Տանից վտարված թոշակառու կինը 2 գիշեր դրսում է լուսացնում. Բենզին է գնել, որ իրեն վառի, հարևանները չեն թողել

0
252

66-ամյա միայնակ թոշակառու Աննա Մինասյանը արդեն երկու գիշեր լուսացնում է բաց երկնքի տակ՝ իր 35 տարվա բնակարանի շքամուտքի պատշգամբում, ուր տեղավորել է նաև իր տան կահույքն ու եղած-չեղածը: Հարևանները պատմեցին, որ անգամ բենզին է բերել, որ իրեն վառի, սակայն իրենք չեն թողել, համոզել են, որ նման բան չանի:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ոստիկանները երկու օր առաջ թոշակառուին ու նրա հին կահույքն ու ինչքը դուրս են հանել իր տանից՝ պատճառաբանությամբ, որ ԴԱՀԿ աճուրդով տունը վաճառվել է և բնակարանը նոր տեր ունի:

Տիկին Աննան, որը գնալու տեղ չունի, անելանելի վիճակում է հայտնվել. Գիշերում է իր բնակարանից ոստիկանների հանած բազմոցի վրա: «Երկու օր ա, ես դրսում եմ, ոստիկանները ինձ վեշերից հետո դուրս շպրտեցին, ասեցին արդեն լրացել ա քո ժամանակը: Ոչ տեղ ունեմ գնալու, ոչ օգնող ունեմ, ոչ էլ կողքից մարդ ունեմ: ԴԱՀԿ-ն տունս վաճառել ա, ես խաբնված եմ, իրանք ինձ խաբել են: Որ երեխա չունեմ, մենակ եմ, պիտի ինձ փողո՞ց շպրտեն: Տեղ չունեմ գնալու, եթե ունենայի, կգնայի, էս քամուն չէի մնա, հիվանդացել եմ արդեն»,-Forrights.am-ին պատմեց թոշակառուն, ում պատմությանը մենք ժամանակ առաջ անդրադարձել ենք:

«Երկու օր ա՝ ոչ լվացվում եմ, ոչ ուտում եմ, ոչ բնական կարիքներս հոգալու հնարավորություն ունեմ, ոչ էլ հնարավորություն ունեմ, որ գոնե գնամ մի տեղ տուն առնեմ: Ինչ ա լինելու, չգիտեմ»,-հոգոց հանեց թոշակառուն՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հարգելի վարչապետ, խնդրում եմ, օգնիր ինձ, ճիշտ լուծում տուր իմ հարցին, իրանք ինձ խաբել են: Պարտքիս մեծ մասը ես վճարել էի, մնացել էր փոքր մասը, ԴԱՀԿ-ն չգիտեմ ինչի վռազեց ու վաճառեց իմ բնակարանը: Ընդամենը տասը օրից ես էդ գումարը պիտի վճարեի»:

Թոշակառու Աննա Մինասյանի 26 տարվա ամուսինը անցյալ տարի բաժանվել է նրանից ու դատարանով պահանջել տան իր մասնաբաժինը: Շենգավիթ համայնքի Շևչենկոյի անվան փողոցում գտնվող մեկ սենյականոց բնակարանն ի սկզբանե պատկանել է տիկին Աննայի մորը, սակայն նրա ամուսինը գրանցվել է ու համասեփականատեր դարձել: Ամուսնալուծությունից հետո տունը կիսելու գործը հասել է դատարան: Դատարանում նախկին ամուսինները հաշտություն են կնքել, որ եթե մինչև այս տարվա ապրիլի 18-ը Աննա Մինասյանը վճարի տան կեսի գումարը՝ 10 հազար դոլար, ամուսինը կհրաժարվի իր բաժնեմասից ու տունը կմնա նախկին կնոջը:

66-ամյա միայնակ թոշակառու Աննա Մինասյանը այդ ընթացքում, իրեն չխնայելով, մի քանի տեղ հավաքարար է աշխատել ու գումար հավաքել, սակայն նշված ժամկետում չի ունեցել գումարը: «Չունեի, որովհետև թոշակառու եմ, գնում եմ օրը 300, 500 դրամով աշխատում եմ, որ գումարը տամ ու տանից չզրկվեմ»,-պատմեց թոշակառուն: Մայիսին տիկին Աննան կարողացել է ամուսնուն 6500 դոլար տալ՝ մնացածը խոստանալով տալ ավելի ուշ, օրինակ հունիսին: Այնուհետև ամուսնու փաստաբանի հետ բանավոր պայմանավորվել է մնացած 3500 դոլարը վճարել օգոստոսին:

Պայմանավորվելուց օրեր անց, սակայն, առանց տիկին Աննային տեղյակ պահելու, ԴԱՀԿ-ն, հիմնվելով Վերաքննիչ դատարանի որոշման վրա, որը եղել է հին պայմանավորվածության հիմքով, ըստ որի՝ գումարը պետք է ամբողջությամբ փոխանցվեր ապրիլ ամսին, հրապարակային աճուրդով վաճառքի է հանել բնակարանը: «Ամուսնուս հետ պայմանավորվել էի, որ մինչև օգոստոսի 10 մնացած գումարն էլ կտամ, դռան զանգը տալիս են, ասում են՝ նոր տեր ունի տունը, դուրս եկեք»,-դժգոհեց թոշակառուն՝ շարունակելով. «Տունս վաճառել են, բայց ես ոչ մի թուղթ չեմ ստացել»:

Երբ ԴԱՀԿ Շենգավիթի բաժնի աշխատակից Գևորգ Սողոմոնյանը այցելել է թոշակառուի բնակարան, տիկին Աննան վերջինս տեղեկացրել է, որ ամուսնու հետ բանակցությունների մեջ է՝ մնացած գումարը փոխանցելու համար: Սակայն ԴԱՀԿ աշխատակիցը, ինչպես թոշակառուն է կարծում, մոլորեցրել է իրեն, չի բացատրել իրեն ինչ է սպասում, եթե ամուսինը հետ չվերցնի ԴԱՀԿ-ից դիմումը, պատշաճ վարչարարություն չի իրականացրել և, օգտվելով իր անօգնական վիճակից, վաճառքի է հանել իր բնակարանը:

Այժմ թոշակառուն վարչապետին խնդրում է օգնել իրեն՝ վերադարձնել տունը, քանի որ խարդախության զոհ է դարձել իր չիմացության ու անօգնականության պատճառով: «Խնդրում եմ, պարոն վարչապետ, ինձ օգնեք, իմ տունը վերադարձնեմ: Ես իմ բնակարանն եմ ուզում: Ես մնացել եմ դուրսը, հիվանդանում եմ, չեմ կարում, էս տարիքիս ես հավաքարար եմ աշխատել, կոպեկ-կոպեկ դրել եմ, որ տունը ինձ լինի, բայց շատ արագացրեց ԴԱՀԿ-ն, չգիտեմ ինչի: Ինչ-որ մեկն եկել, իմ տանը տեր ա դարձել: Ես իրա մուծած գումարը կվերադարձնեմ, թող ինքը գնա ստեղից: Ես չեմ կարա ուրիշ տեղ գնալ»,-ասաց թոշակառուն՝ շարունակելով. «Առանց տանիքի հնարավոր չի: Արդեն մրսել, հիվանդացել եմ էս քամուն, ամբողջ մարմինս ցավում է: Առավոտը վեր եմ կենում, չգիտեմ՝ ուր գնամ, ում տուն գնամ, բնական կարիքներս հոգամ: Կամ չէ՞ որ ես մարդ եմ չէ, ես էլ եմ ուզում սնվեմ: Հիմի ես ո՞ւր գնամ, գնամ ինձ մոստից քցե՞մ կամ ինձ վառե՞մ, չեմ իմանում՝ ինչ անեմ: Ինչ-որ խարդախություն կատարվել է իմ թիկունքի հետևում»:

Տիկին Աննայի հարևանները ապշահար են միայնակ թոշակառուի հանդեպ կիրառված անմարդկային վերաբերմունքից: «Մեր 35 տարվա հարևանն է, ոստիկանները եկան, մեկ էլ տեսանք՝ վեշերը հանում են դուրս: Սա նորմալ երևույթ չի, ոնց կարելի է միայնակին նման կերպ հանել, շպրել դուրս»,- մեզ հետ զրույցում տարակուսեցին հարևանները:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here