ՄԻԵԴ-ը ապօրինի է ճանաչել Մուշեղ Սաղաթելյանի գործով դատարանների որոշումները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչել է, որ դիմողի կալանքը եւ նրան 5 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատական վարույթների արդյունքը՝ դատարանների որոշումները, ՄԻԵԿ իրավունքի իմաստով ապօրինի են եղել եւ հանգեցրել են դիմողի իրավունքների կոպիտ խախտումների։ Սոցիալական ցանցի իր էջում գրում է Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գորիգորյանը:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

ՄԻԵԴ-ը ճանաչել է դիմող Մուշեղ Սաղաթելյանի իրավունքների հետեւյալ խախտումները․

1․ 2008թ․-ի մարտի 1-ին՝ իր ձերբակալման պահին եւ հետագայում՝ նույն օրը նաեւ ոստիկանության բաժնում, դիմողը ենթարկվել է խոշտանգումների։ Այս հանգամանքն անտեսել են գործը քննած բոլոր դատարանները եւ իրավապահները:

2․ Վերը նշված խոշտանգումների վերաբերյալ արդյունավետ քննություն չի կատարվել։ Այս մասով առհասարակ քննություն չի կատարվել։ Ավելին․այս մասով քննությունը բացառվել է՝ խոշտանգողների հրոսակախմբերին պատասխանատվությունից ազատելու հստակ դիտավորությամբ: Դատարանը նշել է, որ կառավարության կողմից նշած քննության ողջ նպատակն իրականում ոչ թե խոշտանգողնեին պատասխանատվության ենթարկելը, այլ դիմողի դեմ ապացույցներ հավաքելն է եղել։

3․ Դիմողի անազատությունը՝ սկսած իր ձերբակալման պահից եղել է կատարելապես ապօրինի եւ կամայական, չի ունեցել որեւէ օրինական հիմք:

4․ Հայաստանյան դատարանների որոշումները չեն պարունակել դիմողի կալանքի համար բավարար եւ վերաբերելի հիմնավորումներ։ Այլ խոսքով՝ դիմողի կալանքը սկզբից ի վեր եղել է բացարձակապես կամայական:

5․ Պետությունը ձախողել է արդար դատաքննության իրավունքի ապահովման իր պարտականությունը, քանի որ դիմողի գործով ապահովված չի եղել կողմերի հավասարության հիմնարար սկզբունքը, իսկ իր դեմ մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների կողմից տրված ցուցմունքների վրա: Չեմ կարող չմեջբերել այս կապակցությամբ ՄԻԵԴ դատողության այս հատվածը.

«210․ Ամփոփելով՝ Դատարանը հաշվի է առնում, որ ազգային դատարանները քննելով մեղադրանքի առանցքային փաստերը, որոնք ավելին՝ հիմնված էին իրարամերժ ապացույցների վրա, ձեռնպահ են մնացել խելամիտ հնարավորություններից օգտվելուց՝ ստուգելու համար ոստիկանների մեղադրական հայտարարությունները, որոնք մեղադրանքի կողմի (դատախազության) միակ վկաներն են եղել և ակտիվ դերակատարություն են ունեցել խնդրո առարկա իրադարձություններում։

Իրադարձությունների մասին ոստիկանական վարկածի անվերապահ սատարումը, դիմողի որեւէ միջնորդությանը պատշաճ կերպով չանդրադառնալը եւ պաշտպանական կողմի վկաներին հարցաքննելուց հրաժարվելը՝ առանց պատշաճորեն դիտարկելու նրանց հայտարարությունների իրավացիությունը, կարելի է ասել, հանգեցրել են պաշտպանական կողմի իրավունքների սահմանափակումների, որոնք անհամատեղելի են արդար դատաքննության երաշխիքների հետ ․․․»:

Հավելեմ, որ սա ոչ թե տեխնիկական սխալի, կամ եռաստիճան դատական համակարգի կողմից «անմեղորեն» թույլ տված խախտում է եղել` վերը փաստարկները անտեսված լինելու չեզոք պատճառով, այլ սա եղել է այդ գործը քննած բոլոր դատավորների բարոյականության բացակայության ցուցիչը․ նրանք ուղիղ դիտավորությամբ թույլ չեն տվել դիմողի օգտին վկայող վկաների մասնակցությունը դատաքննությանը եւ հրաժարվել են ստուգել ոստիկանների կողմից տված ցուցմունքների արժանահավատությունը, որպեսզի դիմողին ամեն գնով դատապարտելու իրենց հանձնառությունը չխոչընդոտվեր հակասող ապացույցներով:

6․ Դատարանը համարել է նաեւ, որ պետությունն՝ իր իրավապահների եւ դատարանների միջոցով խախտել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը, քանի որ ոստիկանության կողմից Ազատության հրապարակում խաղաղ հավաքին միջամտելու միակ նպատակը եղել է այն ցրելը։

2008թ․-ի մարտի 1-ի առավոտյան խաղաղ հավաքը ցրելու վերաբերյալ 10,5 տարի իշխանությունների հրամցրած վարկածի անփառունակ վախճանը.

“245. Դատարանն արդեն իսկ դիրքորոշում արտահայտել է առ այն, որ Ազատության հրապարակի հանրահավաքը խաղաղ էր, և ոչնչից հնարավոր չէ եզրահանգել, որ այն որպես այդպիսին չէր /տես 233-րդ պարբերությունը վերևում/: Իրականում իշխանությունը թույլատրել էր հանրահավաքը, այդ թվում` վրանների տեղադրումը հանրահավաքի մասնակիցների կողմից և ինն օրվա ընթացքում որևէ փորձ չի արել ցրելու այն մինչև 2008թ. մարտի 1-ի գործողությունը: Ինչպես արդեն նշվել է, հիշյալ ոստիկանական գործողության հանգամանքները, այդ թվում` դրանց նպատակը և անցկացման եղանակը, վիճարկվում եմ կողմերի միջև:

Դատարանը, այդուհանդերձ, վերադառնում է իր այն եզրահանգմանը, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ համոզիչ ապացույց ի հիմնավորումն իրադարձությունների իր վարկածի, որի համաձայն 2008թ․ մարտի 1-ին պետք է զենք բաժանվեր հավաքի մասնակիցներին: Ավելին, Կառավարությունը չի տրամադրել որևէ ապացույց կամ մանրամասներ խնդրո առարկա ոստիկանական գործողության պլանավորման, կազմակերպման և ղեկավարման վերաբերյալ, այդ թվում` թե ով է հրահանգել և վերահսկել այն, կոնկրետ ինչ ոստիկանական ստորաբաժանումներ են մասնակցել դրան, ոստիկանության ծառայողների թվի և կոնկրետ միջոցների մասին:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ դա շատ լայնածավալ գործողություն է եղել, որին մասնակցել են մի քանի հարյուր ոստիկանության ծառայողներ, այդ թվում` ոստիկանության հատուկ ուժեր: Նման ծավալի գործողությունն անկասկած պահանջում էր որոշակի ժամանակ այն պլանավորելու և կազմակերպելու համար, և հստակ չէ, թե ինչպես է դա արվել 24 ժամից կարճ ժամանակում, եթե ընդունենք, որ վկայակոչված օպերատիվ տեղեկությունները ստացվել են ոստիկանության կողմից գործողության նախորդ օրը, այն է` 2008թ. փետրվարի 29-ին: Վերջապես, ինչպես արդեն նշվել է, թիվ 62202508 քրեական գործը հարուցելու մասին որոշումից և մի քանի այլ փաստաթղթից, այդ թվում` ոստիկանական գործողությանը ենթադրաբար մասնակցած ոստիկանության ծառայողների ցուցմունքներից,

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ԵՂԵԼ Է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՎԱՔԸ ՑՐԵԼԸ և ոստիկանության ծառայողների այդ առավոտ ձեռնարկած միջոցառումների խնդիրն այդ նպատակին հասնելն է եղել (տես 15, 28, 29, 30 և 39 պարբերությունները): Իրադարձությունների այս վարկածն, այդուհանդերձ, նախ` մասնակի, ապա` ամբողջությամբ մոռացվել է նախաքննության ժամանակ և, փոխարենը, որպես ոստիկանության գործողության միակ նպատակ ներկայացվել է զենք հայտնաբերելու նպատակով իրականացվող խուզարկությունը (տես դիմողին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2008թ. մարտի 3 և օգոստոսի 5-ի որոշումները 41րդ և 68-րդ պարբերությունները/:

Իշխանությունը կամ կառավարությունը որևէ բացատրություն չի տվել այս ակնառու հակասությունների վերաբերյալ: Դատարանը, այնուամենայնիվ, թերահավատ է այն հարցում, որ սա պարզ բացթողում է: Իրականում տպավորություն է ձևավորվում, որ դա ոստիկանական գործողության հիմնական, եթե ոչ` միակ, նպատակը թաքցնելու կամ առնվազն չբացահայտեու նպատակ է հետապնդում: Ամփոփելով` Դատարանը 2008թ. մարտի 1-ին` ոստիկանական գործողության նպատակի մասին պաշտոնական բացատրությունը բավարար չափով արժանահավատ չի դիտարկում և, հաշվի առնելով իր ձեռքի տակ եղած բոլոր նյութերը, պատճառ չի տեսնում կասկածելու, որ 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան ձեռնարկված ոստիկանական միջամտության նպատակը եղել է վրանները ոչնչացնելը և Ազատության հրապարակում ներկաներին ցրելը, ինչպես նաև թույլ չտալը հանրահավաքի հետագա անցկացումը:”

Այս բոլոր խախտումների արդյունքում ՄԻԵԴ-ը վճռել է պատճառված բարոյական վնասի փոխհատուցում նշանակել դիմողին։

Այս վճիռն այն մասին է, որ այս գործին մասնակից եւ դիմողին ապօրինաբար ու առանց ընթացակարգային երաշխիքների ապահովման, դիտավորությամբ նրա օգտին եղած ապացույցներն անտեսելու եւ կուսակցական քաղաքական գիծը դատավճռի միջոցով հաստատելու նպատակով երկարաժամկետ ազատազրկման դատապարտած դատավորները՝ զինվորական ենթարկվելիությամբ եւ հնազանդությամբ ի կատար են ածել կուսակցական-քաղաքական հրահանգներ՝ մարդուն դատապարտելու եւ իրադարձությունների համար կեղծ համատեքստ ներկայացնելու նպատակով։

Այլ խոսքով, Հայաստանը 2008 թվականի դրությամբ չի ունեցել (առնվազն 2008թ․-ի մարտի 1-ի լույս 2-ի դեպքերի քննության մասով) արդարադատության համարակարգ։ Իսկ սա նշանակում է, որ այս վճիռը նաեւ մարտիմեկյան դեպքերի «պաշտոնական» վարկածի մահախոսականն է։ Եվ այդու, մարտիմեկյան ոճրագործության մասին խոսելիս «պաշտոնական» վարկածն այլեւս խոտանված է ի բնե։

Միթե՞ վերը նշված խախտումների միջոցով մարդուն ապօրնաբար երկարատեւ ազատազրկման դատապարտելիս դատավորները չեն հասկացել իրենց արածը։ Իհարկե՝ այո։ Հասկացել են։ Իսկ խախտումները կատարել են դատապարտելու նպատակով, հնարավոր դարձնելով կամ, որ ավելի ճիշտ է, պատրանք ստեղծելով, թե դիմողի մեղքն ապացուցված է (միայն ոստիկանների ցուցմունքներով) եւ հակառակի մասին վկայող ապացույցներ չկան։

Այսինքն, դիմողի նկատմամբ կատարելապես ապօրինի դատավճիռը իրենց կողմից թույլ տված դատավարական խախտումների արդյունքում սխալ եզրահանգման տրամաբանական սկիզբը չի եղել։ Այդ խախտումները կատարվել են գործերը քննող դատավորներին թելադրված եւ նրանց կողմից էլ պատրաստակամորեն հանձնառված դատավճիռների եզրափակիչ մասերի համար «պատճառաբանություններ» հորիելու կամ եղած «պատճառաբանությունները» չնվասելու նպատակով։

Այս դատավորները, փաստորեն, իրենց իսկ երդմնազանցության եւ այլոց ճակատագրերի գիտակցաբար խեղման ճանապարհով շարունակել են պաշտոնավարել եւ Հայաստանի անունից արդարադատություն իրականացնել։ Նրանք ոչ միայն շարունակել են պաշտոնավարել, այլ նրանցից ոմանք անմիջապես առաջխաղացում են ունեցել։ Եւ ամբողջ համակարգային տրամաբանության մեջ մարտիմեկյան ոճրագործությանը դատավորների կողմից այսպիսի զազրելի մասնակցությունը արմատավորվել է որպես հետագա անձնական բարեկեցության եւ մասնագիտական առաջխաղացման խթան։

ԻՍԿ ՀԻՄԱ Ի՞ՆՉ
Հիմա արդարադատության համակարգի համար ճշմարտության պահն է։ Դատական իշխանությունը այլեւս զուրկ է որեւէ (հակա)փաստարկից, թե առանձին վերցրած գործերով կարող են լինել իրավունքների խախտումներ եւ որ դա համակարգային բնույթ չունի, կամ որ պետք չէ այն կոնկրետացնել որեւէ դատավորի վրա։

Այս վճիռը համակարգային մահացու հիվանդության ախտորոշում է․ այն ցույց է տալիս ոչ միայն այն, որ Հայաստանի արդարադատության համակարգը կազմ ու պատրաստ է եղել գործել 1937 թվականի ոգով եւ մարդկանց դատապարտել երկարաժամկետ պատժաժամկետների՝ «հայրենիքի դավաճանի» կնիքով, այլ այն, որ շատ ավելի վտանգավոր համակարգի հատկություններ է ձեռք բերել։

Այն ցանկացած պահի ի վիճակի է տրանսֆորմացվել արտակարգ դատարանների համակարգի եւ իր սեւ գործն անելուց հետո շարունակել տարիներով գոյատեւել՝ ժողովրդավարական պետության արդարադատության համակարգի տեսքով։

Ավելին․ առավել վտանգավոր է հիմա այս համակարգի հիվանդության մեկ այլ հնարավոր հատկություն։ Նախկինում թույլ տված զանգվածային ռեպրեսիաների դատապարտումը կանխելու նպատակով այն հիմա պատրաստ է որպես ինքնապաշտպանություն վերահաստատել իր կամ իր անդամների մի զգալի մասի կողմից նախկինում հաստատված դիրքորոշումները՝ ցույց տալու համար, թե անմեղ մարդկանց դատապարտելիս իրենց համոզմունքը իրական է եղել, եւ ապա՝ նպատակ ունենալով դատական ակտերի միջոցով ազատագրել իրենց հանցակիցներին ՝ շարքերը կուռ պահելու տրամաբնությամբ։

Մենք արդեն նման մի ակտի ականատես ենք եղել, երբ դատավորը կողմերից թաքցրել էր իր՝ մարտիմեկյան «բորենիների խրախճանքին» մասնակցության փաստը եւ հենց նույն կոնտեքստին վերաբերող մեկ այլ գործով կալանքի մասին որոշում էր կայացրել։

Հիմա դատական իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ է այլեւս հենց համակարգի կենսունակության եւ դրա ու արդարադատության հեղինակության պշտպանության նկատառումներով հանրությանը պարզաբանել, թե ինչպես է ձերբազատվելու դատական իշխանության մեջ դեռ պաշտոնավարող կուսակցական դահիճներից (հարցը կոնկրետ կուսակցությունը չէ, այլ կոնկրետ պաշտոնյայի այս կամ այն կուսակցական քաղաքական գիծը դատավորի կարգավիճակում իրագործելու հատկությունը)։

Հիմա ժամանակն է, որ դատական իշխանությունը ներկայացնի իր դիրքորոշումը, թե ինչպե՞ս է պատկերացնում իր այս համակարգային ախտից ձերբազատվելու ճանապարհը եւ կոնկրետ ի՞նչ գործողություններով։ Միեւնույնն է՝ պետությունը չի կարող հանդուրժել այս իրավիճակը։ Ճիշտ կլինի, որ գործընթացը սկսվի հենց դատական իշխանության մեջ եւ դրա շրջանակներում։ Հակառակ դեպքում խնդիրներ են առաջանալու օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ հանրության վերաբերմունքի համաչափության մասով։

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

Այս գործով դատավարությունների բոլոր զոհերն այլեւս իրավունք-պահանջ են ձեռք բերում՝ իրենց գործերի վերաբացման եւ վերանայման համար։ Դրանց իրավական հիմքերին դեռ կանդրադառնամ: Նրանք այլեւս ՊԱՀԱՆՋԱՏԵՐ են մարտիմեկյան իրադարձությունների մասով հատուկ՝ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնման հարցում, ինչի նպատակով քաղաքացիական հասարակության անդամ կազմակերպությունները կարող են այլեւս սկսել իրենց քննարկումները։

Գործադիր իշխանությունը պետք է նախաձեռնի այս գործընթացի նյութական եւ իրավական տեխնիկական ապահովման բեռը։ Այժմ տեղադրում եմ այն բոլոր դատավորների անունները, որոնք դիմողի դատավճռի կայացման մասնակից են եղել։

  1. Առաջին ատյանի դատարանի 23/10/2008 թ- ի դատավճիռը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
  2. Վերաքննիչ դատարանում այս դատավճիռն ամբողջությամբ ուժի մեջ են թողնվել 10/12/2008թ․ — ի որոշմամբ՝ մասնակցությամբ դատավորներ Ա․ Խաչատրյան, Մ․ Սիմոնյան, Ա․ Պողոսյան (վճռաբեկ դատարանի գործող դատավոր):
  3. Վճռաբեկ դատարանի դատավորների տվյալները` ավելի ուշ:

Նրանք միաձայն են դատապարտել, կամ ուժի մեջ թողել նրա նկատմամբ կայացված ակտերը։ Նրանցից ոմանք դեռ պաշտոնավարում են։

ՀԳ․ Հայաստանի պատմության ամենաողբերգական դեպքերից մեկի քննության գործը նոր է սկսվել։ Մենք պետք է պատրաստ լինենք ճաշակել այդ գործի ճշմարտության դառնությունը, այլ ոչ թե «էջը շրջելու» ջայլամաբարո կեցվածքով շարժվենք առաջ։ Այս պատմության մեջ ինձ համար ամենազարհուրելին ոչ այնքան այն է, թե ինչ է տեղի ունեցել հենց կոնկրետ ռազմական գործողությունների թատերաբեմում, որքան այն, թե ինչ հանգստությամբ եւ սառնասրտությամբ են հետագայում իրենց ապահով առանձնասենյակներում նստած բարձր վարձատրվող եւ սոցիալական բոլոր բարիքներից օգտվող դատավորները իրենց կամքով եւ ընտրությամբ իրենց իսկ փալաս են դարձրել այլոց արյունոտ ձեռքերը մաքրելու համար։

Pin It on Pinterest