«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմելու է վարչական դատարան` Դանիել Իոաննիսյանի գործողությունները վիճարկելու համար: Այսօր հայտարարեց քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ երեկ Մեդիա կենտրոնում «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ասուլիս հրավիրեց: Դրանից առաջ Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում գրել էր.

«Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում են մեզ ազդարարողներին։ Մանրամասները՝ ժամը 16:00-ի ասուլիսին, որ տալիս ենք Մեդիա Կենտրոնում»։ Դիտորդական կազմակերպությունը կաշառք բաժանելու մասին փաստերը կներկայացնի ոստիկանություն:

Ըստ Զոհրաբյանի` լռության օրը հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի նկատմամբ: Թեկնածուն հայտնեց, որ քարոզարշավի 12 օրերին ԲՀԿ 300-ից ավելի ակտիվիստներ հրավիրվել են ոստիկանություն` ասելով, թե ահազանգ կա, որ նրանք անօրինական գործողություններ են կատարել` կաշառք են բաժանում.

«12 օրվա ընթացքում իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել 1 անձի, որ ընտրակաշառք է բաժանում, և չեն էլ կարողանալու ներկայացնել այն պարզ պատճառով, որ չկա ու չի լինելու ընտրակաշառք: Չեք կարողանալու գտնել»: Զոհրաբյանը դիմեց ոստիկանապետին` կամ ներկայացնի թեկուզ 1 ընտրակաշառքի փաստ, կամ սուտ մատնության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկի հաղորդում տված անձանց:

Այսօր Վալերի Օսպիյանը չի մանրամասնել, թե ոստիկանությունը քաղաքական որ ուժի կողմից է ընտրակաշառք բաժանելու դեպքեր արձանագրել. «Որպեսզի իմ խոսքը հակաքարոզչություն կամ քարոզչություն չդիտարկվի, ընտրություններից հետո կանդրադառնանք այդ հարցին»:
Ըստ ԲՀԿ-ականի` ոստիկանությունը փորձել է կազմալուծել իրենց աշխատանքը.

«Ակտիվիստներ կան, որ վախեցել են` ամուսիններ են եղել, ում տարել են Զեյթունի ոստիկանական բաժանմունք գիտե՞ք ինչի համար, ասել են` մի տարեց տղամարդ ասել է` մտել-տվել են Բարգավաճի բուկլետը, ինքը չէ ուզում բուկլետը վերցնել: Դա եղել է ահազանգ, որ այդ հայրիկի անդորրը խախտել են»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest