Ոչ միայն առողջ մարմին, այլեւ հաղթողի կայուն հոգեբանություն է կոփում հաշմանդամային սպորտի աշխարհի եւ Եվրոպայի՝ բազկամարտի չեմպիոն Սարգիս Ստեփանյանն իր մարզասրահում: ՀՀ ԶՈւ սպա, մայոր Ստեփանյանի նպատակը հստակ է՝ մարզասրահում մարզվելու են բոլորը` անկախ տարիքից, սեռից կամ՝ ունե՞ն հաշմանդամություն, թե ոչ.

«Մարզասրահը միտումնավոր միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար չենք նախատեսել. այն բոլորի համար է, որպեսզի ինտեգրումը լինի, հավասար պայմանները լինեն։ Եթե միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար լիներ մարզասրահը, նրանք , կաշկանդված կմտնեին ներս, կտեսնեին միայն իրենց նման մարդկանց: Իսկ հիմա հաշմանդամություն ունեցող անձը մտնում է հասարակական մի վայր, որտեղ մարզվում են բոլորը: Երբ տեսնում ես սայլակով մարդկանց, սկսում ես գնահատել` ինչ ունես։ Այսպիսի մարդկանց մոտ ձեւավորում ենք գաղափար, որ գնահատեն կյանքն ու իրենց ունեցածը։ Այսինքն, հիմքում երկկողմանի գաղափար ենք դրել»:

31 տարեկանում Սարգիս Ստեփանյանի կյանքը նոր շրջափուլ մտավ: 2014թ. հուլիսի 29-ին հայ դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակումից հետո չեզոք գոտում վիրավոր զինվորին դուրս բերելիս նա արկի պայթունից վիրավորվեց՝ կորցնելով երկու ոտքն ու աջ թեւը: Թեեւ միշտ սիրել է սպորտը՝ պատանեկան տարիներին պրոֆեսիոնալ ծանրամարտով է զբաղվել, սակայն վիրավորում ստանալուց հետո, երբ վերականգնողական փուլն էլ անցավ, հասկացավ՝ պետք է սպորտով զբաղվել. այն առավել, քան պետք է՝ ուժեղ լինելու համար՝ հաղթահարելու թե կենցաղային խնդիրները, թե նաեւ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու համար.

«2015թ. փետրվարից սպորտով զբաղվել եմ ինքնուրույն։ Մի երեկո սպորտային ընկերներով հավաքվեցինք ու որոշեցինք, թե ինչով ես կարող եմ զբաղվել ու կանգ առանք բազկամարտի` արմռեսլինգի վրա։ Այդ ժամանակվանից ցանկացել եմ ունենալ մարզասրահ՝ հարմարեցված մի սրահ, որտեղ կմարզվեն մեզ պես տղաները: Խնդիրն այն է, որ ուր գնացել եմ մարզվելու, հանդիպել եմ խոչընդոտների` օրինակ աստիճաններ են եղել, որը սայլակիս տեղաշարժի համար հարմար չէր, սակայն դա ինձ չի հիասթափեցրել. իմ առջեւ խնդիր էի դրել ու կար նպատակ։ Մտածում էի՝ երբ դառնամ աշխարհի չեմպիոն, այդ ժամանակ կդիմեմ երկրի ղեկավարությանը՝ մարզասրահի համար մեզ մի տարածք հատկացնել, որը կզարգացնի նաեւ հաշմանդամային սպորտը»։

Այդպես էլ եղավ: 2017թ. Սարգիս Ստեփանյանը բազկամարտի՝ աշխարհի գավաթի հաղթող դարձավ եւ ընկերների հետ հիմնեց ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան: Այն մոտավորապես երեք ամիս է, ինչ գործում է եւ ներառելու է բոլոր սպորտաձեւերը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք՝ կախված իրենց վնասվածքի աստիճանից, կարողանան մարզվել եւ, ինչու չէ, պրոֆեսիոնալ մակարդակով պարապել:

«Հնարավոր է` ըստ հաշմանդամության աստիճանի համապատասխան սպորտաձեւ ընտրել։ Որեւէ բացառություն չկա։ Օրինակ` բազկամարտի ժամանակ կարող են մասնակցել եւ լսողական, եւ տեսողական խնդիրներ ունեցող անձինք։ Աուտիզմ կամ այլ խնդիրներ ունեցող անձինք եւս կարող են հաճախել մարզասրահ։ Այդ նպատակով հանդիպել եմ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի Ադապտիվ ֆիզիկուլտուրայի ամբիոնի վարիչի հետ: Նա համաձայնվել է համագործակցել. անհրաժեշտության դեպքում իրենց ամբիոնի բժիշկները կարող են գալ մարզասրահ, բուժզննում անցկացնել, տեսնել` ի՞նչ խնդիր ունի տվյալ անձը, կարելի՞ է արդյոք նրան ֆիզիկական այս կամ այն ծանրաբեռնվածությունը, թե ոչ»,- վստահեցնում է Սարգիս Ստեփանյանը։

Նորաստեղծ ֆեդերացիան համագործակցելու է ՀՀ-ում գործող բոլոր ֆեդերացիաների հետ՝ անցկացնելով համատեղ մրցաշարեր, ՀՀ առաջնություններ՝ զարգացնելու հաշմանդամային սպորտը, որը ի տարբերություն մյուս երկրների, ՀՀ-ում լայն տարածում դեռ չունի: Հետագայում նպատակ ունեն մասնաճյուղեր բացել նաեւ մարզերում. «Այդ նպատակով ներդնելու ենք մեր փորձն ու գիտելիքները. միշտ տխրել եմ, որ միջազգային մրցումներին ընդամենը մեկ-երկու հոգով ենք կարողանում արդյունք ապահովել։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլոր սպորտաձևերում այս երկուսը դառնա 15, 20։ Հավատացեք` մեկ-երկու տարվա ընթացքում մենք կունենանք այդ արդյունքը՝ աշխարհից, Եվրոպայից մեդալներ կբերենք: Տարբեր սպորտաձեւերում ունեմ ընկերներ, որոնք կամավոր սկզբունքով, անշահախնդիր գալու են մարզելու։ Բոլորս մեր չափով մեր ներդրումն ունենալու ենք»։

Ֆեդերացիան հիմնելուց հետո Սարգիս Ստեփանյանը դիմեց Երեւանի քաղաքապետարան և մարզասրահի համար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անհայտուց կտրամադրվի մի շինություն: Տարածքի հատկացման որոշումը կկայացվի այս տարվա հոկտեմբերին։ Անմխիթար այդ շինությունը բարեկարգելու եւ վերանորոգելու համար կպահանջվեն ահռելի մեծ գումարներ, սակայն Սարգիսի համար կարեւոր էր օր առաջ սկսել մարզումները. առջեւում՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ առաջնությունն է, որին ցանկանում է մասնակցել եւ ինքը, եւ իր հետ նաեւ մարզվող տղաներից մի քանիսը։ Արդեն նոյեմբերի կեսերին Լեհաստանում էլ կանցկացվեն աշխարհի գավաթի մրցումները, որին նույնպես մասնակցելու է։ Ի դեպ, այս տարվա հունիսին Եվրոպայի առաջնությունում Սարգիս Ստեփանյանը 80 կգ քաշային կարգում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:

Սարգիս Ստեփանյանն այժմ ժամանակավորապես վարձակալում է մեկ այլ տարածք՝ այն ձեւափոխելով եւ հարմարեցնելով, բոլոր պայմանները ստեղծելով հաշմանդամություն ունեցող անձանց մարզելու համար: Այս մարզասրահը կսկի գործել սեպտեմբերի 1-ից, կաշխատի առանց շաբաթ-կիրակիի՝ առավոտյան ժամը 10-ից երեկոյան 22:00-ն, որպեսզի բոլորին ցանկացած ժամի հարմար լինի հաճախելը: Մարզումները կլինեն անվճար: Միայն հաշմանդամություն չունեցող անձինք` որպես նվիրատվություն, կվճարեն 10 հազար դրամ, որը կփոխանցվի Ֆեդերացիայի հաշվեհամարին եւ կօգտագործվի կոմունալ ծախսերի, տեղի վարձակալության համար.

«Վերանորոգման հարցում շատ են օգնում ընկերներս, որոնք կամավոր գալիս են ու բարեկարգում մարզասրահը։ Մնացած հարցերը հոգում են հովանավորները. թե ժամանակավոր այս տարածքի, թե հետագայում հիմնական տարածքի վերանորոգման, ինչպես նաեւ՝ ամբողջ մարզագույքի ձեռք բերման համար մեզ աջակցում է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը։ Հիմնադրամը նաեւ հովանավորել է միջազգային բոլոր մրցումներին իմ մասնակցության ծախսերը»։

Սարգիսի մոտ մարզվել ցանկացողները շատ են. հաշմանդամություն ունեցող մոտ 20 անձ արդեն հերթագրվել է: Նրանց տեղաշարժն ավելի մատչելի դարձնելու համար մտադիր են հատուկ հարմարեցված մեքենա ունենալ, որը տնից նրանց կտեղափոխի մարզասրահ, ապա՝ կճանապարհի։ Աջակցության համար Սարգիս Ստեփանյանը Պաշտպանության նախարարությանը չի դիմել. դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Մոտ օրերս հանդիպելու է Սպորտի եւ երիտասարդության նախարարի հետ` քննարկելու հնարավոր համագործակցությունը:

Մինչ այդ, արդեն մարզվելու են գալիս շատերը: Նրանց թվում է Հովհաննես Ավանեսյանը, որը 2015թ. հունվարի վաղ առավոտյան առաջնագծում դիվերսիայի արդյունքում ծանր վիրավորվեց: Թշնամու փամփուշտը վնասել էր Հովհաննեսի գրեթե բոլոր օրգանները։ Երկու վիրահատությունից հետո նրան վստահեցրին, որ շուտով կքայլի, սակայն դեռ արդյունք չկա: Դա չի հիասթափեցրել Հովհաննեսին, եւ նա անհրաժեշտ ֆիզիոթերապիայից անմիջապես հետո տանն ինքնուրույն սկսել է մարզվել.

«Դեռ փոքրուց բոքս էի պարապում, նաեւ՝ վորքաուտ։ Երբ նոր բնակարան տեղափոխվեցինք, Սարգիսը մեր հարեւանն էր, ծանոթացանք, եւ նա ինձ ասաց, որ պետք է պարապեմ բազկամարտ ու դառնամ չեմպիոն։ Մոտ մեկ ամիս է, ինչ սկսել եմ պրոֆեսիոնալ պարապել։ Ավելի ուժեղ է աջ թեւս։ Սարգիսն ուզում է, որ ես մասնակցեմ ՀՀ առաջնությանը. Սիրում եմ պարապմունքը. երբ դրանից հետո գնում ես տուն ու մկանդ ցավում է, նշանակում է՝ ճիշտ ես աշխատել: Պարապում եմ օրը մեջ՝ մեկից երկու ժամ։ Թմրադեղի նման մի բան է, մանավանդ, երբ արդյունքն էլ տեսնում ես, ավելի ես ոգեւորվում»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest