Գետամեջ գյուղի վերջին տներից մեկում սուգ է, դարպասի վերևում լույսը՝ օր ու գիշեր վառ: Հարևանները, բարեկամները մենակ չեն թողնում Արթուր Գևորգյանին ու նրա կնոջը՝ Ալվարդին: Մի քանի օր առաջ Արթուրն ու Ալվարդը թաղել են որդուն՝ ժամկետային զինծառայող Վանիկին, ու հիմա շոկի մեջ են: «Ինձ թվում ա, էս ամենը, ինչ կատարվեց, իսկական չի, էկրանի մեջ ա երևում, — ասում է Ալվարդ Սարգսյանը, — չեմ հավատում, որ տենց բան ա եղել, ինձ թվում է, հիմա կգա, սպասում եմ»:
22 տարեկան Վանիկ Գևորգյանը, որն արդեն մեկ տարուց ավելի ծառայում էր Արցախի բանակում, սպանվել է Արցախի «Արա լեռ» կոչվող զորամասերից մեկում, խորհրդավոր հանգամանքներում:
Մարմինը հայտնաբերել են սեպտեմբերի երկուսի երեկոյան, կիսաքանդ շինության ներսում: Երիտասարդի վզին պարան է եղել փաթաթած: Խեղդամահ եղածի համար բնորոշ վնասվածքներ են հայտնաբերվել պարանոցին: Նախաքննության մարմինը նախնական վարկած է առաջ քաշել՝ ինքնասպանություն կախվելու միջոցով: Սակայն կախվածի համար անբնական, տարօրինակ դիրքում է եղել Վանիկի մարմինը՝ ոտքերը գետնին:
Ինքնասպանության վարկածն այնքան անհավանական է թվում, որ Արցախի ՊԲ-ն զինծառայողի մահվան առթիվ տարածված հաղորդագրության մեջ հատուկ նշել է, որ մահը վրա է հասել «դեռեւս լրիվությամբ չպարզված հանգամանքներում»: «Կամանդիրի ասելով, երեխու հետույքը 15-20 սմ էր գետնից բարձր, ոտքերը գետնին ընկած են եղել, պարանը գցել է կիսաքանդ շինության պատուհանից, մարմինը եղել է նստած վիճակում: Ոնց կարա ինքն իրեն կախած լինի», — պատմում է Վանիկի հայրը՝ Արթուր Գևորգյանը:
Ոչ նա, ոչ էլ զոհվածի մայրը չեն հավատում ինքնասպանության վարկածին: «Իմ տղան աշխույժ, ուրախ, ոչ մի պրոբլեմ չուներ: Շատ գոհ էր ծառայությունից: Ասում էր՝ շատ նորմալ ա, շատ լավ ա: Եթե մի բան լիներ, ինտոնացիայից կզգայի», — ասում է Արթուր Գևորգյանը: Որդու թաղման օրը Արցախի զորամասից ժամանած սպաներից նա չի կարողացել բացատրություն ստանալ, թե ինչ է պատահել որդու հետ: «Մենք էլ չենք պատկերացնում, ինչ է եղել», — ասել են նրանք: Հայտնել են նաև, որ դեպքի վկաներ չկան:
«Չեմ պատկերացնում, որ դա կարող էր լինել: Նա շատ ուժեղ էր, նրան հեշտ չէր կոտրել: Եթե ինքնասպան է եղել, ուրեմն, ինչ որ ժամանակ էր պետք, որ նա հասներ այդ վիճակին, մարդու մոտ դա պետք է լինի վերջին քայլը», — վրդովվում է մայրը:
Վանիկ Գևորգյանը հաղթանդամ, բարձրահասակ երիտասարդ էր: Ֆիզիկապես ամուր: Զորամասում նա վարորդ էր աշխատում: «էներգիայով հարուստ, կյանքը մեջը եռում էր, ինքն անընդհատ շտապում էր, շտապում, երևի, գիտեր որ սենց կարճ պետք է լինի իր կյանքը», — ասում է մայրը, նաև հիշում որ որդին սպորտսմեն է եղել, մարտարվեստների է տիրապետել, այդ թվում դյուդոյի, նրան ընկճել, կամ կռվի մեջ հաղթելը շատ դժվար կլիներ:
«Երևի, տղայիս սպանել են, բայց ուժները չի պատել բարձրացնեն վերև, ոտքերը թողել են գետնին», — փորձում է գուշակել Ալվարդը: Վանիկը թատերական ինստիտուտն էր ավարտել, օպերատորական բաժինը: Աշխատում էր հայտնի ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ:
«Ես կհավատայի, եթե ասեին, որ Վանիկի պատճառով 5 հոգի կախվել են, բայց որ Վանիկն ա կախվել, էդ աբսուրդ ա», — ասաց Forrights.am- ին Արամ Շահբազյանը: Նա ներկա է եղել երիտասարդ զինվորի դիահերձմանը: Պատմում է.
«Բռնության հետքեր չկային, բայց վզին «տուկի» թել է եղել, իսկ դա կտրող թել է: Միակ բանը, որ բժիշկներն ասում էին՝ գործողությունն արվել է կենդանության օրոք: Շատ կասկածելի է դիրքը, որում նրան գտել են: Ցանակած խեղդվող պրոցեսի որոշակի պահից սկսած փորձում է իրեն փրկել:
Վանիկի ոտքերը կպած են եղել գետնին: Նա կարող էր վեր կենալ, կանգնել, կամ պպզել ու փրկվել: Դրա համար ինձ էս ամենը միստիկա ու աբսուրդ է թվում: Բռնության հետք չկա, բայց չի բացառվում, որ պրոցեսի ժամանակ վկաներ են եղել այնտեղ»:
Վանիկի հարազատները հավատում են, որ քննիչները կբացահայտեն իրենց որդու մահվան առեղծվածը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: