Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկամսյա դադարից հետո այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով։ Նրանցից 7-ի խափանման միջոց կալանքն այս պահին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով՝ գրավով, ստորագրությամբ եւ անձնական երաշխավորությամբ։ Պավլիկ Մանուկյանը, Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը շարունակում են մնալ կալանավորված։

Նիստն այսօր շարունակվեց արդեն տուժողների հարցաքննությամբ։ Նախորդ նիստին դատարան էին ներկայացել 2016թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՊՊԾ գնդում ծառայություն իրականացնող 5 ոստիկաններ՝ Խաչատուր Մուրադյանը, Տիգրան Դանիելյանը, Արթուր Հարությունյանը, Վլադիմիր Սիրեկանյանը եւ Հովսեփ Սարգսյանը։ Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը տուժողների հետ միասին ճշտել էր վերջիններիս անուն ազգանունները, բնակության վայրերը եւ աշխատանքի բնույթը։

Ցուցմունք տալու համար, առաջինն ամբիոնին մոտեցավ ՊՊԾ գնդում հերթապահություն իրականացնող Խաչատուր Մուրադյանը։ Նա դատարանին ներկայացրեց «Սասնա Ծռեր» խմբավորման մուտքը գնդի տարածք։ Ըստ Մուրադյանի ցուցմունքի, ժամը 03:00-ի սահմաններում, ինքը հերթապահությունը հանձնել է իր օգնական Գագիկ Մկրտչյանին եւ գնացել քնելու։ 2 ժամ չանցած, շատ ուժեղ հարվածի ձայնից արթնացել է եւ տեսել, որ ՊՊԾ գունդ է ներխուժել «ԿՌԱԶ» մակնիշի մեքենա.

«Վազելով դուրս եմ եկել եւ աստիճաններին հանդիպել Դանիելյան Տիգրանին, ինքն էլ տեղեկություն չուներ՝ ինչ է կատարվում։ Վազել եմ ՀԱԿ, որի կողքի քանդված պարիսպի ու «ԿՌԱԶ»-ի արանքից տեսել եմ, որ զինված մարդիկ են մտնում գնդի տարածք։ Հետ եմ թեքվել ու վազել հերթապահ մաս, որ զենք վերցնեմ, սակայն այդ ժամանակ լսեցի «Կանգնի՛ր, թե չէ կկրակեմ» հրահանգը։ Ես շարունակեցի վազել, ինչից վայրկյաններ անց իմ հետեւից կրակոցի ձայն լսեցի, ապա արագ թաքնվեցի գնդի արձաններից մեկի հետեւում»,- ներկայացրեց ՊՊԾ գնդի հերթապահը։

Շարունակելով ցուցմունքը, Մուրադյանը շեշտեց, որ իրեն է մոտեցել Սեդրակ Նազարյանն ու մեկ ուրիշը, ում չի ճանաչում։ Նրանք հրահանգել են բարձրացնել ձեռքերը եւ չշարժվել։ Ապա սկսել են իրեն հարվածել ու հայհոյանքներ հնչեցնել՝ ուղղորդելով դեպի զինանոց.

«Ես նրանց ասացի, որ դուռը ներսից է բացվում, սակայն ինձ չհավատացին։ Որոշ ժամանակ անց, Բիլյանն ու Խանդոյանը մի քանի անգամ կրակեցին դռան վրա եւ ջարդելով ներս մտան, ներսից կրակահերթ լսեցի։ Պահանջեցին, որ մյուս դուռը բացեմ, ասեցի՝ բանալիով է բացվում, սկսեցին հայհոյել։ Այդ ժամանակ Գագիկ Մկրտչյանին տեսա, ով գոռաց՝ վա՜խ, մեռա ու ընկավ գետնին։Ես ցանկացա օգնել, բայց նրանք չթողեցին։ Դեպի բանալին վերցնելու, ինձ ուղեկցում էին Վարուժանը, ով անզեն էր, Արմեն Լամբարյանը եւ Արթուր Մելքոնյանը։ Սենյակ հասնելուն զուգահեռ, ձեռքս գցեցի ռացիային, որ Շտապ օգնություն կանչեմ, բայց այդ պահին Լամբարյանը երկաթյա խողովակով հարվածեց ինձ։ Ես ձեւացնում էի, որ բանալին չկա ու դուռը չէի բացում։ Պավլիկը, հասկանալով, որ միտումնավոր չեմ բացում, մոտեցավ ինձ ու ասեց՝ դե որ չես բացում, արի էս կողմ։ Էդ պահին կողքից մեկն ասում էր. «Բերեք ես սրան սատկացնեմ, գլխից խփեմ»։ Մտան զինանոց, ինչից հետո Պավլիկը հրաման տվեց, որ ինձ հանեն դուրս։ Մենք գնացինք ֆիզհրապարակ՝ տեղանքն ուսումնասիրելու։ Օգտվելով այն հանգամանքից, որ նրանց ուշադրությունը շեղվել է, ես վազելով անցա ցանկապատը եւ ինձ դուրս գցեցի գնդի տարածքից։ Խորենացի փողոցով վազելու ընթացքում տեսա, որ ոստիկանական զորքերը շրջապատել են տարածքը։ Մոտեցա նրանց եւ պատմեցի գնդում տեղի ունեցածը։ Մոտ 15 րոպե անց նկատեցինք Գագիկ Մկրտչյանին, ով հազիվ քայլելով մոտենում էր մեզ։ Արագ Շտապ օգնություն կանչեցինք եւ հասցրինք հիվանդանոց»,- իր ցուցմունքն ավարտեց ՊՊԾ գնդի հերթապահ Խաչատուր Սուքիասյանը։

Ողջ հարցաքննության ընթացքում, դահլիճում գտնվող համակիրները սարկազմով էին ընդունում տուժողի խոսքերը, ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկնաբանություններ թողնում նրա հասցեին։ Այնինչ 10 ամբաստանյալներից եւ ոչ ոք ձայն չէր հանում, լուռ լսելով տուժողին։

Ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանը տուժողին հարցրեց` իսկ տեղյա՞կ եք եղել, որ Հայաստանում իշխանությունը յուրացված է եղել, որին Մուրադյանը պատասխանեց՝ոչ, տեղյակ չեմ եղել:

Պավլիկ Մանուկյանն իր հերթին հետաքրքրվեց` արդյո՞ք Գագիկ Մկրտչյանը վիրավորված է եղել որովայնից, թե՞ վնասվածք է ստացել թիկունքից։ Տուժող Մուրադյանն ասաց, որ չի տեսել,քանի որ թիկունքով է եղել։

Դատավոր Մակյանն անդրադարձավ Պավել Մանուկյանի այն հայտարարությանը, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանը սպանվել է ոչ թե Արմեն Բիլյանի, այլ Էդվարդ Գրիգորյանի արձակած կրակոցից։ Նա տուժողին հարցրեց` գնդում լինելու ժամանակ լսե՞լ է, որ Գագիկ Մկրտչյանը սպանվել է Արմեն Բիլյանի կամ Էդուարդ Գրիգորյանի կրակոցից, ինչին տուժողը բացասական պատասխան տվեց:

Մի քանի հարցերից հետո տուժողի ինքնազգացողությունը վատացավ: Մի քանի ճշտող հարցերից հետո դատարանն ավարտված համարեց տուժող կողմի հարցաքննությունը։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest