Արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Քրեակատարողական նախկին պետ Արթուր Օսիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Փաստաբան Հայարփի Սարգսյանի բողոքն այսօր բավարարվեց Վերաքննիչ քրեական դատարանում:

«Վերաքննիչ բողոքիս բավարարումը նշանակում է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաններ՝ այդ թվում Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Արթուր Օսիկյանը, Դատապարտյալների հիվանդանոցի նախկին պետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը և «Էրեբունի» ԲԿ-ի մի խումբ բուժաշխատողներ հավանական է պատասխանատվության ենթարկվեն: Այս բոլոր իրավասու անձիք, ովքեր պարտավոր էին իրենց գործունեության շրջանակներում ամեն ինչ անել, որ մարդը չխոշտանգվի, ովքեր անտեսել էին իմ կողմից ներկայացված բոլոր դիմում-պահանջները, այսօր այս ամբողջի վերաբերյալ կհարուցվի քրեական գործ և կիրականացվեն համապատասխան դատավարական գործողություններ»,- հայտարարեց փաստաբանը:

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանը, ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, անհայտ անձի կողմից արձակված կրակոցներից վիրավորվել էր ազդրի, ոտքի և ծնկի մի քանի հատվածներում: Նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը շուրջ 2 տարի բարձրաձայնել է, որ իր պաշտպանյալն ունի բժշկական միջամտության կարիք, սակայն թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Քրեակատարողական հիմնարկը խնդրի լուծման համար որևէ քայլ չեն ձեռնարկել.

«Դեռ 2 տարի առաջ՝ առանց կալանավորման որոշման Հովհաննեսին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց՝ առանց բուժելու նրա վիրավոր ոտքը: Ես բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթղթեր, սակայն որևէ ընթացք չի տրվել իմ բարձրաձայնած խնդրին. փաստացի, նրանք անգործություն են դրսևորել: Այս մասին ես բողոք էի ներկայացրել Գլխավոր դատախազին, սակայն Դատախազությունը, շրջանցելով Քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածը, ոչ մի հստակ որոշում չէր կայացրել, այլ ընդամենը ինչ-որ մի գրությունով էր պատասխանել»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ Հովհաննեսի առողջական վիճակն օր օրի վատանում էր, ուստի հարկավոր էր խնդրին արագ լուծում տալ: Գլխավոր դատախազի «անգործությունը» բողոքարկելու համար վերջինս դիմել էր Առաջին ատյանի դատարան, սակայն, դատարանը, «անտեսելով այն փաստերը, որ տեղի է ունեցել հանցագործություն», հետ է ուղարկել փաստաթղթերը: Ինչպես պարզաբանեց Հայարփի Սարգսյանը, այս մասին ինքը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան, որի դատավոր Արսեն Նիկողոսյան այն այսօր բավարարեց:

Ամիսներ առաջ՝ հունիսի 15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանը փոխեց շուրջ 2 տարի անազատության մեջ գտնվող Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը 1000000 դրամ գրավի դիմաց: Ազատ արձակվելուց օրեր անց, Հարությունյանը լուրջ վիրահատության ենթարկվեց: Այսօր նա ժամանակ առ ժամանակ ստացիոնար բուժում է ստանում և պատրաստվում երկրորդ անգամ վիրահատվել.

«Ամբողջ 2 տարի բժիշկները պնդում էին, որ Հովհաննեսի վիրահատության կարիք չունի և նրա առողջական վիճակը բավարար է, սակայն ազատ արձակվելուց օրեր անց, բժիշկները շտապ վիրահատություն նշանակեցին: Իմ պաշտպանյալին առողջական բարդ շրջան է սպասվում, ես կասեի տարիների ստացիոնար բուժում է անհրաժեշտ, որ ամբողջության վերականգնվի վնասված ոտքը»,- իր խոսքն ավարտեց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Վերջում փաստաբանը նշեց, որ Հովհաննեսի վիրավորում ստանալու դեպքի մասին ինքը 2 հաղորդում է ներկայացրել, սակայն այս պահին որևէ ընթացք չի տրվել գործին:

Հավելենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, զավթել և պահեր շենքեր, շինություններ և տևանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակով պատանդ վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն և ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափի վնաս:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest