Մոտ երկու տարի առաջ, ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում կազմակերպված ցույցերին ակտիվորեն մասնակցած երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի համար անհասկանալի ու անընդունելի է Սարի թաղի դեպքերով հարուցված քրգործը կասեցնելու ՀՔԾ հիմնավորումը, թե մեղավորներին չեն կարողացել գտնել։
«Աչքներիս առաջ չէի՞ն նրանք»,-Forrights.am-ի հետ զրույցում հարց ուղղեց երգիչը՝ շարունակելով. «Սարի թաղի նման անկհայտ գործում մեղավորներին չտեսնե՞լ, երբ ամեն ինչը տեսախցիկների տակ է եղել, էդ բոլոր գործողությունները նկարահանված են, չէ՞, ի՞նչ է նշանակում՝ մեղադրյալին չեն գտնում։ Թող Լևոն Երանոսյանին, քաղաքացիների ուղղությամբ նռնակ նետող նրա եղբորը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, տաբլետկա կուլ տվողներին, դա բերող, տվողներին հարցնեն, կիմանան՝ ով է մեղավորը»։
Մոտ երկու տարի առաջ, հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում ցույցը ցրելու ժամանակ դաժան ծեծի էին ենթարկվել ու ոստիկանների կիրառած լուսաձայնային նռնակներից այրվածքներ էին ստացել բազմաթիվ քաղաքացիներ ու լրագրողներ: 47 անձ ստացել էր բեկորային վնասվածքներ, 36-ը` ենթարկվել էր ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել էին այրվածքներ: Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների պատճառով մեկ պատանի կորցրել էր աչքը:
Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել էր 99 քաղաքացի, որոնցից 23-ը՝ լրագրողներ: Լրագրողներից 19-ը ճանաչվել էին տուժող, 2-ը հարցաքննվել են որպես վկա։
Եվ ահա օրերս Հատուկ քննչական ծառայությունում քննվող Սարի թաղի դեպքերի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավող անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ։ Այդ մասին ՀՔԾ-ն տեղեկացրել է գործով տուժողներին՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, որ շարունակվում են դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելուն ուղղված անհրաժեշտ քննչական գործողությունները։
Ադ օրերին գործող հակաճգնաժամային խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը այսօր չի ուզում մտածել, որ միտում կա ՀՔԾ-ի գորղծություններում։ «Շատ կհիասթափվեմ, եթե էդպիսի մի բան լինի։ Ես կարծում եմ՝ հեչ պակաս կարևոր գործ չէ Սարի թաղի գործը բացահայտելը: Ժողովրդի վրա հարձակվողների, նռնակներ նետողների, էդ այլանդակությունների հեղինակների գործը բացահայտելը պակաս կարևոր չի, բոլորիս աչքի առաջ է էդ բոլոր եղել, և իհարկե պետք է պատասխանատվության ենթարկվեն էդ մարդիկ»,-շեշտեց Եղիշե Պետրոսյանը։
Սարի թաղի դեպքերից հետո երգիչ Եղիշե Պետրոսյանին ձերբակալել են և նա 12 օր կալանավորված է եղել․ «Բայց երբ դիմեցի դատարան, ինձ ասեցին՝ դու չես ձերբակալվել։ Այսինքն՝ ջրեցին ու վերջ, հա՞։ Դեպքից 12 օր հետո ինձ ազատել են կալանքից, որովհետև ակնհայտ զրպարտություն էր եղել իմ դեմ: Ոստիկանները ցուցմունքներ էին տվել, որ ես Սարի թաղում ակտիվ գործողությունների եմ մասնակցել, այն դեպքում, երբ ես Սարի թաղ չեմ բարձրացել այդ օրը, չհասած Սարի թաղ վատ եմ զգացել ու ինձ շտապօգնությունով տեղափոխել են»,-պատմեց երգիչը։
Այսօր ՀՔԾ-ն գործը կասեցնելու փոխարեն, ըստ նրա, պետք է շատ արագ բացահայտի այն ու պատժի մեղավորներին: «Իհարկե պետք է բացահայտի, պակաս այլանդակություններ չեն եղել էդ օրը։ Դա խունտայի պաշտպանական ջղաձգումներն էին ու հեչ էդտեղ կապ չուներ, թե Արսինե Խանջյանն էր իրենց առաջ դուրս գալիս, լրագրող, Եղիշե Պետրոսյանը, թե Սարի թաղի էն բնակիչը, որը տարրական պայմաններ էր պահանջում իր ընտանիքի համար։ Բոլորի նկատմամբ շատ այլանդակ վերաբերմունք է եղել»,- ասաց Պետրոսյանը՝ շարունակելով. «Էդ տաբլետկա կուլ տվող մարդկանց ո՞վ էր բերել։ Դա դժվա՞ր է բացահայտել։ Մեր աչքի առաջ էր, չէ՞, որ կուլ էին տալիս ու գնում էին Սարի թաղ։ Հետո էլ էդ բոլորը ջարդեցին մեր վրա»։
Պետրոսյանը համոզված է, որ ՀՔԾ-ն շատ հանգիստ կարող է բացահայտել մեղավորներին՝ հարցուփորձ անելով Սարի թաղի բնակիչներին։ «Թող հիմա հարցնեն էդ բնակիչներին, մարդիկ կասեն՝ ում մարդիկ էին գալիս և ինչ էին ասում: Անընդունելի է ՀՔԾ որոշումը: Բազմաթիվ մարդիկ տուժել են, բոլորը ազնիվ քաղաքացիներ են, որոնք ընդամենը ցույցի էին դուրս եկել: Չի կարելի գործը կասեցնել բացահայտելու փոխարեն»,-եզրափակեց Պետրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ում մեղադրանք էր առաջադրվել Սարի թաղում անկարգություններ կազմակերպելու համար, նույնպես անընդունելի է համարում քննությունը կասեցնելու առթիվ ՀՔԾ որոշումը:
«Անթույլատրելի է քրգործի կասեցումը, որովհետև միանշանակ էդտեղ հանցագործություն էր տեղի ունեցել քաղաքացիների և լրագրողների նկատմամբ: Դա աներկբա է»,-ասաց Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ եթե կասեցման պատճառով քրգործը իր վերջնարդյունքը չունենա, քաղաքացիները, որ տուժել են այդ դեպքերի ժամանակ զրկվելու են արդար դատաքննության իրենց իրավունքից: Մինչդեռ ՀՔԾ-ն, ըստ Մարտիրոսյանի, շատ արագ կարող էր գործը բացահայտել: «Փոխանակ արագ բացահայտի, կասեցնում է: Էդտեղ չկարողանալու խնդիր չկա: Կամերաների առաջ է եղել մեծ մասը, մի մասն էլ արդեն վկայություններ տվել են: Ես գիտեմ, որ լրագրողները ցուցմունք են տվել՝ ինչ է տեղի ունեցել, այնպես որ որևէ բարդություն չկար ամեն ինչ բացահայտելու համար»,-շեշտեց Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը նաև արժանահավատ չի համարում ՀՔԾ հիմնավորումը, թե քրգործը կասեցվել է, քանի որ հնարավոր չի եղել մեղադրյալներին հայտնաբերել: «Հնարավոր չէ՝ մեղադրյալները չհայտնաբերվեն: Ես բացառում եմ, որ որևէ ձևով որևէ անձնավորություն ցանկության դեպքում չհայտնաբերվեր»,- ասաց «Ժառանգության» նախագահը՝ շեշտելով, որ գործը պետք է պարտադիր բացահայտվի:
Գործով տուժող ճանաչված որոշ լրագրողներ արդեն իսկ որոշել են բողոքարկել ՀՔԾ որոշումը: «ՀՔԾ-ի ապօրինի որոշումը ուղիղ հարված է հեղափոխությանը, մարդու իրավունքները պաշտպանելու կառավարության որդեգրած կուրսին, ժողովրդավարական պետություն կառուցելու մեր երազանքին»-իր ֆեյսբուքյան էջում գրել է գործով տուժող ճանաչված լրագրող Ռոբերտ Անանյանը, ով այվածքներ էր ստացել Սարի թաղում։
«Դեմոկրատական պետություններում այսպիսի բան չեն անում։ Չգիտեմ քաղաքական ինչ հաշվարկից ելնելով է որոշվել Երանոսյանին խնայել՝ Սարի թաղի գործով մեղադրանք չառաջադրել, բայց դա խիստ վնասակար ուղի է։ Եթե մենք վճռել ենք իրավական և օրինական պետություն կառուցել, ուրեմն անպատժելիությունը մեզ մոտ պիտի տեղ չունենա։ Սա ապացուցման ոչ ենթական պնդում է։ Առավել ևս, լրագրողների դեմ բռնությունների հեղինակները պիտի խստագույնս պատժվեն։ Թող ամաչեն այն պետությունները, որտեղ լրագրողներ խոշտանգողները չեն հայտնաբերվում և չեն պատժվում»,-գրել է լրագրողը՝ տեղեկացնելով, որ իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանի հետ որոշում է կայացրել բողոքարկել իր գործը կասեցնելու որոշումը և հայաստանյան ատյաններն սպառելուց հետո դիմելու ենք Եվրադատարան։
«Ինձ ուղղակի տանջում է մի հարց՝ իշխանությունը կամ ՀՔԾ-ն մեզ՝ լրագրողներիս, ինչո՞ւ են ստիպում արդարադատություն որոնել դսում։ Ինչո՞ւ մենք չենք կարող մեր խնդիրները հայաստանյան ատյաններում լուծել։ Ո՞ւմ է պետք, որ վաղը, մյուս օրը, հարկատուն իր գրպանից ինձ փոխհատուցի պետության ապօրինության դիմաց։ Մենք չե՞նք հոգնել էս պրակտիկայից»,-նոր իշխանությանը հարց է ուղղել Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած լրագրողը։
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: