Կեղծ ընթերականեր ներգրավելով` քննիչը գործ է սարքել. ամբաստանյալ

0
103

Շրջադարձային ընթացք է ստանում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 33-ամյա Գագիկ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը: Կա հավանականություն, որ քննչական մարմինն ընդհանրապես հրաժարվի Կարապետյանին առաջադրված մեղադրանքից: Սեպտեմբերի 3-ին Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Կարապետյանի գործով նախաքննությունն իրականացրած քննիչի նկատմամբ`ենթադրաբար պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշով: Ընթանում է նախաքննություն:

2016 թվականից կալանքի տակ գտնվող Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2016 թվականի հոկտեմբերի 23-ին և հոկտեմբերի 30-ին Կարապետյանն ապօրինի մուտք է գործել Ստեփանավանի բնակիչներ Բաբայանի և Փիլիկյանի առանձնատներ, գաղտնի հափշտակել 203 000 դրամ գումար և 2 043 700 դրամ արժողության բիժու և ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:

Ընթանում է դատաքննություն և Կարապետյանին 2-ից 8 տարվա ազատազրկում է սպառնում: Տուժողները Գագիկ Կարապետյանի դեմ ցուցմունք չեն տվել, ընդամենը հաղորդում են ներկայացրել, որ իրենց բնակարանը թալանվել է: Իր գործը քննած քննիչի դեմ Դատախազությունում հաղորդում է ներկայացրել Գագիկ Կարապետյանը, ապա ՀՔԾ-ում բացատրություն է տվել: Նա պնդել է, որ իր վերաբերյալ քրեական գործի նախաքննության փուլում քննիչը կեղծիքներ է արել` իր դեմ գործ սարքել: Կազմել է մի շարք քննչական գործողությունների վերաբերյալ արձանագրություններ, ընթերակաները, թեև քննչական գործողություններին մասնակից չեն եղել, այդուհանդերձ, քննիչի հորդորով ստորագրել են արձանագրության տակ:

Սա ծանրակշիռ կերպով կասկածի տակ է դնում Գագիկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը, և օրինականությունն ընդհանրապես: Կարապետյանի հարազատները մեզ հետ զրույցում պնդում են, որ Ստեփանավան քաղաքում կա ընթերակաների ու ականատեսների խումբ, որոնք պարբերաբար իբր ականատես են լինում այս կամ այն հանցագործության: Տարբեր գործերով կասկածյալների դեմ ցուցմունքներ են տալիս` ականատես չլինելով դեպքին, կամ ներգրավվում են իբրև ընթերակա, ստորագրում քննչական գործողությունների վերաբերյալ արձանագրությունների տակ` չմասնակցելով դրանց:

Նույնն է տեղի ունեցել Գագիկ Կարապետյանի դեպքում: Քննիչը կատարել է 16 քննչական գործողություն, որոնց մասնակից են դարձել վերոնշյալ շահագրգիռ ընթերակաները: Քննիչը կազմել է զննության արձանագրություն, ըստ որի` իբր ընթերակաների մասնակցությամբ զննել է Կարապետյանի գաղտնալսված խոսակցությունները: Սակայն գործում ոչ ձայնագրության աղբյուրը կա, ոչ էլ ընթերականերն են մասնակցել քննչական գործողություններին:

Դատարանում ընթերակաները ցուցմունք են տվել, որ իրենք մասնակցություն չեն ունեցել ՝ ուղղակի քննիչը գրել է և իրենք ստորագրել են: Գագիկ Կարապետյանի գործով ընթերական մեկ այլ անձի` Դավիթ Դավթյանի գործով ՀՔԾ-ում հարցաքննվել է որպես որպես վկա: Հետո ներկայացել է քննչական մարմնին ու խոստովանել, որ սուտ ցուցմունք է տվել: Կարապետյանի գործով ընթերակա Նարեկ Գրիգորյանը և այլ ընթերականեր հարցաքննվել են միանգամայն տարբեր անձանց` Գագիկ Գյոզալյանի, Սամվել Ղուկասյանի, Հակոբ Կիրակոսյանի գործերով: Գագիկ Կարապետյանը ներկայացված փաստերն ապացուցող տվյալներ է ներկայացրել ՀՔԾ-ին:

Անդրադառնալով դատաքննության բուն փուլին, նշենք, որ գործով տուժողները Կարապետյանի դեմ ցուցմունք չեն տվել, ինքը՝ մեղադրյալը ևս հրաժարվել է ցուցմունք տալ:Մեղադրանքի հիմքում դրվել է մեկ անձի՝ Հարություն Վարոսյանի վկայությունը: Վերջինս, ըստ Կարապետյանի, համագործակցում է իր դեմ գործ սարքած ոստիկանների հետ և 7 անգամ փոխել է ցուցմունքները:

Ավելի վաղ Գագիկ Կարապետյանը հարազատների միջոցով Forrights.am-ին հայտնել էր, որ իր դեմ քրեական գործ են սարքել իրավապահ համակարգի մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ: 2016 թվականին նրան բնակարանային գողության կասկածանքով ձերբակալել են: Բարձրաստիճան ոստիկանները կաշառք են առաջարկել, որ եթե 3 չբացահայտված գործ իր վրա վերցնի, գումար կտան: Ինքը հրաժարվել է, որից հետո կալանավորվել է:

Ըստ Կարապետյանի, այսպիսի գործարք իրեն առաջարկել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Ոստիկանության Ստեփանավանի բաժնի նախկին պետ Սարգիս Այվազյանը: Նրանց միջև զրույցը տեղի է ունեցել ձերբակալման օրը: Ոստիկաններն այցելել էին Ձերբակալվածների պահման վայր: Ու քանի որ Գագիկը հրաժարվել է, կալանավորել են:Երկու դրվագով բնակարանային գողության մեջ մեղադրվող Գագիկ Կարապետյանը հայտարարում է, որ ոստիկաններն իր դեմ կեղծ քրեական գործ սարքել են քննիչներ Լևոն Պառավյանի ու Արամ Չիտչյանի հետ համագործակցությամբ:

Ամբաստանյալի աթոռին հայտնված երիտասարդը վստահ է, որ եթե օբյեկտիվ քննություն իրականացվի, իրեն ներկայացված մեղադրանքը կարող է վերացվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here