Նախկին ոստիկանապետի եղբորը մեղադրանք է առաջադրվել սպանության սպառնալիքներ տալու համար Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին։

Նա մեղադրվում է հուլիսի 8-ին Վարդավառի օրը Զովունի գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Ավետիք Սարգսյանի նկատմամբ սպանության սպառնալիքներ տալու համար՝ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Ազատության» հետ զրույցում Կարեն Գասպարյանը հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում, այլ մանրամասներ չհայտնեց։

Մեղադրանքի համաձայն, 2018-ի հուլիսի 8-ին՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի և Կոտայքի մարզի բնակիչ Ավետիք Սարգսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Ավետիք Սարգսյանի դստեր կողմից Կարեն Գասպարյանի ավտոմեքենան Վարդավառի տոնի կապակցությամբ ջրելու հարցի շուրջ:

Վիճաբանության շուրջ պարզաբանումներ կատարելու և հաշտվելու պատրվակով նույն օրը Կարեն Գասպարյանը Ավետիք Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ որդու, վերջինիս ընկերների և ուրիշներն ներկայությամբ Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը:

Իրեն հայհոյելու համար Սարգսյանից վրեժ լուծելու նպատակով Կարեն Գասպարյանը իր ավտոմեքենայում գտնվող հրազենով նրան սպանելու սպառնալիքներ է հնչեցրել: Արդյունքում Ավետիք Սարգսյանը տեղի է տվել Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից: Նախաքննական մարմինը հաղորդում է, որ Կարեն Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest