Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը

0
288

94 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:
Ցեղասպանությունից մազապուրծ Փարիզում հայ գաղթականների՝ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում ծնված որդին 60 տարուց ավելի թերևս ամենաճանաչված ու սիրված հայն է ողջ աշխարհում։

Մեր ժամանակների մեծագույն արվեստագետը շատ վաղուց արդեն կենդանի լեգենդ է, և դժվար է պատկերացնել այսօր ապրող այդ տարիքի մեկ այլ արվեստագետ ողջ աշխարհում, որն այդքան սիրված ու ճանաչված է միլիոնավոր մարդկանց կողմից և որի արվեստը տարբեր սերունդների, տարբեր ազգությունների ներկայացուցիչների համար այդչափ հոգեհարազատ ու սրտամոտ է եղել:

Միայն իրեն հատուկ հանճարեղ կատարումներով 60-տարուց ավելի Ազնավուրը երգեց սիրո, հավատարմության, դավաճանության ու ատելության, բոհեմի, միայնության ու տառապանքի և շատուշատ այլ զգացմունքների մասին՝ իր հազարից ավել երգերը 100 միլիոնավոր սկավառակներով տարածելով ողջ աշխարհում:

Իր լեգենդար կյանքում մեծ տեղ ուներ նաև իր հայրենիքը՝ Հայաստանը, որին օգնության հասավ 1988-ից՝ Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո և որի արտակարգ և լիազոր դեսպանն էր Շվեյցարիայում 2008 թվականից:
Այս տարի թավշյա հեղափոխությունից հետ մայիսի 11-ին նա իր բաց նամակն էր հղել իր ժողովրդին՝ շեշտելով․

«Ես հավանաբար աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ Հայաստանով և երբեք դա չեմ թաքցրել: Շնորհակալություն հայ ժողովրդին աշխարհին մարդասիրությունը ցույց տալու համար: Մեզ՝ սփյուռքի հայերիս համար մեծ հպարտություն էր ցույց տալ աշխարհին, որ կա մի փոքր երկիր, որի քաղաքացիները բացառիկ իմաստնություն և մարդասիրություն դրսևորեցին՝ ապացուցելով, որ բռնությունը խաղաղության և փոխըմբռնման ճանապարհ չի կարող լինել: Մեր պատմության ընթացքում շատ դժվարություններ ենք հաղթահարել: Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա մահվան բոթը լսելով, հանդես եկավ ուղիղ եթերում․ — «Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրը ասում էր՝ ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ, ջերմացրել է տանյակ միլիոնավոր, հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլևս մեզ հետ չի: Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի պատմության, մեր երկրի պատմության համար:

Մահացել է Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Եվ ես հիմա ուզում եմ պարզապես իմ վշտակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետության անունից, հայ ժողովրդի անունից իմ ցավակցությունը արտահայտել մեզ բոլորիս, ընդհանրապես ցավակցել հայ ժողովրդին, ցավակցել Ֆրանսիայի ժողովրդին, ցավակցել Շառլ Ազնավուրի ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին, նրա արվեստի սիրահարներին: Սա համամարդկային կորուստ է, որովհետև Շառլ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև վերազգային համամարդկային արժեքներ: Եվ այդ համամարդկային արժեքները դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությանը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here