Ինժեներասակրավորային գումարտակը լուծարվել և անձնակազմը խաղաղապահ զորամասի կազմ է մտցվել, որպեսզի սակրավորները գործուղվեն միջազգային խաղաղապահ առաքելությունների: Forrights.am-ի հետ զրույցում ասում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը: Նրա ղեկավարած կազմակերպությունն է վերահսկում ականազերծման աշխատանքները Հայաստանի տարածքում:

Ինժեներասակրավորական գումարտակը լուծարելու որոշում կայացվել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի օրոք: Գործընթացը շարունակել է Դավիթ Տոնոյանը: Սակրավորական գումարտակի նախկին զինծառայողների գերակշիռ մասը բնակվել է Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանում: Զորամասի` Էջմիածնում գտնվելը սակրավորներին թույլ էր տալիս առանց մեծ ծախսերի ու դժվարությունների հասնել գործի: Հիմա նրանց ճանապարհը երկարել է 50-ից 80 կիլոմետրով:

Թե՛ ֆինանսական, թե ժամանակի առումով այլևս անհնար է դարձել առավոտյան ժամը 08:00-ին լինել նոր զորամասում: Բացի այդ, խաղաղապահ զորամասում բավարար թվով սակրավորի հաստիք չի նախատեսվել: Մեզ դիմած նախկին ու ներկա ծառայողներն իրենց դժգոհություններն են հայտնել իրավիճակից: Էջմիածնից սակրավորական ստորաբաժանումը դուրս բերելուց հետո զինծառայությունը լքել է մոտ 50 սակրավոր, ևս 70-ը սպասում է ազատման ՊՆ հրամանին:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Ռուբեն Առաքելյանն ասում է` ծառայության ռեժիմն ու նպատակը սակրավորների համար չի փոխվել: Բողոքներին ինքը լավ չի վերաբերվում.
«Դու պայամանգիր ես կնքել 2 տարով, որ պետությանը պետք ա էս հարցով օգնես, էս ի ՞նչ բան ա, ազնվազարմ լեդի ՞ ես,օրիորդաց դպրո ՞ց ա, թե բանակ ա»,- մեզ հետ զրույցում արձագանեց Առաքելյանը:

Ըստ սակրավորների`ականազերծման աշխատանքներ կատարելիս բանակն այլևս աշխատելու է ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ` մարդկային ֆակտորի վրա. «Մենք լրիվ անտեսվեցինք, ոչ մի կարծիք հաշվի չառնելով` խաչ քաշեցին մեզ վրա: Մեր բանակին ականազերծողներ այլևս պետք չե՞ն: Բայց չէ՞ որ այս մասնագիտության կայացման գործում մենք մեր կյանքն ենք ներդրել: 15-17 տարվա փորձ ունեցող մասնագետների ինչպե՞ս եք փողոց շպրտում: Ինչպե՞ս կարելի է գրչի հարվածով ոչնչացնել մասնագիտացված զորամասը: Ո՞ւմ է ձեռնտու այսքան կարևոր ստորաբաժանման վերացումը»,- Forrights.am-ի հետ զրույցում այսպիսի հարցեր են բարձրացրել վրդովված զինծառայողները: Համոզված են, որ Պաշտպանության նախարարությունը միտումնավոր է ծանր ու անտանելի պայմաններ ստեղծել, որ մասնագետները լքեն ծառայությունը:

Ռուբեն Առաքելյանը գիտի իրական պատճառը, թե ինչու են զինծառայողներն ընդդիմացել անձնակազմը Էջմիածին քաղաքից դուրս բերելուն.
«Եթե ասում են, թող մինչև վերջ խոսեն պատճառների մասին: Սա բոլորին չի վերաբերվում: Գալիս էին առավոտվա ռազվոդին ներկայանում էին, դուրս էին գալիս, գնում տաքսի էին քշում, իրենց գործերով էին զբաղվում, տան ռեմոնտ էին անում: Ցերեկվա ռազվոդին էլի գալիս ներկայանում էին, նորից գնում իրենց գործերով: Իրա տունը Էջմիածնում ա, զորամասը ուրիշ քաղաքում ա, հիմա պարզ ա, որ էնդեղից էլ չի կարա դուրս գա»: Նա վստահ է, որ առանց լուրջ հիմնավորման Պաշտպանության նախարարությունն այսպիսի կտրուկ քայլի չէր գնա.

«Նման տեղաշարժերը հենց այնպես` որևէ մեկի քմահաճույքով չի արվում, ուրեմն կան ինչ-որ խնդիրներ: Բանակը մանկապարտեզ չի, եթե ես երևանցի եմ, ուրեմն պիտի ծառայեմ Երևանում, ո ՞վ է ասել»:
Առաքելյանը չի կարծում, թե զինծառայությունը լքած զինծառայողների շարքերում միջազգային պատրաստում ունեցած մասնագետներ են եղել, ինչպես իրենք են մեզ հետ զրույցում պնդում: Ըստ Առաքելյանի` մեկ ամիսն էլ բավարար է, որպեսզի նոր սակրավոր-մասնագետներ պատրաստվեն. «Մասնագետը չլինի Էջմիածնից, կլինի Աբովյանից կամ զորամասի մոտակա այլ բնակավայրից: Անփոխարինելի մարդ չկա, մանավանդ` էն անձնակազմը, որ արդեն դուրս է եկել ծառայությունից: Լսի ընգեր ջան, քո տենց ծառայությունը մեզ պետք չի, գնա, ինչ ուզում ես արա: Մենք լուրջ կադրեր չենք կորցնում»,- ասում է Առաքելյանը:

Իմանալով, որ Ինժեներասակրավորային զորամասը լուծարման վրա է և տեղափոխվելու է այլ բնակավայր, Ռուբեն Առաքելյանն անձամբ է խնդրել Պաշտպանության նախարարին` վերանայել որոշումը: Նա մի քանի փաստարկ է ներկայացրել: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն Էջմիածնում ունի վարժային ականադաշտեր, ուսումնական կենտրոն, գումարտակի սակրավորների հետ սերտ և մշտական աշխատանք է տարվել, և ինքը մտահոգվել է, որ գումարտակի ծառայողները հիմնականում Արարատյան դաշտի համայնքներից են և տեղափոխումից հետո հնարավոր է նրանք դուրս գան աշխատանքից: Բայց փաստացի ՊՆ-ն չի հրաժարվել տեղափոխման մտադրությունից:

Forrights.am-ին դիմած նախկին ու ներկա զինծառայողները պնդել են, որ մինչ խաղաղապահ գնդին միացնելը, ականազերծման աշխատանքների գործուղումների ամեն օրվա համար իրենք ստացել են 1500 դրամ գումար: Այժմ, երբ գործուղումների են գնում խաղաղապահ զորամասից, այդ գումարը չի տրվում: Արդյունքում` ամսական եկամուտը էականորեն նվազում է: 120 000 դրամ հիմնական աշխատավարձ են ստանում ու այլևս չեն ստանում ամսական 45 000 դրամ գործուղման վճարը: Ռուբեն Առաքելյանը չի կարող հստակ ասել, թե որն է գումարի կրճատման պատճառը: Գործուղման ծախսերի փոխհատուցումը կարգավորում է Աշխատանքային օրենսգիրքը:

Ըստ դրա` գործատուն փոխհատուցում է աշխատողի գիշերակացի, օրապահիկի և ճանապարհածախսի համար: Ըստ Առաքելյանի` սակրավորները ճանապարհածախս և գիշերակացի վրա գումար չեն ծախսում, սնունդը տալիս է պետությունը: Այս պարագայում Առաքելյանին հասկանալի չէ գործուղման վճարի պահանջը. «Էս պայմաններում ինչ գործուղման վճարի մասին են խոսում: Եթե առաջ տվել են օրական 1500 դրամ, հիմա չեն տալիս, ուրեմն` սուխոյ պայոկը փոխվել, դարձել է ճաշ: Վստահ եմ` փոփոխությունն արվել է օրենքին համապատասխան: Ականազերծումը շատ դժվար աշխատանք է, ինչքան էլ տան, քիչ է էդ տղեքին, բայց էսօրվա պետության հատկացրած գումարը էդ ա»,- նշում է ՊՈԱԿ-ի տնօրենը:

2011 թվականին ստեղծված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն այս պահին ունի 44 աշխատակից և բյուջեն հասնում է մինչև 270 միլիոն դրամ: Ստեղծման պահին ընդամենը 40 միլիոն դրամ էր բյուջեի չափը: Հիմնադրման օրվանից կենտրոնի տնօրենը Ռուբեն Առաքելյանն է: Որևէ տարածք ականազերծելու համար ՊՈԱԿ-ը դիմում է կառավարությանը, թույլտվություն ստանալուց հետո սակրավորները կատարում են աշխատանքը` կենտրոնի հսկողությամբ: Կենտրոնն իրավասու չէ մաքրել հայ-ադրբեջանական սահմանի բուֆերային գոտու տարածքները: Ռուբեն Առաքելյանն ասում է` ամեն երկիր չէ, որ կարող է իրեն ականազերծման գերհզոր կենտրոնի շռայլություն թույլ տալ: Նպատակ կա տարեցտարի մեծացնել անձնակազմն ու ավելի շատ տարածքներ ականազերծել: Սակայն խանգարող հանգամանք կա.

«Գործն արվում է, բայց ոչ էն թափով, ինչ մենք կուզենայինք, դե հիմա Ֆինանսների հետ կապված խնդիր է: Չկա էդ գումարը: Մենք հիմա ունենք 17 միլիոն 580 հազար քառակուսի մետր ականային վտանգավոր տարածք: Ամեն քառակուսի մետրը մաքրելու համար ծախսվում է մոտավոր 2600 դրամ գումար: Կտեսնեք, թե ինչ ահռելի գումար է պետք, 1 սակրավորը 1 օրում մաքրում է 10 քառակուսի մետր տարածք, պատկերացրեք`ինչ ռեսուրս է պետք»:

Կենտրոնն իր առաջ լուրջ խնդիրներ է դրել` ոչ միայն կայանալ որպես ներհայաստանյան մասնագիտացված կառույց, այլ առաջիկա տարիներին մասնակցել միջազգային առաքելություններին:

Ռոբերտ Անանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest