Տպավորություն է, որ զինվորները լաբորատորիայում փորձարկվող կենդանիներ են. Մուրացանի հոսպիտալի առօրյայից

0
614

Երևանի բնակիչ, 22 -ամյա Դավիթ Զաքարյանը ողնաշարի ճողվածքներ՝ «գրիժա», ունենալու պատճառով նախկինում երկու անգամ ազատվել է բանակային ծառայությունից: Այն ժամանակ ազատում էին 4 սմ և ավելի չափսի ճողվածքների դեպքում: ՊՆ-ն վերջերս փոխել է զորակոչիկների առողջական վիճակի գնահատման չափանիշները, հավանաբար, հիվանդների հաշվին զինծառայողների թվաքանակն ավելացնելու նկատառումով։

Բանակային ծառայությունից այժմ ազատում են 5 և ավելի սմ ճողվածների դեպքում: Չափանիշների խստացում է տեղի ունեցել նաև այլ հիվանդությունների դեպքում։ Երիտասարդները, փաստորեն, պարտավոր են բանակ մեկնել մեջքի ցավերով: Ամառային զորակոչին Դավիթ Զաքարյանը կրկին զինկոմիսարիատից ծանուցագիր է ստացել: Քանի որ նա 4,5 սանտիմետրանոց ճողվածք ունի և մեջքի խրոնիկական ցավեր, երիտասարդին բուժման են ուղարկել Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ նա ներկայումս գտնվում է:

«Պաշտպանության նախարարի 404 հրամանի հիման վրա ես համարվել եմ պիտանի։ Ինձ կենտրոնական հավաքակայանից բերել են հոսպիտալ: Այստեղ ինձ ասեցին, որ եթե բուժվեմ գնալու եմ ծառայության, բայց 4,5 սմ մեծության ճողվածքի դեպքում միակ բուժումը վիրահատություն է, բայց նման վիրահատություն այստեղ չեն անում»։

Դեղորայքային բուժում նման դեպքերում պարզապես չկա: Դավիթ Զաքարյանը պնդում է, որ իրեն ձևական են բուժում, որ հոսպիտալում նա անուշադրության է մատնված, խմում է ցավազրկող, ստանում է ֆիզիոթերապևտիկ բուժում, բայց իր ցավերը միայն ավելացել են։ «Իմ ճողվածքի պարագայում ես անգամ քնած տեղն եմ մեջքի ցավի նոպաներ ունենում, որը հարվածում է ոտքերիս, անգամ սահմանափակումով ծառայությանը իմ ցավերը խանգարելու են»,- ասում է երիտասարդը։

Նա ահազանգում է, որ իր հետ կոպիտ են վերաբերվում հիվանդանոցում: Մուրացանի բժիշկներից մեկն իրեն ասել է. «Տենց ցավերով էլ ուղարկելու ենք բանակ»: «Տպավորություն է, որ զինվորները լաբորատորիայում փորձակվող կենդանի են ու ուղարկում են զորամաս, որ տեսնեն իրենց ինչպես կդրսևորեն։ Հոսպիտալում ներքին ինչ֊որ կանոնակարգ, որը տեսանելի լինի, մի տեղ փակցված, չկա։ Մենք իրավունք չունենք ծանոթանալ մեր հիվանդության պատմությանը։ Մեզ չեն ասում հիմանականում ինչ դեղեր են ներարկում, ինչ դեղահաբեր են տալիս, մեր բուժման ընթացքի վերաբերյալ ինֆորմացիա չեն տալիս։ Շաբաթ-կիրակի օրերին հոսպիտալում համարյա աշխատող չկա, բուիժքույրերը վազվզում են հիվանդից-հիվանդ ու ընդամենը ցավազրկող են բաժանում», — պատմում է Դավիթ Զաքարյանը։

Մեր տեղեկություններով, Մուրացանի հիվանդանոցում այս պահին նաև ժամկետային զինծառայողներն կան, առողջական լուրջ խնդիրներով, որոնց նույնպես մակերեսային բուժումներ են տրամադրում և կրկին առողջական վատ վիճակում և հետ են ուղարկում։ Նրանցից մեկն է տասնիննը տարեկան Ռազմիկ Միքայելյանը: Այս տարվա հունվարին նա զորակոչվել Արաբկիրի զինկոմիսարիատից, ունենալով երկատվություն: Սա աչքի լուրջ հիվանության ախտանիշ է, որը կարող է ծառայությունից ազատման հիմք դառնալ:

«Ես արդեն չորս տարի է, ունեմ այդ պրոբլեմը: հեռու առարկաները երկու հատ են երևում: Զորակոչի ժամանակ ինձ ուղեգիր տվեցին ութերրորդ հիվանդանոց, բայց իմ տեսողության գանգատներից փաստաթղթերում ոչինչ չգրեցին: Երեք ամիս ծառայելուց հետո զգացի, որ տեսողությունս կտրուկ վատացավ: Ստեփանակերտի հոսպիտալում ստուգույմների ուղարկեցին: Իրենք նայեցին ուզարմացան, որ այս վիճակում ինձ զորակոչել են: տասներկու օր պարկելուց հետո ինձ ուղարկեցին Մուրացանի հոսպիտալ, որ ավելի լուրջ սարքավորումներով ստուգեն ու բուժեն: Բայց բուժումը հորմոնային միջոցներն են, որոնք ահռելի գումարներ արժեն, և այդպիսի բուժում հաստատ չեն անի, մեկ էլ վիրահատությունն է, որը քսանյոթ տարեկանից շուտ չի կարելի կատարել»:

Ինչու են իրեն բերել հոսպիտալ, ինչ պիտի անեն, ոչ ինքը գիտի, ոչ Մուրացանի բժիշկները: Նա տասնհինգ օր է, հսպիտալում է: Ռազմիկ Միքայելյանը չի հասկանում, թե իրեն ճիշտ են ախտորոշում թե ոչ, և ամենակարևորը՝ իրեն բուժելու են,թե ոչ:

«Ամեն ինչ գնում է նրան, որ ինձ ոչ բուժելու են, ոչ էլ ախտորոշելու են: Համարվում է, որ հոսպիտալում ճոխ է, ծառայությունից լավ է որոշ մարդկանց համար ու շատերը ձայն չեն հանում: Բայց ես ուզում եմ վերջապես բուժվել»:

Մեր և զինծառայողների հարցերը ուղարկեցինք պաշտպանության նապարարություն: Այնտեղից մեզանից պաշտոնական գրավոր հարցում պահանջեցին: Լավ հասկանալով, որ գրավոր հարցում պահանջելը «ցրելու» ձև է, արդեն պատրաստ հոդվածի մեծ մասը ուղարկեցինք ՊՆ համապատասխան բաժին և խնդրեցինք մեկնաբանություն շարադրված փաստերի վերաբերյալ: Խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ «ասելու բան չունի»:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here