Տավուշի մարզի Վարագավան գյուղի արդեն նախկին բնակիչ, 16-ամյա Էդգարի մայրը, Անահիտ Դարբինյանը, ով պատրաստվում էր 2 տարուց տղային բանակ ճանապարհել, այսօր վշտից ու անարդարության զգացումից տեղը չի գտնում. տղայի մահից հետո արյան ճնշման տատանումներով ուղեկցվող նևրոզի պատճառով չի կարողանում անգամ աշխատել՝ փոքր տղային պահելու համար: 16-ամյա նախազորակոչիկ Էդգար Դարբինյանը այս տարվա մայիսի 30-ին մահացել է Երևանի Սբ. Աստվածամայր հիվանդանոցում այն բանից հետո, երբ նախազորակոչային բժշկական հետազոտության շրջանակում նրան պատվաստել են Պառավաքար գյուղի բուժկետում:

Վարագավան ու Պառավաքար գյուղերը մեկ բուժկետ ունեն: «Տղայիս նախ կանչել են զինվորական հաշվառման Բերդ, ինքն էնտեղ անցել է բժշկական կաբինետներով, ասել են՝ լրիվ առողջ ա: Մայիսի 14-ին կանչեցին Պառավաքար՝ հերթական պատվաստումն անելու»,-Forrights.am-ին պատմեց Անահիտ Դարբինյանը՝ շարունակելով. «Էդգարին սրսկել է բույժքուր Ալվարդ Աղաջանյանը, իսկ բուժկետի բժիշկը Ալինա Առաքելյանն է: 27-ի առավոտյան նկատեցի, որ տղաս ջերմություն ունի, զանգեցի բուժքրոջը տեղեկացրի, քուժքույրն ասեց՝ սովորական մրսածություն կլինի, ջերմ իջեցնող սրսկել տուր, աշխատանքային օր չի, տնական պայմաներում բուժի»:

Հաջորդ օրերը ևս աշխաանքային չեն եղել ու բուժկետի բույժքույրն ու բժշկուհին այսպես էլ չեն այցելել ու չեն հետազոտել Էդգարին: Մայիսի 29-ի գիշերը, նկատելով, որ Էդգարի ոտքի ներարկած հատվածն այտուցվել է, գիշերվա ժամը 3-ին Անահիտը որդուն տարել է Բերդի հիվանդանոց: Այնտեղ լսել է բժիշկների խոսակցությունը, թե տղայի անոթների մեջ հեղուկ է հայտնաբերվել: Բերդի հիվանդանոցում էլ Էդգարի մորն ասել են, որ վիճակը վատ է, Էդգարը պետք է շտապ տեղափոխվի Երևան շտապօգնության մեքենայով, բայց դրա համար 150 հազար դրամ գումար է պետք, մինչև չճարի, Երևանից շտապօգնությունը չի գա:

«Երեխեն աչքիս առաջ մահանում է, իրանք ինձ ասում են՝ մեզ փող ա պետք, առանց փողի չի գալու: Ես էլ միայնակ, ոչ գումար ունեի, ոչ էդ գիշերով հարազատ կար մոտս: Մոտ 2 ժամ տևեց, մինչև պարտքով էդ գումարը գտա: Ասեցի՝ արդեն գումարը կա, զանգեք շտապօգնություն»,-պատմեց Էդգարի մայրը: Երբ Երևանից բժիշկները վերջապես եկել են, տղայի ծայրահեղ ծանր վիճակը տեսնելով, գումարը չեն վերցրել:

«Ասեցի՝ եթե չէիք վերցենլու, մի քիչ շուտ գայիք, միգուցե իմ երեխուն կարող էիք փրկել, վռազ փողն եք ուզում»,-սրտնեղեց տիկին Անահիտը:

Անահիտը միայնակ է պահել երեխաներին, նախկին ազատամարտիկ ամուսինը, ով առողջությունը կորցրել է դեռ Արցախյան պատերազմի ժամանակ, 5 տարի առաջ մահացել է: Նույնն գիշեր Էդգարին տեղափոխում են Երևանի սբ Աստվածամայր բժշկական կենտրոն ու վիրահատում, սակայն վիճակն արդեն ծայրահեղ ծանր է լինում ու 16-ամյա Էդգարը մայիսի 30-ի առավոտյան մահանում է:

«Ես ուղղակի ուզում եմ՝ ով մեղավոր է, պատժվի: Ճիշտ է, շատ դժվար ա, բայց մի քիչ թեթևացած կզգամ: Հիմա իրանք ազատ աշխատում են, ես էլ սենց տանջվում եմ»,- պատմեց վշտից դառնացած կինը՝ շարունակելով. «Չեն ընդունում, որ մեղավոր են, ասում են՝ երևի հիվանդ ա եղել կամ կարիճն ա կծել, բայց քրգործի թղթերում գրված ա, որ սրսկումից հետո ա առաջացել ինֆեկցիան: Թող ինձ մենակ կնոջ տեղ չդնեն: Ես չեմ ուզում իմ երեխու մահը սենց անպատիժ մնա: Ես ուզում եմ՝ մեղավորը պատժվի»:

Քննչական կոմիտեի Բերդի քննչական բաժնի պետի տեղակալ Արգամ Մայիլյանը Forrights.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ Էդգարի դեպքի առթիվ ՔԿ-ում քրգործ է հարուցվել Քրօրի 130 հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը: Կատարվում է նախաքննություն: Թե ինչն է պատճառը, որ գործով մեղադրյալ չկա, քննիչը չպատասխանեց՝ հորդորելով դիմել լրատվական ծառայություն:

Ըստ նախնական դատաբժշկական փորձաքննության, Էդգար Դարբինյանի մահվան հիմնական պատճառ է հանդիսացել ձախ ազդրի ներարկումից հետո ձախ ստորին վերջույթի ֆյելբոտրոմբոզ ինֆեկցիոն տոքսիկ շոկ հիվանդությունը: Էդգարի մայրն ասաց, որ առաջիկայում բժշկական հանձնաժողովը քննելու է, թե ի վերջո, ով է մեղավորը Էդգարի մահվան մեջ՝ ներարկո՞ւմն է սխալ եղել, թե՞ Էդգարին հակացուցված է եղել պատվաստումը:

Մինչ այդ Պառավաքարի բժիշկն ու բուժքույրը շարունակում են աշխատել բուժկետում: Բուժկետի բժիշկ Ալինա Առաքելյանը մեր հարցին ի պատասխան հրաժարվեց մանրամասները հայտնել, թե ինչպես է եղել Էդգարի մահվան դեպքը՝ հայտարարելով, թե պետք է գնանք Պառավաքար, որ մեր հարցերին պատասխանի: Բուժքույր Ալվարդ Աղաջանյանի հեռախոսահամարին պատասխանող կինն ասաց, թե սխալ ենք զանգում, իսկ հետո հեռախոսն անջատվեց ու անհասանելի դարձավ:

«Բուժքույրը և բժշկուհին ասում են, որ անմեղ են: Բայց ի՞նչ եղավ, էդ երեխեն ստուգվել էր, լրիվ առողջ էր, սրսկումից հետո մահացավ»,-հարց է բարձրացնում Էդգարի վշտահար մայրը հավելելով. «Ես պնդում եմ, որ մեղավորն ինքն է: Ինքը մինչև էսօր աշխատում է: Ոչ մի արարողության տղայիս հետ կապված չեկան, անգամ չցավակցեցին»:

Էդգարի մայրը նաև բողոքեց, որ բուժկետում ընդհանրապես անուշադիր են հիվանդների հանդեպ: Բժշկուհին մատների արանքով է հիվանդներին նայում: Տիկին Անահիտի միակ ցանկությունն այսօր տղայի մահվան մեջ մեղավորին կամ մեղավորներին պատժված տեսնել է: Այդ առթիվ նա նաև նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրենց մարզ նրա այցելության ժամանակ:

Մինչ այդ տիկին Անահիտն այսօր նևրոզի ու արյան տաանվող ճնշման պատճառով տղայի մահից հետո չի կարողանում աշխատել: Թոշակով ու նպաստով է ապրում: Ընդ որում, Էդգարի հուղարկավորության պարտքներն է տալիս միակ եկամուտ թոշակից ու նպասից. «Ամսական ինձ մնացող 24 հազար դրամով յոլա եմ գնում, եթե կարելի ա դա յոլա գնալ համարել»:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest