Դատախազությունում նյութեր են նախապատրաստվում

0
330

Նախօրեին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մի դեպքի վերաբերյալ՝ «հույս հայտնելով և պահանջելով, որպեսզի իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննեն կատարվածը և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»:

ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքում Շենգավիթ վարչական շրջանում տեղակայված 8/05 ընտրատեղամասում «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին հարվածելու, քաշելու և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկատվությունն արձանագրվել է անմիջապես այդ մասին ԶԼՄ հրապարակումներից հետո:

Ավելին. ՀՀ դատախազությունն արձանագրել է նմանատիպ ևս մեկ դեպքի մասին հրապարակում: Մասնավորապես аravot.am լրատվական կայքում սեպտեմբերի 23-ին տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված 7/50 ընտրական տեղամասում լիազորություններ իրականացնող նույն կայքի լրագրողը փորձել է նկարահանել քվեարկության խցիկից դուրս քվեարկող ընտրողին, վերջինիս դուստրը պահանջել է չնկարահանել և, բռնելով լրագրողի ձեռքից, խոչընդոտել է նրա լիազորությունների իրականացմանը:

Նկատի ունենալով, որ նկարագրված արարքները առերևույթ պարունակել են ընտրությունների ընթացքում դրանց մասնակցող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներ՝ Երևան քաղաքի դատախազության հանձնարարությամբ 2 դեպքերին էլ վերաբերյալ հրապարակումներն անմիջապես ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here