Զինվորներին դարձրել են վարձկաններ ու հանել ժողովրդի դեմ. նոր բացահայտումներ մարտի 1-ի գործով

0
231

«Քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի միջոցառումներին, այլ բանակը կրակել է: Բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ Զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից Լեո փողոցի շենքերի պատշգամբների ուղղությամբ կրակ են արձակել, այն բանից հետո, երբ շենքերից մեկից վառվող շիշ է նետվել: Բանակն ամբողջ ծավալով մասնակցել է մարտի 1-ի գործողություններին»,- այսօր հրավիրված ասուլիսում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն մարտի 1-ի գործով այսպիսի աղմկահարույց բացահայտումներ արեց:

Պետք է հասարակությունն իմանա, թե 2008 թվականի մարտի 1-ին ինչ է իրականում տեղի ունեցել: Ըստ Սասուն Խաչատրյանի` քրեական գործի նյութերով ապացուցված է, որ գաղտնի 0038 հրամանից հետո սահմանում կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի: «Ստեղծվել է վտանգավոր իրավիճակ և արդյունքում դիվերսիա է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանում: Այսինքն` ազդել են բանակի մարտունակության վրա»:

Ըստ ամենայնի` մյուս զինծառայողները սահմանից հետ են բերվել մայրաքաղաք: ՀՔԾ պետի խոսքով` նախկին պաշտոնյաները բանակի զինվորներին վարձկաններ են դարձրել: Դա արդեն իսկ հիմնավորվել է քրեական գործով: Օլիգարխների կողմից փետրվարի 23-ից մինչև մարտի 7-8-ը ընկած ժամանակահատվածում բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որպեսզի զինվորները պաշտպանեն օլիգարխներին ու իրենց ունեցվածքը: Սասուն Խաչատրյանը լրագրողներին ցուցադրեց քննիչի կողմից առգրավված մի մատյան, որտեղ հատ առ հատ նշված են զինծառայողների անուններ և գումարների չափեր, որոնք բաժանվել են այդ զինծառայողներին:

«Դրանց դիմաց առկա են զինծառայողների ու նրանց հրամանատարների ստորագրությունները: Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվներից: Ինչպես են այդ մարդիկ բացատրելու, թե ինչու են բանակի զինծառայողներին դարձրել վարձկաններ ու հանել ժողովրդի դեմ»: Խոսքը գնում է շուրջ 180 միլիոն դրամի մասին: Նա խոստացավ առաջիկայում հրապարակել օլիգարխների հաշվեհամարները, իսկ անունները հրապարակել չցանկացավ. «Նշեմ, որ փախչե ՞ն»:

ՀՔԾ պետը հայտարարեց` քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել, որ օլիգարխների թիկնազորներին բաճկոններ են բաժանվել: Պաշտպանության նախարարության պահեստից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին. «Բաժանվել են, որպեսզի զինծառայողներից շատ չտարբերվեն ու պրովոկացիաներ անեն, իսկ թե ում են բաժանվել, քննության ավարտին բոլորդ կտեղեկանաք»,- հայտարարեց Սասուն Խաչատրյանը: Նա ևս մեկ ուշագրավ բացահայտում արեց. շեշտեց, որ մարտի 1-ի զոհերից ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, ուստի իրենք այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք են տարել:

«Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից, մենք այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Մեր տարբերակն այն է, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի, ինչը նախաքննությամբ հիմնավորվել է»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններով հիմնավորվել է, որ եղել նշանառված կրակոցներ «Չերյոմուխա» զինատեսակից և որևէ անզգուշության մասին խոսք չկա: Ըստ Սասուն Խաչատրյանի` սա փաստում է մեկ բան, որ նախկինում 3 անձի մեղադրանք առաջադրելը` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու մասով, այնքան էլ ճիշտ որոշում չի եղել և առաջիկայում «Չերյոմուխա»-ից կրակած անձանց կմեղսագրվի դիտավորյալ սպանություն կատարելը:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը խոստացավ առաջիկայում խոսել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ահռելի ունեցվածքի մասին. «Որ ինքն ասում է` մենք ոչ մի բան չունենք, փաստերով կխոսենք և կհրապարակենք` ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել: Ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը` 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում: Ունենք ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ոնց է Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր: Ունենք գումարի սկզբնաղբյուրը և ունենք, թե ոնց էդ գումարը փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին»: ԱԱԾ պետը ձեռքի տակ ուներ փաստաթղթերի մի տրցակ, որոնցում շարադրված էին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող հարստությունները: Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ 10 օր առաջ այս փաստերով հարուցվել է քրեական գործ` փողերի լվացման հատկանիշներով:

«Ռոբերտ Քոչարյանը ներգրավվելու է այս գործում: Խոսքը գնում է 100 միլիոնավոր դոլարների մասին: Մարդիկ որ ասում էին` բա ուր ա Սաշիկի 50%-ները, ուզում եմ ասել, որ Սաշիկի 50%-ները բանկում պահած ա: Հավատացեք` առաջիկայում ամեն ինչ կհրապարակվի: Միլիարդավոր դոլարներ են այս երկրից գողացված»,- ասում է Արթուր Վանեցյանը: Գումարների մի մասը պահվում է արտերկրի, մյուս մասը` Հայաստանի բանկերում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here