Հունիսի 11-ին, փաստաբանների և քաղհասարակության առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրեց ստեղծել մի խորհրդատվական մարմին՝ իրավաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը պետք է օգներ նախագահին ՍԴ դատարանի անդամի արժանի թեկնածու ընտրել: Խումբն աշխատանքը ավարտել է դեռևս օգոստոսին: Նախագահն ունի իրավաբանների կարծիքները, և հոկտեմբերի առաջին օրերին կհրապարակի «ընտրյալի» անունը: Ընթացակարգն այս, որը տարածված է եվրոպական երկրներում, Հայաստանում կիրառվում է առաջին անգամ:

Նախագահը կատարեց հանրության պահանջը

Նախագահն արդեն ուներ ՍԴ դատավոր առաջարկելու տխուր փորձ: Մարտի 5-ին ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց նրա տեղը ՍԴ -ում թափուր է մնացել, եւ այն լրացնելու համար ՀՀ նախագահն ապրիլի 26-ին ներկայացրել էր մեկ անձի՝ Էմիլ Բաբայանի: Որեւէ այլ թեկնածու չէր առաջարկվել՝ ԱԺ-ին այլընտրանքի հնարավորություն չտալով: Փաստաբանները, իրավապաշտպան ՀԿ-ները սուր քննադատության ենթարկեցին Արմեն Սարգսյանի այս քայլը: Բաբայանը, որը նախկինում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի տեղակալն է եղել, պաշտոններ է զբաղեցրել արդարադատության նախարարությունում, էթիկայի հանձնաժողովում, երբեք չէր աշխատել իրավունքի ոլորտում, կամ մի պաշտոնի, որում անկախ որոշում կայացնելու հնարավորություն ունենար, եւ հանկարծ, առանց որեւէ բացատրության, ՀՀ նախագահը նրան առաջարկում է բարձրագույն դատավորի պաշտոնում։ Մայիսի 4-ին ԱԺ-ն մերժեց նախագահի առաջարկած թեկնածուին: Ելք» և «Ծառուկյան» դաշինքները բոյկոտեցին քվեարկությունը, և Բաբայանը տապալվեց։ Այս անգամ Արմեն Սարգսյանը կատարեց քաղհասարակության պահանջը և փոխեց ընթացակարգը:

12 իրավաբան և 5 թեկնածու. դատավոր Սուրիկ Ղազարյանը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի

Այս անգամ ՍԴ դատավորի 5 թեկնածուներ են առաջադրված: «Մենք չենք կարող հայտնել թեկնածուների անունները, քանի որ նրանցից ոմանք չհրապարակման պահանջ են դրել» — հայտնեց մեզ աշխատանքային խմբում ընդգրկված սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, առանց բացատրելու, թե մյուսների անուններն ինչու չեն հրապարակում՝ նրանց, ովքեր դեմ չեն թափանցիկ ընտրության սկզբունքին: Սակայն մեզ հաջողվեց պարզել թեկնածուների անունները. փաստաբան Վահե Գրիգորյան, որի մեջքին փաստաբանների առավել հեղափոխական խումբն է և քաղհասարակությունը, Արդարադատության խորհրդի աշխատակազմի նախկին ղեկավար Իշխան Նազարյան /մարմինն այս ներկայում գոյություն չունի/, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավունքի տեսության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր Արթուր Վաղարշյան, Բաբկեն Սահրադյան՝ փաստաբան, նաև Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյան, որը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում և որի հետ հարցազրույցն անցկացվել է «Սկայպով»: Իրավաբանները, որոնք մասնակցել են նախագահի ստեղծած խորհրդատվական մարմնում 12 են՝ Էմիլ Տարասյան և Զորայր Հարությունյան /նախագահի աշխատակազմ/, Գևորգ Դանիելյան, /ԲԴԽ/, Նինա Փիրումյան /ՄԻՊ գրասենյակ/, Աննա Վարդապետյան /արդարադատության նախարարույթյուն/, Անահիտ Մանասյան /արդարադատության ակադեմիա/, Կարին Ղազարյան, /ֆրանսիական համալսարան/, Լևոն Գևորգյան /ամերիկյան համալսարան/, Արամ Վարդևանյանը /սլավոնական համալսարան/, Սամվել Դիլբանդյան /ԵՊՀ/, Տարոն Սիմոնյան /փաստաբանների պալատ/, Վահե Ենգիբարյան /ՀՀ դատավորների միություն/: ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովին ևս նախագահականից առաջարկվել է ներկայացուցիչներ ունենալ, սակայն պատգամավորներից արձագանք չի ստացվել:

Նախագահը 12 փակ ծրար է ստացել

«Ինչպես ցանկացած նորություն, կարող է և լավ, և վատ կողմեր ունենալ, բայց իմ կարծիքով, նորմալ ընթացակարգ էր, — Forrights.am-ին հայտնեց փաստաբանների միության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը, — դրական եմ գնահատում այն, որ պետական մարմինները, հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձինք խորհուրդ են հարցնում նաև այլ մարմինների ներկայացուցիչներից: Լավ կլիներ, որ այս փորձը տարածվեր: Ամեն ինչ գաղտնիության պայմաններում է ընթացել՝ անգամ խմբի անդամները տեղյակ չէին, թե ով ում օգտին է արտահայտվել; Փակ ծրարով յուրաքանչյուրս մեր նախընտրած թեկնածուի անունը գրել ենք և հանձնել ենք նախագահին»: Արդյո՞ք տպավորություն չունեք, որ ձևական է սա արվում: «Չեմ կարող ասել, մինչև արդյունքները չհրապարակվեն», — պատասխանեց փաստաբանը:

Վահե Գրիգորյանը վիճարկել է խմբի անդամների բարոյական իրավունքը

Հարցազրույցի ժամանակ արտառոց միջադեպ այնուամենայնիվ գրանցվել է: Թեկնածուներից Վահե Գրիգորյանը հարցազրույցից առաջ քննադատական ելույթ է ունեցել, հարցեր է տվել խմբի անդամներին, վիճարկելով ՍԴ անդամի ընտրությանը մասնակից լինելու նրանց իրավասությունը:

Ճի՞շտ է, որ Դուք նախագահի ստեղծած խմբի լիազորությունների սահմանադրականության մասին հարցեր եք տվել, նույնիսկ կոպիտ եք խոսել որոշ անձանց հասցեին: Վահե Գրիգորյանը մեր հարցին պատասխանեց. «Ոչ, մարդկանց վերաբերյալ ոչ մի կոպիտ բան չեմ ասել, մարմնի սահմանադրականության մասին էլ չեմ խոսել: Ես խոսել եմ որոշ անդամների՝ գործընթացին մասնակցելու սահմանադրականության մասին: Իմ՝ խորհրդատվական այս մեխանիզմի հետ կապված մտահոգությունները ես բարձրաձայնել եմ հենց հանձնաժողովի անդամնեի առջեւ, որոնք դրանք ամբողջությամբ ընդունել են, սակայն իրենց իրավասությունների տիրույթում չի եղել եղած կարգի փոփոխությունը։ Ես կարծում եմ, որ այս փորձը պետք է նկատի ունենալ հետագա նման գործընթացներում ավելի մշակված եւ արդյունավետ մեխանիզմի ներդման նպատակով։ Ցանկալի, որ այն այլւես ունենա օրենսդրական ամրագրում»:

Փաստաբանը չցանկացավ անուններ նշել, ասել, թե 12 իրավաբաններից ում չէր ցանկանա տեսնել նախագահի ստեղծած խմբում, սակայն հայտնեց իր կարծիքը խորհրդակցական մարմնի ձևաչափի վերաբերյալ: «ՍԴ դատավորի թեկնածուների ընտրության գործում նրանց մասնագիտական եւ բարոյական որակների ստուգման եւ դրանց մասին առաջադրելու իրավասույթյուն ունեցող մարմիններին խորհրդատվություն մատուցելու առումով այս մեխանիզմը դեռ մշակման եւ հստակեցման կարիք ունի։ Բայց արդեն իսկ ողջունելի է, որ գաղափարն ընդունելի է եղել, ներպետական բարձր դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցում իրավական մշակույթի էական փոփոխություն է արձանագրվել այսպիսի մեխանիզմի ներդրմամբ։ Ի դեպ, սա եղել է ի պատասխան ավելի քան 200 փաստաբանների կողմից կատարված առաջարկին։ Եւ ես շնորհակալ եմ կոլեգաներիցս այս հարցում ինձ հետ համաձայնելու եւ խնդիրը պետական մարմինների առջեւ բարձրաձայնելու համար»:

Ոչ խորհրդատվական էր, ոչ հեղինակավոր

Իր դիտարկումները իրավաբանների խմբի վերաբերյալ առանձին հայտարարությամբ ներկայացրել է նաև ՍԴ անդամի ընտրությունը դիտարկող «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն: Կազմակերպությունը մի շարք վերապահումներ է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կազմի և գործառույթների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է, որ աշխատանքային խումբը չի ստեղծվել բաց և թափանցիկ գործընթացների արդյունքում: «Սկզբունքներն ու չափորոշիչները, որոնց հիման վրա ընտրվել են խմբի անդամները, առնվազն անհասկանալի են: «Անհասկանալի և չպատճառաբանված են աշխատանքային խումբ ներգրավված համալսարանների և այդ համալսարանների ներկայացուցիչների ընտրության սկզբունքները: Չպատճառաբանված են նաև այն սկզբունքներն ու չափանիշները, որոնց հիման վրա Հայաստանում առկա մի շարք հասարակական կազմակերպություններից ընտրվել է

«Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» ՀԿ‒ն և դրա ներկայացուցիչը: ­Նույնքան անհասկանալի և չհիմնավորված են այն սկզբունքներն ու չափանիշները, որոնց հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Զորայր Հարությունյանը աշխատանքային խմբում ներգրավվել է որպես Հանրապետության նախագահի ներկայացուցիչ… աշխատանքային խմբից և որևէ մեկը չուներ բարձր դատական մարմիններում թեկնածուների ընտրության փորձառություն»:

Այս և մի շարք այլ դիտարկումների հիման վրա կազմակերպությունը եկել է եզրահանգման, որ նախագահը լուրջ չի վերաբերվում ո՛չ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման իր լիազորություններին և ո՛չ էլ Սահմանադրական դատարանին:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest