«Հայաստանում իրադրության փոփոխության հետ կապված, անբնական վիճակ է տիրում. հայտարարում են՝ մենք չենք ընդունում քաղբանտարկյալներ մեր երկրում, բայց փաստացի տեսնում ենք, որ այս պահին Շանթ Հարությունյանը նստած է: Եկեք նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով դատապարտվել էր Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, իսկ Շանթ Հարությունյանն այս պահին բանտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,- այս մասին երեկ իրենց ակցիայի ժամանակ հայտարարեց «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Թունյանը:

Գլխավոր դատախազության շենքի առաջ հավաքված մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի: 2013թ. նոյեմբերի 5-ին, երբ Մաշտոցի պողոտայում բախում տեղի ունեցավ Շանթի, նրա ընկերների և ոստիկանների միջև, 14 անձ քրեական պատասխանատվության ենթարկվեց: Նրանից մինչ օրս միայն Շանթ Հարությունն է, որ շարունակում է մնալ բանտում: Մյուսների պատժի կրման ժամկետը կամ ավարտվել է կամ էլ նրանց նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց և նրանք ազատ են արձակվել ստորագրությամբ կամ գրավով:

Շանթ Հարությունյանը, սակայն, հրաժարվել է բաց կամ կիսաբաց ռեժիմով պատիժը կրել. վերջինս արդարացում է պահանջում, շեշտելով. «Ես բանտարկվել եմ իմ քաղաքական հայացքների պատճառով»: Հայաստանյան իշխանափոխությունից հետո, Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե իր հայրն անարդարացիորեն է գտնվում բանտում, ուստի իրենց ոչ թե պատժի կրման փոփոխություն է անհրաժեշտ, այլ արդարացում:

«Եթե մարդը չի կատարել այդ հանցանքը, ապա ինչի՞ պետք է ստորագրի և ընդունի մի բան, որը չի արել, ինչից հետո նոր գտնվի ֆիզիկական ազատության մեջ: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, ուրեմն քաղբանտարկյալին վայել կարգավիճակով նա պետք է դուրս գա բանտից, ոչ թե շարքային հանցագործի նման: Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ ղեկավարը եթե ասում է՝ երկրում կա քաղբանտարկյալներ, ապա հստակ ազատություն պետք է տրվի այդ անձանց: Սա բացառիկ երևույթ է ամբողջ աշխարհում. երկրի ղեկավարը հայտարարում է, որ իր երկրում կա քաղբանտարկյալ և ազատ չի արձակում»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը:

Նկատենք, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը Շահենը չէր. այս ակցիան կազմակերպել են մի խումբ մտահոգ քաղաքացիներ: Նա նշեց, որ ինքն իրեն խոստացել է մինչև հոկտեմբերի 7-ը ոչինչ չնախաձեռնել. «Ինքս որպես քաղաքացի եմ մասնակցում այս ակցիային, քանի որ Շանթ Հարությունյանի համար պայքարում եմ ոչ միայն որ հայրս է և վերջ, այլև այն պատճառով, որ երկրում կա քաղբանտարկյալ և հիմա նա ազատության մեջ չէ»,- հավելեց նա:

Բողոքի ակցիայի դիմաց անցկացվեց ստորագրահավաք, որին միացան «Ժառանգություն» և «Պահպանողական» կուսակցությունները, 7 կազմակերպություններ և մոտ 40 քաղաքացիներ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Շանթ Հարությունյանն օր առաջ պետք է ազատ արձակվի, քանի որ Հայաստանն այլևս առանց քաղբանտարկյալների պետք է շարունակի իր ուղին.«Նոր Հայաստանում որևէ տեղ չկա քաղբանտարկյալներ ունենալու համար:

Շանթ Հարությունյանը պետք է նոր իրավաքաղաքական մոտեցմամբ ազատ արձակվի, այլընտրանք չկա: Հիշենք, որ պարոն վարչապետը նույնպես քաղբանտարկյալ է եղել, բայց ամեն մեկը յուրովի է մոտենում այս հարցին: Իմ կարծիքով՝ ինքն այն ժամանակ, ինչպես այսօր Շանթ Հարությունյանը, արդարացման իրավունք ունի։ Նոր Հայաստանն իր խոսքը և գործը պետք է մեկ անի։ Վարչապետը շատ խելացի, լայն մտահորիզոնի տեր գործիչ է, և եթե քաղաքական և իրավական կամքը պետության կողմից կա, ինքը ձև կգտնի, ես չեմ, որ պետք է հուշեմ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Սեֆիլյանի և մյուսների գործ»-ով դատապարտված Արթուր Մովսիսյանն այսօր ևս Գլխավոր դատախազության շենքի առջև էր: Չնայած, Շանթի ընկերը չէ, բայց կիսում է նրա մտահոգությունները և շեշտում՝ Շանթը պետք է արդարացվի: Ըստ Մովսիսյանի, Շանթին ազատ արդարացնելու համար, եթե իշխանություններն այլ ճանապարհ չեն կարողանում գտնել, ապա իրենք առաջարկում են՝ քրեական գործը վերաբացել ու արդարացի որոշում կայացնել.

«Հեղափոխության տրամաբանությունից ելնելով, Շանթ Հարությունյանը և մյուս քաղբանտարկյալները պետք է անհապաղ արդարացվեն, դա է հեղափոխության սիմվոլիկան»,- իր խոսքն ավարտեց Մովսիսյանը:Բողոքի ակցիայի վերջում, նախաձեռնության անդամները ստորագրված դիմումն անձամբ հանձնեցին Գլխավոր դատախազության աշխատակիցներին՝ ակնկալելով խնդրի հապշտապ լուծում:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest