Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի ունեցավ Էրեբունիում ապրիլի 20-ին անչափահասների նկատմամբ մահակով բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբոր՝ Սարգիս Հակոբյանի և ընկերների գործով դատական նիստը:

Այս գործով տուժող է ճանաչվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդին՝ Դավիթ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Գագիկ Ազարյանին, Սարգիս Հակոբյանին, Սարգիս Բաղդասարյանին և Վլադիմիր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ հասարակական կարգը կոպտորեն խախտելու մեջ, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով:
Դատական նիստի ժամանակ որպես տուժողի երկրորդ ներկայացուցիչ ներգրավվեց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Դավիթ Ավետիսյանի մյուս պաշտպանը փաստաբան Մուշեղ Շուշանյանն է:

Ամբաստանյալների պաշտպան Տիգրան Աթանեսյանն այսօրվա դատական նիստին ներկաայցրեց քրեական գործը կարճելու վերաբերյալ երկու միջնորդություն, որոնք սակայն նախագահող Արթուր Մկրտչյանը թողեց առանց քննության:
Այնուհետև մեղադրողներն ընթերցեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չճանաչեցին: Դրանից հետո դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը: Սկզբում կհարցաքննվեն վկաները, այնուհետև տուժողները, ապա կհետազոտվեն գործում առկա իրեղեն ապացույցներն ու փաստաթղթերը, որից հետո կհարցաքննվեն ամբաստանյալները:

Գործում ներգրավված են ութ վկա, որոնց կհարցաքննեն հաջորդ դատական նիստին, որը կկայանա հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին:
Պատասխանելով հարցին, թե իր որդու նկատմամբ տեղի ունեցածը նա պատահականություն է համարում, թե դիտվորություն, Վարուժան ավետիսյանն ասաց.

«Անշուշտ ես համոզված եմ, որ ամեն ինչ եղել է ուղղորդված և շատ լավ իմացել են, թե ում նկատմամբ են դա անում: Դատական նիստի մասին էլ չեմ ուզում կանխակալ կարծիք հայտնել, չնայած՝ տեսնելով, թե դատական համակարգն ինչպիսի դիմադրություն է ցույց տալիս հեղափոխությանը, ավելի հոռետեսական կանխատեսում կարող եմ անել, քան լավատեսական: Բայց այս պահին ճիշտ չեմ համարում ընդգծված տեսակետ հայտնել»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Լիլիթ Թադևոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest