Ոստիկաններն ու ՔԿՀ աշխատակիցները հիվանդանոցում ծեծի են ենթարկել դատապարտյալին

0
1452

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ՀՀ ԱՆ «Արմավիր« ՔԿՀ կատարած այցելության ժամանակ հանդիպել են ազատազրկման մեջ գտնվող Ն․Պ․-ին։ Վերջինիս ոտքը վիրակապված էր՝ առկա էր խորը վերք:

Խմբի անդամներին Ն.Պ․-ն հայտնել է, որ 2018թ. օգոստոսի 26-ին իրեն տեղափոխել են Երևան քաղաքի «Հանրապետական» հիվանդանոց՝ բժշկական զննություն անցնելու նպակատով։

Այնտեղ, սակայն, քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները, ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք Ն․Պ․-ին ծեծի են ենթարկել:

Այցելության պահին վերջինիս մարմնի վրա առկա են եղել մի շարք մարմնական վասվածներ՝ քերծվածքներ և կապտուկներ: Նրա վիճակը ծանր էր, դժվարությամբ էր տեղաշարժվում:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Խմբի անդամներին հայտնել են, որ միջադեպի հրահրողը եղել է Ն․Պ․-ն:

2018թ․ սեպտեմբերի 6-ին Խումբը հրատապ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով վերոնշյալ միջադեպի վերաբերյալ քննություն իրականացնել՝ հրավիրել դատաբժիշկ ազատազրկված անձի մարմնական վնասվածքները արձանագրելու և դրանց ծանրության աստիճանն ու պատճառները որոշելու համար:

Ի պատասխան գրությանը՝ 2018թ․ սեպտեմբերի 17-ին նախարարությունից հայտնել են, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ն․Պ․-ին 2018թ․ օգոստոսի 27-ին հետազոտման և բուժման նպատակով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օգոստոսի 29-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, վերջինս դրսևորել է ագրեսիվ վարք, չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին, պարբերաբար հնչեցրել է անհասցե հայհոյանքներ, առանց թույլտվության փորձել է դուրս գալ հիվանդասենյակից, հարձակվել է քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Ա․Խ.-ի և նույն բաժնի կրտսեր մասնագետ Հ․Ս.-ի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Քրեակատարողական ծառայողների կողմից օգնության նպատակով ահազանգ է կատարվել ՀՀ ոստիկանություն, որից հետո դատապարտյալի գործողությունները հնարավոր է դարձել զսպել միայն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների և օգնության կարգով ներկայացած մյուս քրեակատարողական ծառայողների կողմից։

Նույն օրը դատապարտյալ Ն․Պ․-ին առաջարկվել է բուժումը շարունակել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որից, սակայն, հրաժարվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ։

Իսկ երկու օր անց՝ 2018թ․ օգոստոսի 31-ին, նրան կրկին առաջարկվել է բուժումը շարունակել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որից վերջինս կրկին հրաժարվել է։

Նախարարությունից ստացված պատասխան գրության մեջ միաժամանակ հայտնել են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում դատապարտյալի դրսևորած վարքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

2018թ․ սեպտեմբերի 5-ին նշված քրեական գործով վարույթն իրականացնող ՀԿԳ քննիչ Վ․Կ.-ն և ՀՀ ԴԲԳԳԿ Արմավիրի մարզային բաժնի փորձագետ Ս.Ա.-ն արդեն իսկ այցելել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ն․Պ․-ին և զննել նրան՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here