Երևան քաղաքի ավագանու 4-րդ ընտրությունները կկայանա ընդամենը մի քանի օրից՝ արտահերթ ընթացակարգով: Արտահերթ ընտրությունների պատճառը հուլիսի 9-ի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է:

Այս անգամ ընտրություններին մասնակցելու հայտ է ուղարկել 13 քաղաքական միավոր՝ 9 կուսակցություն և 4 դաշինք: Հետագայում, «Հայաստանի  ժողովրդավարական ազատական միություն»  կուսակցությունն ինքնաբացարկի դիմում էր  ներկայացրել՝ հետ պահանջելով ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերը: Այսպիսով, ընտրություններին կմասնակցեն հետևյալ կուսակցությունները և դաշինքները.

«Երևանի հանրություն» դաշինք: Ավագանու ցուցակում կա 47 թեկնածու: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Անահիտ Թարխանյանին.

Մասնագիտությամբ ճարտարապետ և դիվանագետ Անահիտ Թարխանյանն աշխատանքային մեծ փորձ ունի հենց ճարտարապետության ոլորտում, զբաղեցրել է անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Հիմնադրել և 4 տարի եղել է «Հայ FM – 105.5» ռադիոկայանի տնօրենը: Այս պահին Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ է:

Ունեցվածք- Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում, Թարխանյանը որպես եկամուտ նշել է «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ստացած մոտ 2 մլն աշխատավարձը, ինչպես նաև ՍՊԸ-ից ստացած 15 մլն դրամ շահույթը: Վերջինս «ՖՄ 105.5» և «Ա-3 ճարտարապետներ» ՍՊԸ-ների ամբողջ 100% բաժնետերն է: Ունի 4 անշարժ գույք, ինչպես նաև 2008թ. արտադրության BMW 320I մակնիշի ավտոմեքենա:

Նախընտրական ծրագիր- «Երևանի հանրություն» դաշինքի ծրագրային մեխը կլինի Երևանի արդյունավետ կառավարումը: 22 էջից բաղկացած նախընտրական ծրագրում դաշինքն անդրադարձել է գրեթե բոլոր ոլորտներին՝ էլեկտրաավտոբուսների, էլեկտրաավտոմեքենաների, էլեկտրագնացքների արտադրության համայնքային գործարանի կառուցում, քաղաքային վերելակային գործարանի կառուցում, քաղաքային տրանսպորտի ծանրաբեռնվածության թեթևացոում և տրանսպորտային նոր միջոցների հագեցում, առողջապահության և կրթական ոլորտի բարելավում և այլն:

Դաշինքը նախընտրական ծրագրի իրականացումը բաժանել է 3 փուլերի, շեշտելով՝ առաջին աշխատանքային շաբաթը կտրամադրվի այն որոշումների կայացմանը, որոնք չեն պահանջում ֆինանսական ներդրումներ և կախված չեն միջոցների ներգրավումից՝ այլ վերաբերվելու են ավագանու արագ աշխատանքի կանոնակարգմանն ու որոշումների կայացմանը։

         «Լույս» դաշինք: Ավագանու ցուցակում կա 111 թեկնածու: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Արտակ Զեյնալյանին:

Մասնագիտությամբ վիրաբույժ և իրավաբան Արտակ Զեյնալյանը հարուստ կենսագրություն ունի: Նա մեծ գործունեություն է ծավալել ինչպես բժշկության, այնպես էլ իրավապաշտպանության ոլորտում: Շուրջ 3 տարի աշխատելով ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում, այսօր Զեյնալյանը զբաղեցնում է ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնը: Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ունեցվածք-   Արտակ Զեյնալյանը ԿԸՀ –ում հայտարարագրել է մոտ 11 մլն դրամ եկամուտ, որը ստացել է Ազգային ժողովից, նախարարությունից, ինչպես նաև մատուցած իրավաբանական ծառայություններից: Այս պահին թեկնածուի հաշվին առկա է 4 մլն 720 հազար դրամ, 20 հազար 689 հազար դոլար և 2 հազար 359 եվրո: Ունի 3 անշարժ գույք:

Նախընտրական ծրագիր- Ծրագրային 11 դրույթներ ներկայացրած «Լույս» դաշինքը նոր համակարգ է առաջարկում տրանսպորտի ոլորտում: Ծրագրում նախատեսում են Երևանի տրանսպորտային համակարգը հանձնել երկու օպերատորների կառավարանը, շեշտելով՝ մեկ օպերատորի առկայությունը բերում է ոլորտում մենաշնորհի և ցածր սպասարկման որակի.

«Տրանսպորտային համակարգը գործելու է «Բոլորին հարմար» սկզբունքով, ինչը ենթադրում է, որ այն հարմար կլինի բոլորի, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար, կունենա միասնական տոմս, որը կիրառելի կլինի տրանսպորտի բոլոր տեսակների համար և ճկուն՝ թե ըստ հանրային տրոնսպորտից օգտվելու հաճախականության, թե ըստ սոցիալական խոցելիության՝ ներառելով զեղչային համակարգ ուսանողների, թոշակառուների և սոցիալական մի շարք այլ խմբերի համար»,- նշվում է նախընտրական ծրագրում:

         «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք: Ավագանու ցուցակում կա 169 թեկնածու: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Հայկ Մարությանին

Մասնագիտություն- Հայկ Մարությանը, չնայած ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը, սակայն հանրության ավելի հայտնի է որպես դերասան, սցենարիստ և պրոդյուսեր: Հումորային մի շարք մանրապատումների, ֆիլմերի և նախագծերի հեղինակ է: Պարբերաբար մասնակցում է հասարակական և քաղաքական իրադարձություններին, բողոքի ակցիաներին:

Ունեցվածք- Հայկ Մարությանը ԿԸՀ-ում հայտարարագրել է 4 մլն 700 հազար դրամ, 190 հազար դոլար, 10 հազար եվրո և 500 հազար չեխական կրոն, բացի դրանից ևս 17 մլն եկամուտ է գոյացել հոնորարներից: Վերջինս ունի շուրջ 10 անշարժ գույք, որոնց մեծ մասը գտնվում է Չեխիայում: Մարությանին է պատկանում «Նիսսան Տիդա» և 2017թ. արտադրության «Պեժո Տարտնյոր Թի Փի» մակնիշների ավտոմեքենաները:

Նախընտրական ծրագիր- Ավելի քան 50 կետից բաղկացած նախընտրական ծրագրում Մարությանը շեշտել է, որ Երևանի համար կարևորագույն խնդիրները լուծվելու են հանրաքվեի միջոցով: Ծրագրում մեծ կարևորություն է տրվել տրանսպորտին: Նախատեսվում է  մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել, որի համար կպահանջվի 50-100 մլն ԱՄՆ դոլար.

«Գծվելու է տրանսպորտի նոր ցանց եւ լինելու է երթեւեկության տոմսերի միասնական համակարգ: Երկարացվելու է երթեւեկությունը՝ մինչեւ 24:00-ն: Լինելու են նաեւ գիշերային երթուղիներ, որոնք աշխատելու են գիշերվա ժամը 3-4-ը»,- ասվում է դաշինքի նախընտրական ծրագրում:

«Երևանցիներ» դաշինք: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Արարատ Զուրաբյանին

Մասնագիտությամբ տնտեսագետ Զուրաբյանը «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահն է: Եղել է ՀՀ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ: 6 տարի շարունակ Կենտրոն համայնքի թաղապետ է եղել:

Ունեցվածք- Արարատ Զուրաբյանի միակ եկամուտն ԱԺ-ից ստացված աշխատավարձն է՝ մոտ 7 մլն: Բացի դրանից, ԿԸՀ է հայտարարագրել ևս 2 մլն դրամ և 15.000 ԱՄՆ դոլար: Ունի 3 անշարժ գույք և  Mercedes S-500 ու «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաներ:

Նախընտրական ծրագիր- Որևէ առանձնացված նախընտրական ծրագիր դաշինքը չունի: Զուրաբյանի հավաստմամբ՝ թիրախային ծրագիր ներկայացնելու անհրաժեշտություն չի եղել.

«Ես համարում եմ, որ Երևանը միասնական օրգանիզմ է և այն չի կարելի իրարից անջատ դիտարկել: Մեր քաղաքն ունի ոլորտային խնդիրներ և տրվելու են ամբողջական լուծումներ»,- ելույթներից մեկի ժամանակ նշել էր Զուրաբյանը:

Հաջորդիվ մասերում Forrights-ը կներկայացնի քաղաքապետի մյուս թեկնածուներին: (ՄԱՍ_2), (ՄԱՍ_3)    

 Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest