Ադրբեջանը պետք է բանակցություններ սկսի Լեռնային Ղարաբաղի հետ․ վարչապետը՝ ՄԱԿ-ի ամբիոնից

0
533

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ, հրաժարվի հակամարտության ռազմական լուծման գաղափարից և կատարի բոլոր համաձայնությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր քաղաքական օրակարգի առաջնային հարցը: Արցախի Հանրապետության կարգավիճակն ու անվտանգությունը ՀՀ-ի համար բացարձակ առաջնահերթություն են բանակցությունների գործընթացում: Ռազմական միջոցներով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ անմիջական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա նաև հավելել է, որ Հայաստանը շարունակելու է իր կառուցողական համագործակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով՝ ընդգծելով, որ «սա միջազգային մակարդակով միակ օրգանն է, որն ունի մանդատ այս հակամարտության կարգավորման համար»:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի դիրքորոշմանը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ: «Նա պետք է հրաժարվի ռազմական ցանկացած լուծման գաղափարից և կատարի նախկինում կնքված բոլոր համաձայնությունները: Ավելին՝ եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղաշինության գործընթացին, ապա պետք է բանակցություններ սկսի այս հակամարտության հիմնական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ:

Ադրբեջանն ամեն առիթով նշում է, որ Ղարաբաղը պետք է իր տարածքի մասը կազմի, սակայն միևնույն ժամանակ նաև հայտարարում է, որ բանակցություններ չի վարելու Լեռնային Ղարաբաղի հետ: Հարցը հետևյալն է. ինչպես կարող է Ադրբեջանը պահանջներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և միևնույն ժամանակ չխոսել նրա հետ»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ նման բան հնարավոր է միայն այն դեպքում, «եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է ստանալ տարածը, բայց ոչ ժողովրդին»: «Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի կառավարության մտադրությունը Լեռնային Ղարաբաղը հայերից «մաքրելն» է, ինչպես արվել է Նախիջևանում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այս պատճառով, ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղը կարող է գալ այն եզրահանգման, որ Ադրբեջանի մասը կազմելն իր համար կնշանակի լիովին ոչնչացված լինել: Ուստի՝ հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը կանխելու համար Լեռնային Ղարաբաղը չպետք է Ադրբեջանի մասը կազմի:

Եզրափակելով իր խոսքը՝ վարչապետը նշել է, որ հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն բոլոր կողմերի փոխադարձ փոխզիջումների միջոցով՝ մի մթնոլորտում, որը բարենպաստ կլինի խաղաղության համար, այլ ոչ թե պատերազմի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here