակահեղափխությունը պետք է հեղաշրջման գնա, որ կարողանա իշախանությունը վերցնել: «Ընդհանրապես չի կարելի որևէ բան բացառել, բայց այդ դեպքում իրենք անգամ ընտանիքներով Հայաստանում մնալու խնդիր կունենան»,-եզրափակեց Սաֆարյանը:

ՊՆ և ՆԳ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը Forrights.am-ին ասաց, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ԱԺ կանոնակարգ օրենքի երեկվա փոփոխությամբ վաբանկ են գնացել և դա նախապես մշակված ծրագիր է եղել: «Սա հո մի օրում չեղավ: Դա երեկ չէր պատրաստվել, բավական ժամանակ երևի մտածել էին, որ հնարավորինս հետաձգեն արտահերթ ընտրությունները»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Սահմանադրական այն ճանապարհը, որով պետք է իրականացնի արտահերթ ընտրությունների խնդիրը:

Ըստ նրա՝ իհարկե ռիսկեր կան, բայց ժողովրդի աջակցության պարագայում կարելի է այդ ռիսկերը բալանսավորել: «Եթե ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն արել են այս քայլը, կարող են նաև վարչապետի իրենց թեկնածուին ներկայացնեն, քվեարկել, բայց դա ոչ մի տեղ չի տանի: Մեր երկիրը կգցի ցնցումների մեջ, որը լի է վտանգներով: Ես կարծում եմ՝ իրենք երկար կմտածեն ու այդ արկածախնդիր քայլից կհրաժարվեն և կգնանք արտահերթ ընտրությունների»,-կանխատեսեց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ուզում է Սերժ Սարգսյանը կամ Քոչարյանը ղեկավարեն հակահեղափոխությունը, շանս չունեն իրենց ծրագիրը իրականացնել: «Կարծում եմ՝ հաղթելու է ժողովուրդը, որովհետև ժողովրդի կամքը անշրջելի է այս պահին և դրա դեմ որևէ գործողություն դիտվելու է արկածախնդրություն: Պետք է պատրաստվեն արտահերթ ընտրությունների»,-նշեց Քոչարյանը:

Նշենք, որ ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչները այսօր էլ հայտարարում են, որ դեմ են դեկտեմբերին խորհրդարանկան ընտրություններ անցկացնելուն ու պնդում են, որ դրանք պետք է անցկացվեն մայիսին:

 

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here