Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի հարձակման դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է: Գործում որպես մեղադրյալներ ներգրավված փաստաբաններ Արմեն Սողոմոնյանը, Սիմոն Բաբայանը և Արսեն Հարությունյանը հաշտվել են: Այս գործում տուժած, սակայն մեղադրյալի կարգավիճակ ստացած Արմեն Սողոմոնյանից տեղեկացանք, որ իրեն զանգել է Սիմոն Բաբայանի պաշտպան Հրանտ Անանյանը,ապա հանդիպել են Սիմոն Բաբայանի և Արսեն Հարությունյանի հետ։ Նրանք հայտարարել են, որ իրար նկատմամբ բողոք չունեն, ցանկանում են հաշտվել և չեն ցանկանում որևէ մեկը ենթարկվի քրեական պատասխանատվության:

«Երբ անձը չունի բողոք, բնականաբար, ես էլ չեմ ունենա որևէ մեկի վերաբերյալ բողոք՝ հաշվի առնելով մինչև այդ տեղի ունեցածը, նկատի ունեմ Տիգրան Աթանեսյանի պահվածքը: Մեզ բոլոր ճանաչողները գիտեն, որ շատ լավ ընկերներ ենք եղել, սակայն, վերջին ամիսներին Տիգրանի պահվածքը շատ անհասկանալի էր: Նա չէր պատասխանում իմ հեռախոսզանգերին, հաղորդագրություններին, ուղղակի կորել էր՝իմանալով, որ իմ վերաբերյալ քրեական գործը շարունակվում է, ես դեռևս մեղադրյալի կարգավիճակում եմ: Դրանից հետո գործն ուղարկեցին դատարան և ես հրապարակեցի մեղադրական եզրակացությունը: Վստահ եմ, որ ինքն այդ ամենի մասին տեղյակ եղել է»,- ասաց Արմեն Սողոմոնյանը՝ հավելելով, որ իրենց միջև որևէ խնդիր չի եղել և իրենք որևէ հարցի շուրջ չեն վիճել:

Փաստաբանի խոսքով՝ այդ ամենը սկսվել է այն ժամանակ, երբ նույն քրեական գործի շրջանակներում Աթանեսյանի մասով քրեական գործը քննիչի որոշմամբ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է և նա ստացել է վկայի կարգավիճակ:

«Գործի նյութերի ուսումնասիրության ժամանակ ես նկատեցի, որ իմ վերաբերյալ Տիգրանի տված ցուցմունքներում կան ռեալ հակասություններ: Ստացվում էր, որ ոչ թե նրանք են իմ վրա հարձակվել, այլ բոլորով հարձակվել էին իր վրա: Եթե այդ տրամաբանությամբ շարունակենք՝ նշանակում է, որ ոչ թե նրանք են ինձ վրա հարձակվել, այլ ես եմ նախահարձակ եղել: Եվ դրան հետևեց Տիգրանի՝ զանգերին ու հաղորդագրություններին չպատասխանելը, շփումները դադարեցնելը, մեկնաբանութունները թողնում են ընթերցողներին»,- ասաց Արմեն Սողոմոնյանը՝ շարունակելով՝

«Երբ օգոստոսի 23-ին եղավ դատարանի որոշումը՝ գործի կարճման վերաբերյալ, Տիգրանը նույնսիկ այդ ժամանակ չարձագանքեց, սակայն երբ Սիմոն Բաբայանի բողոքի հիմքով դատարանը վերացրեց քրգործը կարճելու վերաբերյալ որոշումը և փաստացի ինքը վերադարձավ մեղադրյալի կարգավիճակի, նոր սկսեց բողոքավոր կերպարով հանդես գալ և ներկայանալ որպես հալածյալ, որպես փաստաբանության պաշտպան: Իսկ եթե իմ մասին թույլ է տալիս արտահայտություններ անել 30 արծաթների վերաբերյալ, նախ թող նայի իր կերպարը՝ որպես ընկերոջ, ապա իմ կերպարը, նոր 30 արծաթի մասին խոսի»։

Հարցին, թե եթե չհաշտվեին ինչ ընթացք կունենար այս գործը, Արմեն Սողոմանյանն ասաց, որ եթե իրեն կոնկրետ չառաջարկեին հաշտվել, իրենք միանշանակ շարունակելու էին պայքարը:

«Փաստաբանության համար պայքարը կշարունակվեր այն դեպքում, եթե Տիգրան Աթանեսյանն ընկեր լիներ: Ինչ վերաբերում է, նրան որ Տիգրան Աթանեսյանը հայտարարում է, որ ինքը չի հաշտվել ու չի պատրաստվում հաշտվել, ապա թող չփորձի հանրությանն էլի մոլորության մեջ գցել: Ինքն այս գործով որպես վկա չէր կարող հաշտվել ինչ-որ մեկի հետ: Այնպես որ այդ հեքիաթներն էլ թող իզուր տեղը չպատմի: Իսկ որ գրել է, որ ինքն այդ տարիքում սխալվում է ընկեր ընտրելու մեջ, ապա իրոք ես եմ սխալվել»,- եզրափակեց Արմեն Սողոմոնյանը:

Փաստաբանների հաշտության մասին խոսեց նաև Արմեն Սողոմոնյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը՝ կոչ անելով Տիգրան Աթանեսյանին, որ ավելորդ մեկնաբանություններով հանդես չգան: «Հաշտվելը՝ գանձ է: Եկեք հաշվի առնենք մի բան, որ Արմենը՝ պատահաբար գտնվելով այնտեղ, ոչ իր խնդրի, այլ Տիգրան Աթանեսյանի խնդրի հետ կապված, իզուր տեղը ծեծ էր կերել: Եվ այս պայմաններում ընկերոջը թողնել մենակ, չհետաքրքրվել նրա ճակատագրով․․․ 30 արծաթի մասին խոսողները, թող առաջին հերթին իրենց վերագրեն այդ հանգամանքը: Հիմա բան էր, տեղի էր ունեցել, հուր հավիտյան չպիտի մենք թուր ու թվանք լինեինք միմյանց հետ: Մանավանդ մարդկանց կողմից պատրաստակամությունը կար, որպեսզի գործն ավարտվի օրենքով սահմանված կարգով՝ հաշտություն կնքելով»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Փաստաբանի խոսքերով՝ նախաքննության փուլում, հենց ամենսկզբից Արմենը թե՛ ցուցմունքներում, թե առերեսումերի ժամանակ ասել էր, որ ինքն իր մասով ուշ թե շուտ բողոքից հրաժարվելու է: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, սակայն իր գրասենյակում տեղի ունեցած դեպքի և դրա ընթացքի մասին այլ տեսակետ ունի, ասել է այն, ինչ կա:

«Այն, ինչ ես ուղիղ չեմ տեսել, չեմ ասել: Արմենի հետ կատարված դեպքն էլ եմ նկարագրել, ի վերջո մի մոռացեք, որ մենք այդ ամեն ինչին ունենք ականատես վկա, որը մանրամասն պատմել է, թե ով ինչ է արել, դա իմ օգնականն է: Նաև հարևաները կողքի գրասենյակից եկել պատմել են, թե ինչ են տեսել: Այսինքն՝ ապացույցներն առավել քան բավարար են, սա մեծ ծրագիր է այս գործը կոծկելու: Համոզված եմ, նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է սրա հետևում կանգնած: Որ գործը կոծկելու այս տարբերակը կա ես իմացել եմ անցյալ տարի աշնանը: Ես ցավում եմ, որ այդ տարբերակին մասնակից եղան մարդիկ, որոնք չպետք է մասնակից լինեին ՝ զուտ բարոյական տեսակետից, բայց ամեն մեկն ինչ կանի՝ իրեն կանի»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Խոսելով իր մասով գործի կարճման մասին՝ Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իր նկատմամբ հարձակում գործած անձանց քրեական գործի մասը կարճվել էր դեռ մարտ ամսին, որն ինքը վիճարկել է և հիմա էլ վիճարկում է և գործը գտնվում է առաջին ատյանի դատարանում:

«Կրկին նշեմ, սա իմ անձնական գործը չէ, եթե սա լիներ իմ անձնական գործը ոչ մեկ սրա մասին չէր իմանա: Սա փաստաբանությունը կործանող մարդկանց դեմ պայքարի մի մասն է, որպեսզի ցույց տամ, թե ովքեր են փաստաբանության գլխին կանգնած և ինչ օրի են հասցրել, որ երկրում կա 2000 գործող փաստաբան, իսկ ամենագիտակ մարդը իրավապահ համակարգից կարող է թվել 20-30 փաստաբանի անուն, ուղղակի այդ 20-30 հոգով մնացել ենք այս մասնագիտությունը պահողների դերում: Դրա համար է մեր պայքարը, այս գործը դրա մի մասն է, անձնական վրեժխնդրության ոչինչ չունեմ, այս քաղաքում մեծացած մարդ եմ: Իմ համար կյանքի տրագեդիա չի այս ամեն ինչը, բայց հասցնելու եմ նրան, որ այս մարդիկ կանգնեն պատասխանատվության առջև որպեսզի պարզվի ճշմարտությունը: Ո՞վ է դա արել, ո՞վ է հովանավորում »,- ասաց փաստաբանը:

Մեր այն դիտարկմանը, թե դատելով փաստաբանի ֆեյսբուքյան գրառումներից, կարո՞ղ ենք հասկանալ, որ նա դժգոհ է փաստաբանների աշտվելու փաստից են, Աթանեսյանն ասաց. «Խնդիրը բարոյականաության և մարդկային հարաբերությունների մեջ է»:

Լիլիթ Թադևոսյան

Pin It on Pinterest