«Ես չէի կարա մի նախադասության համար մարդ սպանել». կուրսանտի գործով ամբաստանյալ

0
17

«Ես ինձ բացարձակ մեղավոր չեմ ճանաչում: Ոչ տեսել եմ, ոչ՝ լսել»,- հայտարարեց 19-ամյա Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանության գործով անցնող մեղադրյալ Մովսես Ազարյանը և չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շուրջ մեկ ամիս արձակուրդից հետո այսօր շարունակվեց 2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի կուրսանտ՝ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժանությամբ սպանության գործի քննությունը։ Շուրջ կես ժամ ուշացումով սկսված դատական նիստին ամբաստանյալները ներկայացան անվրդով, իսկ նրանցից Վաչե Սահակյանն էլ առիթն օգտագործեց և ողջունեց իր հարազատներին:

Գործով մեղադրվող վերջին ամբաստանյալ Մովսես Ազարյանի նախաքննության և դատաքննության ժամանակ տված ցուցունքների մեջ էական հակասություն առաջացավ: Մասնավորապես, նախաքննական ցուցմունքների ժամանակ, Ազարյանը կտրականապես հերքել էր, որ դեպքի օրն ինքն ալկոհոլ է օգտագործել, շեշտելով՝ «գլխիս սարքում են»: Այնինչ, այսօր ցուցմունք տալու ժամանակ, դատարանին հայտարարեց, որ, այո՛, փորձագիտական եզրակացությունը ճիշտ է եղել, ինքն իրոք ոգելից խմիչք է օգտագործել.

«Էն ժամանակ խաբել եմ, որ չհեռացնեն ինստիտուտից: Չէի ուզում մի բաժակի պատճառով հեռացվեի ինստիտուտից: Բայց էլի եմ ասում՝ մի կես բաժակ բան ա եղել: Վաչեի ծնունդն էր, ամեն մեկս մի քիչ բան ենք խմել»,- նշեց Ազարյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը փաստեց՝ ամբաստանյալի մեզի փորձաքննության անալիզը ցույց է տվել, որ ալկոհոլը մեծ չափաբաժնով է եղել, ինչն էլ թեթև հարբածություն է որոշել: Ազարյանն էլ իր հերթին հակադարձեց՝ փորձաքննությունը սխալ է արձանագրել:

Անցում կատարելով վկաների այն ցուցմուքններին, թե հենց Մովսեսն է կեղծել Հայկազ Բարսեղյանի ձեռագիրը և նրա անունից գրել նամակը, Ազարյանը հերքեց.

«Ես երբեք չեմ փորձել ինչ-որ մեկի ձեռագիրը կեղծել: Չեմ կարող ասել, թե գրության մեջ ինչ է նշանակում «Քաշքշուկի համար կներեք» արտահայտությունը: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ: Դեպքի մասին առավոտն եմ իմացել՝ տղաներից: Անգամ չեմ մտել ննջասենյակ և չեմ տեսել Հայկազի անկողինը: Ու ընդհանրապես, ես չէի կարա մի նախադասության համար մարդ սպանել»,- հայտարարեց Ազարյանը:

Ամբաստանյալն իր խոսքում ժամանակ առ ժամանակ կրկնում էր, որ այս ամենի իր «գլխին սարքել են» նրա համար, որ վարկաբեկեն և զրպարտեն: Դատավոր Դավիթ Հարությունյանն ի վերջո Ազարյանից փորձեց ճշտել, թե այդ ովքեր և ի՞նչ նպատակով են փորձել զրպարտել նրան: Մովսեսը միանգամից հայտարարեց՝ քննիչներն ու դատախազը. «Իրենք գիտեին, որ ես լավ չեմ սովորում»,- պատճառաբանեց նա: Մեղադրանքի կողմին ծիծաղելի թվաց նման պատասխանը: Դատավոր Հարությունյանն էլ նկատեց. «Այսինքն, ըստ քեզ, ով վատ է սովորում, նրան սպանության մեջ են մեղադրում և զրպարտո՞ւմ»:

Մովսես Ազարյանը ձայնի տոնայնությունը փոխեց և ավելի համարձակ հայտարարեց. «Էդ առերեսումների ժամանակ ով ինչ ասել ա, սուտ ա ասել, իրենց ասել էին, որ նման ցուցմունք տան իմ դեմ: Մի հատ կենդանի պետք ա սովորացրած լիներ, նրանք էլ կուտը կերած ընդունեին: Էդ վկաները քննչականում իրար հետ խոսում-քննարկում էին, դրա համար էլ ես հրաժարվել եմ իրենց հետ առերեսվելուց…իմաստ չկար»,- նշեց նա:

Ամբաստանյալներն ու նրանց պաշտպաններն այսօր ևս բարձրացրին այն հարցը, որ իրենց պաշտպանյալները Ռազմական ոստիկանությունում և Քննչական կոմիտեում ենթարկվել են բռնությունների և խոշտանգումների: Ամիսներ շարունակ այս մասին խոսելով, փաստաբանները միևնույն ժամանակ չէին ընդունում դատավորի այն ուղղորդումը, որ նման խնդիրների մասին պետք է հաղորդում տրվի Գլխավոր դատախազություն:

Ամբաստանյալ Ազարյանն իր խոսքում նշեց, որ հարվածներ է ստացել դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որոնք չի արձանագրվել դատաբժշկի կողմից: Ըստ նրա, իր դեմքից արյուն է հոսել և կեղտոտել հագուստը, սակայն չի կարող ասել, արդյո՞ք այդ մասին արձանագրվել է:

Անի Թորոսյանը Մովսեսից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այդ մասին ավելի վաղ չի բարձրաձայնել, ինչին ի պատասխան վերջինս հեգնանքով նշեց. «Էդ ժամանակ ոչ ոքի չէր հետաքրքրում էդ հանգամանքերը»:

Պաշտպանական կողմը ի վերջո միջնորդությամբ հանդես եկավ: Մասնավորապես, Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդեց դատարանի դահլիճ բերել ամբաստանյալների հագուստները, որոնք կփաստեն՝ արդյո՞ք առկա են արյան հետքեր կամ պատառոտված մասեր. «Հագուստների վրա հայտնաբերված հետքերը կարող են խոսել մեր պաշտպանյալներին ֆիզիկական բռնության ենթարկելու մասին»,- իր խոսքում նշեց պաշտպան Արսենյանը:

Դատարանը սակայն նկատեց՝ ամբաստանյալների հագուստները ենթարկվել են փորձաքննության և որևէ բան չարձանագրելով՝ այս պահին չեն հանդիսանում գործով առկա ապացույց: Դատավոր Հարությունյանը մեղադրող դատախազ Հարությունյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք հագուստները վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են: Դատախազը հստակ չկարողացավ պատասխանել հարցին, ուստի դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Ավարտված համարելով գործով անցնող 4 ամբաստանյալների հարցաքննությունը, դատավոր Հարությունյանը հայտարարեց, որ այսօրվա դատական նիստն ավարտված է: Հաջորդ նիստին կքննարկվեն կողմերի միջնորդությունները, ինչից հետո դատարանը կանցնի վիճաբանությունենրի փուլին:

Հավելենք, որ 4 ամբաստանյալներից և ոչ ոք չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, նշելով, որ այս ամենն իրենց «գլխին սարքել են»: Նրանցից Նորիկ Սահակյանն էլ հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ի առավոտյան, Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերվել է 19-ամյա Հայկազ Բարսեղյանի դին: Ըստ մեղադրանքի, նրան դաժանորեն սպանել են նույն ինստիտուտի 4 երիտասարդները, ապա կտրել երակները, ինչից հետո ինքնասպանության տպավորություն ստեղծելու միտումով, կախել շարահրապարակի պտտաձողից:

Ռոզա Վարդանյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here