Ալավերդի քաղաքում հայտնի գործարար Վահագն Աբգարյանը արդեն 10 ամիս է, անազատության մեջ է: Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք և փամփուշտներ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Վլադիմիր Դավթյանին հանձնելու և նրա միջոցով իր մեկ այլ համաքաղաքացու՝ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար: Վահագն Աբգարյանին մեղսագրվում է նաև Լոռու մարզային քննչական վարչության նախիկին պետ Թաթուլ Շուշանյանին և նույն վարչության երկու քննիչներին՝ Արտակ Հովհաննիսյանին և Արա Ներսիսյանին կաշառք տալը, որպեսզի Փիրուզյանի գործով քննությունը տանեն իր ցանկացած հունով:

Քննչականի նախկին աշխատակիցները մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կաշառք ստանալու համար: Դատվում է նաև Վլադիմիր Դավթյանը, ըստ մեղադրանքի՝ «այն բանի համար, որ նա Վահագն Աբգարյանի կազմակերպմամբ և պատվերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Կամո Փիրուզյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն և ռազմամթերք, ապօրինի կերպով կրել է քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ»:

Վլադիմիրը 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդու «Կատա» սուպերմարկետի մոտ մի քանի անգամ կրակել է գործազուրկ, նախկինում թմրամիջոցների ապօրինի պատրաստման համար դատապարտված Կամո Փիրուզյանի ուղղությամբ և սպանել է նրան: Անմիջապես դեպքից հետո ներկայացել է իրավապահներին և խոստովանել, որ մարդ է սպանել: Սակայն Դավթյանը մինչ օրս ժխտում է Վահագն Աբգարյանի առնչությունը այս սպանությանը: Նա ցուցմունք է տվել, որ Փիրուզյանն իրեն սպառնացել է վիրավորել, ինչը և եղել է հանցարարքի դրդապատճառը: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանքը կրելու ընթացքում նա նույնիսկ հացադուլի էր դիմել, այս ծայրահեղ միջոցով իր բողոքն արտահայտելով քննիչների ճնշումների դեմ: Վլադիմիրի բարեկամները վսհատեցնում էին մեզ, որ երիտասարդին ստիպում են ցուցմունք գրել Աբգարյանի դեմ: Եթե ապացուցվի, որ նա պատվերով սպանություն է կատարել /Քր. Օր.-ի 104-րդ 2-րդ մասով սահմանված/, ապա երիտասարդին առնվազն 12 տարվա ազատազրկում է սպառնում:

Դատալսումներն այս գործով սկսվել են հունիսից: Կողմերը մամուլի միջոցով կտրուկ արտահայտություններ են անում միմյանց ուղղված: Աբգարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ամբաստանվում է մեկ անձի՝ իր մանկության ընկերոջ, Արթուր Մնացականյանի ցուցմունքի հիման վրա և որ հասնելու է արդարացման դատավճռի: Իսկ տուժողի իրավահաջորդի պաշտպանները խոստում-սպառնալիքներ են տալիս, որ Աբգարյանը նստելու է: Նիստերը Վանաձորի դատարանում ամիսը մեկ են նշանակվում, ապա տարբեր պատճառներով հետաձգվում են:

Առաջին լիարժեք նիստը կայացավ անցյալ շաբաթ, սեպտեմբերի 20-ին: Նիստի ընթացքում Վահագն Աբգարյա նի և Վլադիմիր Դավթյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը միջնորդեց դատարանին Շուշանյանին և քննիչներին և Աբգարյանին և Վլադիմիր Դավթյանին վերաբերող գործերը մեկ վարությում միացնելու մասին, քանի որ առաջադրված մեղադրանքները փոխկապակցված են միմյանց հետ, տուժողի իրավահաջորդը նույնն է, վկաների մի մասը նույնպես, ինչը հիմնավորվում է նշված անձանց նկատմամբ կազմված մեղադրական եզրակացություններով: Հակոբ Ճարոյանը դատարանում ասաց, որ յուրաքանչյուր գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ նշված գործերից յուրաքանչյուրի դեպքում դատաքննության ընթացքում հարցաքննվեն մյուս գործով

ներգրավված մեղադրյալները, իսկ նրանց կողմից դատարանում ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում հրապարակվեն և ուսումնասիրվեն նախաքննության ընթացքում նրանց կողմից տրված ցուցմունքները: «Գործերը առանձին քննելու դեպքում տեղի են ունենալու դատական նիստերի անհարկի ձգձգումներ: Բացի դա, եթե, ասենք, Վահագ Աբգարյանի գործով դատավճիռը ավելի շուտ կայացվի, քան քննիչների գործով, օրինակ, եթե ենթադրենք, որ մի քրեական գործով դատարանի կողմից ապացուցված է համարվել Վահագն Աբգարյանի կողմից Թաթուլ Շուշանյանին, կամ Արտակ Հովհաննիսյանին կաշառք տալու հանգամանքը, ապա նշված հանգամանքը ապացուցված կհամարվի նաև մոյւս գործով, որի արդյունքում Շուշանյանի և Հովհաննիսյանի իրավունքները կխախտվեն, նրանք չեն կարողանա հերքել նշված հանգամանքը:Ուստի նապատակահարմար է, որ այս երկու վարույթները միավորվեն», — ասաց Հակոբ Ճարոյանը Forrights.am-ին: Մեղադրող դատախազը գործով փոխվել է, և նոր մեղադրողը ժամանակ պահանջեց գործին ծանոթանալու համար: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 19-ին:

Ողջ Լոռին հետևում է Վահագ Աբգարյանի դատաքննությանը: Նիստերը լսելու մեծ թվով երիտասարդներ են գալիս: Շատերը համարում են, որ այս գործը երկու տեղի խմբավորումների միջև պայքարի մի դրվագն է: Վահագնի հակառակորդը՝ «Սթրոնգ Սթոուն գրուպ» ՍՊԸ տնօրեն Արթուր Աբգարյանն է, որը նույնպես համակիրներ և կողմնակիցներ ունի քաղաքում: Հակամարտությունը սկսվել էր քարհանքի տիրապետման իրավունքի համար: Քրեական հաշվեհարդարների ընթացքում մարդաշատ վայրերում կրակոցներ են հնչել, մարդիկ են զոհվել: Վահագ Աբգարյանի դեմ մի քանի անգամ մահափորձ է իրականացվել, սպանվել են նրա թիկնապահները: Նրանցից մեկի սպանության մեջ կասկածվում է Կամո Փիրուզյանի եղբայրը’ Վարդան Փիրուզյանը։ Ընտանիքի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը պնդում են, որ Վարդան Փիրուզյանը մարդասպան չի, նա ինքնապաշտպանության էր դիմել Աբգարյանի’ իր վրա հարձակված թիկնապահների դեմ։ Վարդան Փիրուզյանը 2015 թվականից հետախուզման մեջ է։

Նրա նկատմամբ հակասական վերաբերմունք կա Ալավերդիում: Բնակիչների մի մասը համոզված են, որ Վահագնը կարգին տղա է, որ նա քրեական տարրերին «սսկացրած է պահում», իր դեմ է հանում գողերին ու նրանց «վեցնոցներին», և եթե նա չլիներ, նարկոմաններն ու շենքերի պատերի տակ պպզողները գլուխ կբարձրացնեին։ Մյուսները գտնում են, որ Աբգարյանը քրեական հեղինակություն է, որի հետ գործ ունենալը սարսափելի է: Վահագն Աբգարյանի ծնողները մտավորականներ են, ոչ գավառական մակարդակի։ Հայրը՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, մայրը՝ Անահիտը, լրագրող, հրապարակախոս, աշխատել է Երեւանում՝ «Ավանգարդ» եւ «Խորհրդային Հայաստան» թերթերում:

Նախաքննությունը «Կատա» սուպերմարկեվարել է Քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին պետ, Մարտի 1-ի գործով խայտառակ քննություն վարած քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որի անուն ազգանունը Մարտի մեկի հոմանիշն է դարձել և որը անմիջապես հեղափոխությունից հետո պաշտոնանկ արվածներից է: Վահագն Աբգարյանի գործով վարույթը սկսվել էր Սերժ Սարգսյանի նախագահության վերջին տարում, երբ իրավապահները մեկ քննիչ, մեկ դատախազ, մեկ դատավոր, կամ կամ բերդի պետ էին «վնասազերծում», կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի պատրանք ստեղծելով:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest