Մայր ու աղջիկ` 82-ամյա Ալվարդ Մուրադյանն ու 61-ամյա Ազատուհի Գալստյանը, ընկել են մի ծուղակի մեջ, որից փրկություն գրեթե չի երևում: Սեպտեմբերի 11-ին Դատական ակտերի հարկադիր ծառայությունն աճուրդի կդնի Ազատուհու փոքրիկ, անշուք ու գորշ բնակարանը: Նրա ու ընկերոջ` Ալբերտ Փաշայանի 17 տարվա համատեղ կյանքն ավարտվել է թշնամանքով: Անկողնուն գամված կինը, որ երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, մտքերը հազիվ է հավաքում` պատմելու գլխովն անցածը: Կնոջ պատմելով` 2008 թվականին Ալբերտն իրեն ստիպողաբար, ծեծուջարդով տարել է նոտար, որպեսզի դարձնի մեկսենյականոց բնակարանի համասեփականատեր.

«Ասեց` գնանք տունը իմ անունով դարձրու, ամբողջ տունը: Բայց նոտարը իր անունով չձևակերպեց, ասեց` ավելի լավ ա կեսը ձևակերպենք»: Այդ ժամանակ արդեն Ազատուհին հաշմանդամության փաստաթուղ է ունեցել և հարազատների խոսքով` Ալբերտն իրավունք չուներ առանց վկաների նրան տանել նոտար` գործարք կատարելու: Կնքվել է բնակարանի կեսի առքուվաճառքի պայմանագիր, ըստ որի` 6 միլիոն դրամ Ալբերտ Փաշայանը փոխանցել է Ազատուհի Գալստյանին: Վերջինս կտրականապես հերքում է այս հանգամանքը` ինքն այդպիսի գումար չի ստացել:

Ալբերտը տարիներով ծեծել ու նվաստացրել է Ազատուհուն. «Գլխուղեղի արյան զեղում եմ ստացել էնքան ա խփել գլխիս, աջ թևս չի աշխատում: Շատ վատ էր վարվում ինձ հետ: Ոչ հարևաններին, ոչ բարեկամներին, ոչ մեկին չէր թողնում գան-գնան, չէր թողնում շփվեն ինձ հետ»,- պատմում է Ազատուհին: Պարբերական բռնությունները կնոջը դարձրել են հաշմանդամ:

Ալվարդ Մուրադյանը օրերից մեկ օր աղջկան գտել է խոշտանգված. «Մի օր եկա աղջկաս այցելության, մտա տուն, տեսնեմ գետինն արյուն ա, հարցրի` էս ինչ ա, աղջիկ ջան: Պարզվեց Ալբերտը խփել ա քիթ մռութները արյան մեջ կարած, գետինն էլ: Հարևան մի տղամարդ, որ արդեն մահացած ա, տեսնում ա, թե ոնց ա ծեծում Ազատուհուն, ասում ա` ում քրոջն ես ծեծում, ուզում ա խփի, աղջիկս երկուսի արանքն ա ընկնում, որ դատ-դատարանի դուռ չհասնեն»:

Ընտանիքի մտերիմ հարևաններից Մարիամ Շահխաթունին այս պատմության ականատեսն է: Նա ևս վկայում է հարևանուհու նկատմամբ պարբերական բռնությունների մասին: Ծեծուջարդից հարևանուհու բղավոցներն ու օգնության խնդրանքները հանրակացարանի միջանցքում պարբերաբար լսվում էր. «Էստեղ բոլորը գիտեին, որ միշտ ծեծում էր Ազատուհուն»: Խոշտանգված կինը 2011 թվականին ինսուլտ է ստացել, երկար օրեր պառկել հիվանդանոց:

Ազատուհու ձեռքի տակ եղած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզում ենք իրավական անհամապատասխանություն: Կարելի է կասկածել, որ Ալբերտ Փաշայանը բնակարանի սեփականության վկայական ձեռք է բերել ոչ օրինական ճանապարհով:

Համաձայն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած փաստաթղթի` 2008 թվականին բնականարանի համասեփականատեր գրանցվելուց հետո Ալբերտ Փաշայանը բնակարանի գնման պայմանագիր է ստորագրել Ազատուհի Գալստյանի հետ: Այդուհանդերձ, Կադաստրը չի գրանցել Փաշայանի սեփականության իրավունքը: Բայց սա չի խանգարել Ալբերտ Փաշայանին 2010 թվականից ունենալ բնակարանի սեփականության վկայական: Ըստ Ազատուհու և նրա մոր` Ալբերտը կաշառքի ու կեղծիքի գնով է տիրացել այդ փաստաթղթին:

2015 թվականին Ալբերտ Փաշայանը դիմում է դատարան` հայցով, որպեսզի բնակարանի` իրեն պատկանող ½-րդ մասի արժեքն իրեն փոխհատուցվի: 2016 թվականին Առաջին ատյանի դատարանը բավարարել է պահանջը: Ազատուհի Գալստյանը դատական որոշումը բողոքարկել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատական ատյաններում: Ապարդյուն: Որոշումներ են կայացվել հօգուտ Փաշայանի և Առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է ուժի մեջ: Ազատուհի Գալստյանին երկու ամիս ժամանակ է տրվել, որպեսզի 3 միլիոն 750 հազար դրամ գնահատված բնակարանի կեսը վճարի Ալբերտին:

Ազատուհին չի վճարել պահանջվող գումարը և Դատական ակտերի հարկադիր ծառայությունը սեպտեմբերի 11-ից բնակարանը հանելու է աճուրդի:

Ազատուհու մայրը` Ալվարդ Մուրադյանը պատմում է, որ հանրակացարանի այս սենյակը 1997 թվականին ինքն է գնել ու 2004 թվականին ձևակերպել աղջկա անունով: Ալբերտ Փաշայանը ոչ մի կապ չունի սեփականության հետ: Ի սկզբանե նրա նպատակը բնակարանին տիրանալն էր.

«Իմ առած տունը տամ իրան, հետո իմ աղջիկը մնա դուրսը: Եթե տունը աճուրդով վաճառվի, ես չեմ կարա իրան իմ մոտ տանեմ, տեղ էլ չկա, մնալու ա դուրսը: Սենց խարդախություն ես չէի տեսել, ոնց որ քեզ սպանեն` ոչնչացնեն»,- բորբոքված ասում է տիկին Ալվարդը:

Մարիամը ևս հայտարարում է, որ Ալբերտ Փաշայանը վաղուցվանից էր մտադրվել Ազատուհու ձեռքից խլել բնակարանը. «Մի անգամ իմ տան ռեմոնտին օգնելիս Ալիկը (նկատի ունի Ալբերտ Փաշայանին, խմբ.) ասեց` ես պիտի իմ կնոջը Վարդաշեն ղրկեմ` մոր տուն, ասեց` մի քանի հազար կտամ ձեռքը, թող գնա, ես պիտի տունս վաճառեմ 18 000 դոլարով»:

Մայր ու աղջիկ ակնկալում են իրավապահների միջամտությունը:

Ռոբերտ Անանյան

Pin It on Pinterest