Հանրապետական մեծամասնությունը խորհրդարանում իրականության կեղծված արտացոլումն է

0
2543

Հայաստանի հասարակության կյանքում կատարվող փոփոխությունների, ներքաղաքական զարգացումների շուրջ Forrights.am–ը զրուցել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ:

Պարոն Թադևոսյան, Հայաստանում վերջին թեժ իրադարձությունը Երևանի ավագանու ընտրությունն էր: Սա տարբերվում էր մեծ մասշտաբի մեր նախորդ ընտրություններից, որոնք ավարտվում էին ցնցումներով, պարտված քաղաքական ուժի հանրահավաքներով: Ձեր կարծիով, ի՞նչ տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին, դա ի՞նչ էր մեր հասարակության համար:

Ըստ էության, չի կարելի ասել, որ այս ընտրություններն անցնցում էին: Միգուցե հենց ամենամեծ ցնցումն այս ընտրությունների հետ էր կապված, որովհետև ցնցումը տեղի էր ունեցել մինչև այդ: Սա ցնցումների հերթական ալիքն էր: Սա նման էր նրան, որ տեղի է ունենում մեծ երկրաշարժ, հետո այդ երկրաշարժը շարունակվում է մանր ցնցումներով: Նախորդներից հիմնական տարբերությունն այն էր, որ որևէ միջամտություն մարդկանց կամքի վրա տեղի չունեցավ: Մարդիկ ձայն են տվել իրենց նախընտրած ուժին` եղել է իրենց կամքի արտահայտումը, այլ բան է, թե այդ կամքն ինչպես էր ձևավորվել:

Որևէ մեկը` թաղային միջավայրից, թաղային խաժամուժից չէր մտել այդ գործարքի մեջ, իշխանությունը վարչական ռեսուրսը չէր օգտագործել, փող չէր բաժանվել: Նախկին բացասական երևույթներն այս անգամ չկային: Սա փխրուն փոփոխություն է, չի կարելի ասել, որ մեր հասարակությունը միանգամից փոխվեց, ուղղակի իրավիճակն է փոխվել: Ազատ ընտրությունը պետք է դեռ դարձնել մշակույթ: Դա մեծ աշխատանք է, որ պետք է տարվի հասարակության հետ: Իրական քաղաքական ուժ ներկայացնելու հայտ ԵՆ ներկայացրել ուժերը, որոնք ներկայացնում են հասարակության այս կամ այն խավի շահերը, ոչ թե նախկին իշխող կուսակցության նման, որը ներկայացնում էր բացառապես փոքրաթիվ մեծահարուստների բիզնես-շրջանակի շահերը:

«Իմ քայլը» դաշինքը հավաքեց 80 տոկոսից ավելի ձայն, ինչը շատ քննադատվեց: Մարդիկ եղան, որոնք սրա մեջ տեսան վերադարձ խորհրդային միակուսակցական համակարգ: Դուք այսպիսի բացարձակ հաղթանակի մեջ որևէ տարօրինակ բան տեսնո՞ում եք: Դուք քննադատո՞ւմ եք 80 տոկոսի երևույթը:

Տարօրինակ ոչինչ չկա, եթե մենք հարցին մոտենում ենք ըստ իրավիճակի: Իրավիճակը հեղափոխական է և բնական է, որ ընտրության արդյունքն էլ այդպիսին է: Մարդիկ ավելի շատ իրենց ձայնը տվել են իրավիճակը փոխող ուժին` հասկանալով, որ չկա որևէ այլ ուժ, որը կարող է պահպանել սկսված փոփոխությունը և շարունակել այդ փոփոխությունը: Եթե սա տեղի ունենար կայացած քաղաքական և կուսակցական համակարգի պայմաններում, իհարկե, սա քննադատելի է: Բայց այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը, ըստ էության, դեռևս քաղաքական կուսակցություն չեն և քաղաքական կուսակցություններ չէին նաև մյուսները:

Նույն ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը քաղաքական կուսակցություններ չեն: Նրանք միգուցե դեռ կայանալու խնդիր ունեն: Քաղաքական կուսակցությունները դրանք հստակ գաղափարական հստակ հենք ունեցող ուժերն են, որոնք հստակ են ներկայացնում իրենց գաղափարական տեսանկյունը` ծրագրերի միջոցով: Առայժմ մենք այդ տիպի կուսակցական համակարգ չունենք և այդ մեծ տոկոսը ցույց տվեց, թե ինչպես է հասարակությունն իր մեծ քվեն տալիս

Հայաստանում տեղի ունեցող պրոցեսին: Սա ավելի շատ հօգուտ պրոցեսի քվեարկություն էր, քան` հօգուտ ինչ-որ քաղաքական կուսակցության:

Հիմա քաղաքական դաշտում բուռն քննարկվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը: Բնական է` հեղափոխության կողմնակիցները և աջակիցները կողմ են դրան, որպեսզի դե ֆակտո իրավիճակը դարձնեն նաև իրավական փաստաթուղթ: Ըստ Ձեզ, բանակցությունները քաղաքական ուժերի միջև ինչպես կավարտվեն և ինչքանով է մեզ պետք ներկա փուլում արտահերթ ընտրություն անցկացնել:

Մենք պետք է նայենք, թե ինչպիսին է մեր իրողությունը: Իրողությունն այն է, որ Հայաստանում իշխանություն զավթած փոքրիկ կլանային կառույցը` ավտորիտար իշխանական համակարգը, որը շատ բնորոշ է հետխորհրդային երկրներին, կորցրեց իշխանությունը համաժողովրդական աջակցության հիմքի վրա ի հայտ եկած քաղաքական առաջնորդի և նրա շուրջ խմբված քաղաքական գործիչների գործունեության շնոհիվ: Իրողությունն այն է, որ եթե նման բան է տեղի ունեցել, ուրեմն էս պրոցեսը պիտի շարունակվի: Իսկ շարունակության համար ունենք հետևյալը:

Կա դրան դիմադրող ուժ, որը Հանրապետական կուսակցությունն է, որը նախկինում ոչ օրինական ձևերով հաջողեցնում էր մեծամասնություն վերցնել, պարզապես զավթել էր իշխանության կառույցները և ինստիտուները: Հիմա այդ ուժը դիմադրում է բնական մի պատճառով, քանի որ իրենք կորցնելու են նախկինում գողացածն ու թալանածը, և այն կարգավիճակը, որն իրենց թույլ էր տալիս այդ արտոնյալ կարգավիճակից հարստանալ: Նրանց իշխանությունը բացառապես պետք էր հարստություն դիզելու և այդ հարստությունը վերարտադրելու, պահպանելու, հավերժ իրենց որդիներին փոխանցելու:

Ես ուզում եմ թարմացնել մեր հիշողությունը: Մենք հիշում ենք, որ վաղ անցյալում հարստացած, 60-ն անցերի սերունդը իշխանությունը փոխանցում էր իրենց զավակներին: Արդեն իրենց զավակները դարձել էին կադաստրի պետ, քաղաքապետ, այս ու այն պաշտոնի էին նշանակվել: Ստեղծվել էր թագավորական-ֆեոդալական իրավիճակ, որը քողարկված էր այս ընտրական մեխանիզմով և տարբեր դեմոկրատական` պառլամենտական, վարչապետական ինստիտուտներով: Էս ուժի մոտիվացիան միայն դա է: Երբ իրենք խոսում են ժողովրդի ու պետության շահերի մասին, դրանք դեմագոգիա են և բոլորը դա հասկանում են:

Հիմա կա նոր առաջնորդի և գործիչների իշխանություն, մարդիկ, որոնց համակրում է հասարակությունը: Նրանք չեն ուզում Հանրապետականի կողմից ձևավորած ավտորիտար իշխանության տիպի իշխանություն:

Սա շատ հստակ ձևակերված հասարակական պահանջ է: Եվ հենց նախկին իշխանության բեկորները, կամ Ռոբերտ Քոչարյանն ուզում են ինչ-որ շարժում անել, առաջնորդը` Փաշինյանը, դիմում է հասարակությանը և հասարակությունը, անկախ նրանից, որ ինքը որոշ քննադատություններ ունի գործող կառավարության հանդեպ, բայց ինքը պաշտպանում է այս պրոցեսը: Դրա վկայությունը ավագանու ընտրությունն էր, և պորցեսի շարունակությունը նոր ազգային ժողովի արտահերթ ընտրությունն է` որպես անհրաժեշտություն:

Աբսուրդ է` Ազգային ժողովում ունենալ այլևս իշխանություն չունեցող կուսակցության իշխանություն` որպես մեծամասնություն, որը սաբոտաժի է ենթարկում Հայաստանում կառավարումը և ընդհանրապես` որոշումների կայացումը: Իրենք միայն մեկ նպատակ ունեն` խանգարել նոր ձևավորվող իշխանությանը: Նպատակն էլ այն է, որ անհաջողության մատնեն այս կառավարության կառավարումը, առաջանա անհաջողություն, և հետ գան իշխանություն` այդ անհաջողությունը շահարկելու միջոցով: Դրանք ուժեր են, որոնք թքած ունեն Հայաստանի ապագայի վրա: Նրանց ընդհանրապես չի հուզում էս պետության ապագան: Իրենց Հայաստանը հետաքրքրում է որպես մի կառույց, որտեղ կարելի է աստղաբաշխական տեմպերով հարստանալ:

Արտահերթ ընտրության գաղափարին որպես հակափաստարկ Հանրապետականներն ասում են, որ այս խորհրդարանը լեգիտիմ է ընտրվել, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ԵԼՔ դաշինքը ճանաչել է արդյունքները: Հիմա հարց` դուք ի՞նչ գործ ունեք լեգիտիմ խորհրդարանի հետ:

Կան իրավիճակներ, որոնք փոխում են նախկին քաղաքական իրողությունը: Հայաստանում այլևս արմատականորեն 0000000000000փոխվել է իրադրությունը և այս պահի վիճակով մենք կարիք ունենք նոր ընտրությունների, որպեսզի համոզվենք, թե արդյոք ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժը իրոք վայելում է հասարակության մեծամասնության աջակցությունը:

Բոլորը խորապես համոզված են, որ Հանրապետական կուսակցությունն այլևս չի վայելում հասարակության մեծամասնության վստահությունը և այն, որ ինքն այսօր մեծամասնություն է կազմում խորհրդարանում, դա իրականության կեղծված արտացոլումն է պառլամենտում: Այդ կեղծիքը` ջարդված հայելին, պետք է փոխել: Խորհրդարանը պետք է արտացոլի այն, ինչ այսօր հասարակությունում տեղի է ունեցել և որևէ մեկը չի կարող հաշվի չնստել այն փաստի հետ, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն: Դա հեղափոխություն է, որովհետև մի տիպի` ավտորիտար հասարակարգից փորձում ենք անցնել ժողովրդավարական տիպի հասարակարգի:

Մեր ժողովրդի մենթալիտետը, պատմական զարգացումը, նիստուկացը օգնո՞ւմ են ժողովրդավարական հասարակարգի անցնելուն, թե ոչ: Մենք պատրա՞ստ ենք որպես հասարակություն այլևս օրենք չխախտել, ծանոթ-բարեկամով գործեր չբռնել:

Մեր մոտեցումն այս հարցին պիտի չլինի էսպես շատ ընդհանրական, որովհետև ժողովրդի մեջ կան շատ տարբեր հատվածներ: Ես կարծում եմ, որ հեղափոխությունը դեռ շարունակվում է, ինքն ուղղակի մի փուլից մտել է մեկ այլ փուլ: Մենք հասարակության մեջ ունենք բավականին լավ արտահայված քաղաքացիական դիրքորոշմամբ հատված, որը հիմնականում կազմված է երիտասարդ մարդկանցից: Դա գլխավորապես ուսանողական երիտասարդությունն է, և նրան հետևող երիտասարդությունը: Հիմա այս հատվածը փորձում է հասարակության մեջ դառնալ առաջնորդողը, օրինակելին և օրինակ ծառայողն ու տարածողը: Եթե նախկինում կառավարող վերնախավում անօրինականության կողմնակիցներն էին, ամեն ինչ անում էին, որպեսզի լինեն մոնոպոլիաներ, անօրեն բնույթի հարստացումներ:

Ընտրությունների շրջանում մարդիկ տեսնում էին, թե ինչպես են կուսակցություները` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, փող բաժանելով դառնում մեծամասնություն: Այս անօրինականության գաղափարները տարածվում էր հասարակության մեջ, քանի որ մարդիկ մտածում էին` գոյատևման այլ ստրատեգիա իրենք չունեն: Սա փոխվել է և փոխվել է կառավարող վերնախավը: Այսօրվա իշխանությունն իր օրինակով է ցույց տալիս, որ շարժվում է օրենքով, ինքը չի հարստահարում և չի գողանում պետությունից, վարչապետը էկոնոմ դասի ինքնաթիռով է տեղաշարժվում, փոխվարչապետը հրաժարվում է մի քանի ծառայողական ավտոմեքենաներից: Այս պահին իրենք կարող են ունենալ որոշ սխալներ, բայց բոլորն են հավատում, որ մարդիկ ազնիվ են մոտենում իրենց գործին:

Ձեր կարծիքով, ի՞նչն է պակասում այս իշխանությանը: Տարբեր առիթներով մենք դժգոհություններ ենք լսում: Այսպես ձևակերպենք` այն մեր երազած իշխանությունից ինչո՞վ է տարբերվում ներկայիս իշխանությունը:

Մի քանի բան է պակասում: Նախ` այս պահին պակասում է ոտքերի տակ կայուն հող ունենալը, այսինքն` նաև Ազգային ժողովում ունենալ հենարան: Նախկին իշխանական ուժը բավականին խանգարող գործոն է դարձել: Երկրորդը կադրային խնդիրն է, ինչը նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել և ընդգրկել այնպիսի կադրերի, որոնք կերաշխավորեն կառավարման համակարգի պրոֆեսիոնալ գործունեությունը և հաջողությունը: Շատ էական է նաև քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների զարգացումը: Նրանք պետականաշեն գործընթացներին աջակցում են և մասնակցում: Մենք տեսնում ենք մամուլի տարբեր միջոցներ, որոնք, հասկանալի չէ, թե ինչ աղբյուրներից են սնվում, որովհետև մենք նախկինում գիտեինք, թե այդ ԶԼՄ-ների ֆինանսավորումն ինչպես էր տեղի ունենում: Դա կապված էր տարբեր օլիգարխների հետ, կապում էին կառավարող էլիտայի հետ: Այս խնդիրը լուծել է պետք, քանի որ մեզ անհրաժեշտ է անաչառ մամուլ, որը ոչ թե բանսարկություններով կզբաղվի, այլ կիրականացնի իրավիճակից քննադատական մեկնաբանում: Քննադատությունը շատ կարևոր է, բայց դա պետք է չլինի բանսարկություն և չարախնդություն, ինչը որ այսօր անում է «քննադատական» մամուլը:

Մեզ անհրաժեշտ է, որ իրականությունը հասարակությանը ներկայացվի օբյեկտիվորեն: Կառանձնացնեի նաև ճիշտ տնտեսական քաղաքականությունը, հատկապես ես կարևորում եմ մանր ու միջին ձեռներեցությանն աջակցող քաղաքականությունը, այնպես, որ այդ մարդիկ չնեղանան կառավարությունից: Նրանք վաստակում են ոչ մեծ գումար, ասենք` ամսեկան կարող են 3-ից 5 հազար դոլար եկամուտ ունենալ, կառավարությունը պիտի օրենքներն այնպես շարադրի, որ այդ մարդիկ եկամտի կորուստ չունենան` ինչքան վաստակում էին, գոնե այդքան էլ վաստակեն, եթե ոչ ավելին:

Օրինականություն պետք է մտնի մեր կյանք, բայց այդ օրինականությունը պետք է չհարվածի մարդկանց գրպաններին, ընդհակառակը, այդ օրիանականությունը պիտի օգնի մարդկանց գրպաններում գումարը շատացնելուն:

Հարցազրույցը վարեց Ռոբերտ Անանյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here