«Հավաքել էին Սերժ Սարգսյանից բարձրաձայն դժգոհողներին՝ ազատամարտիկներին, եւ գործ հարուցել»․

0
17

Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ, ավելի քան երկու տարի անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ազատ արձակվելուց հետո տեւական ժամանակ է բուժում է ստանում:

«Սրսկումներ, բուժումներ, ստուգումներ: Կարծես որոշ չափով առողջական ծանր վիճակս թեթեւացել է, բայց պարզվել է, որ կան անվերականգնելի առողջական կորուստներ: Ձայնալարերս թոքի ինֆարկտի հետեւանքով վնասվել են եւ բժիշկներն ամեն կերպ փորձում են օգնել»,- ասում է Պաշտպանության նախկին փոխնախարարը:

Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015 թ դեկտեմբերի 19–ին` ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործով։ Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:

Խմբի պարագլուխ է ներկայացվում Արթուր Վարդանյանը: Խուզարկության պահին առանձնատանը եղել էին 9 անձինք, որոնք ձերբակալվել էին, ապա կալանավորվել։ Վահան Շիրխանյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Մեղադրանքը ներկայացնելիս մեղադրող կողմը հայտարարել էր, որ պաշտպանության նախկին փոխնախարարն Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել՝ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ իրականացնելու միջոցով:

Պաշտպանության նախկին փոխնախարարը պնդում է՝ մեղադրանքն ամբողջովին հիմնված է անօրինական ճանապարհով ձեռք բերված ձայնագրության վրա: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշում է՝ Վահան Շիրխանյանի եւ խմբի պարագլուխ ներկայացվող Վարդանյանի հեռախոսազրույցները ներկայացրել են որպես մեղադրական ապացույց: Թեեւ այնտեղ կային ապացույցներ, որոնք օրենքի խախտմամբ էին ձեռք բերվել. «Օրինակ կան գաղտալսումներ, գաղտնի արված ձայնագրություններ, որոնք արվել էին մասնավոր անձի կողմից: Կա Վճռաբեկ դատարանի որոշում, ըստ որի՝ մասնավոր անձանց կողմից գաղտնի կատարված ձայնագրությունները հետագայում չեն կարող օգտագործվել որպես ապացույց»,- ավելացնում է պաշտպանը:

Պաշտպանական կողմը պատրաստվում է համապատասխան միջնորդություններ ներկայացնել՝ ապացույցներն անթույլատրելի ճանաչելու համար: Ըստ Հայկ Ալումյանի՝ իրենք ձգտում են նրան, որ Վահան Շիրխանյանն արդարացվի: Իրեն եւ խմբի մյուս անդամներին անազատության մեջ պահելը Վահան Շիրխանյանը համարում է քաղաքական հետապնդում. «Սերժին պետք էր, որ ես եւ տղաները մեկուսացված լինեինք: Այս գործում քրեական բաղադրիչ գոյություն չունի: Կարելի էր ասել, որ հավաքել էին Սերժ Սարգսյանից բարձրաձայն դժգոհողներին՝ հիմնականում ազատամարտիկներին, եւ գործ հարուցել»,- ասում է Պաշտպանության նախկին փոխնախարարը:

Վահան Շիրխանյանը հիշում է՝ բազմաթիվ անգամներ քննադատություններ է հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին եւ նշել նրա թերությունները «Ես միշտ ասել եմ, որ դու չկայացած բանասեր ես, չկայացած ղեկավար, չկայացած Ներքին գործերի նախարար, չկայած ԱԱԾ նախարար ես, չկայացած վարչապետ, միշտ եմ ասել եւ ապացուցել եմ, որ ինքը այդ պաշտոններից որեւէ մեկում իրեն չի արդարացրել, այլ այդ կառույցը հիմնովին քանդել է եւ տեղափոխվել մեկ այլ կառույց»:

Վահան Շիրխանյանի խափանման միջոցը ԱԺ երկու պատգամավորների՝ Սասուն Միքայելյանի ու Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությամբ փոխվել է հունիսի 25-ին: Նա համոզված է, եթե հեղափոխությունը չլիներ, ինքը եւ խմբի մյուս անդամները դեռ երկար էին մնալու անազատության մեջ: Այս գործով անազատության մեջ էր նաեւ «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

«Սա քաղաքական պատվեր է եղել նախկին հանցագործների ռեժիմի կողմից: Ես դեռ 2012-2013 թթ-ից «Հակակառուպցիոն» ՀԿ-ի անունից անընդհատ հիմնավոր փաստերով հայտարարել եմ, որ դրանք հանցագործներ են, գողեր են, դրանք երկիրը թալանել են եւ ծանր հետեւանքներով նպաստել են արտագաղթին եւ էլի շատ բաներ, որոնք բացահայտվեցին այսօր եւ դեռ կապացուցվի»,- ասում է Գառնիկ Մարգարյանը:

Նրա խոսքերով՝ այս շինծու գործը հարուցվել է մի շարք նպատակներով՝ արտաքին ուժերին ցույց տալու, որ երկրի ներսում ահաբեկիչներ, խմբեր կան, իսկ ներսում էլ՝ մահակ էր ժողովրդի գլխին: Թե Գառնիկ Մարգարյանը, եւ թե Վահան Շիրխանյանը կարծում են, որ հարուցված քրեական գործը շատ արագ պետք է կարճվի: Փոխարենը փասաբան Հայկ Ալումյանը նշում է՝ այս փուլում գործը չի կարող կարճվել: «Եթե ամբաստանյալների մեղավորությունը չապացուցվեց, պետք է արդարացվեն»:

Ըստ մեղադրանքի, զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ծրագրել էր հարձակումներ գործել մի շարք պետական մարմինների՝ Հայաստանի նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։ Հարուցված քրեական գործով 20 անձի մեղադրանք է առաջադրվել: Նրանցից եւ ոչ մեկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Բացի Վահան Շիրխանյանից եւ Գառնիկ Մարգարյանից, փոխվել է նաեւ գործով անազատության մեջ գտնվող |Էդուարդ Ներսիսյանի եւ Խաչիկ Ավետիսյանի խափանման միջոցները:

Այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին, քանի որ Վահան Շիրխանյանը դատավոր Արմեն Բեկթաշյանի ներս մտնելուց, ոտքի չէր կանգնում: «Դատարանում ոտքի կանգնում են նախ հարգանք ցույց տալով: Ես ոչ միայն առողջական խնդիր ունեմ, այլեւ ոչ մի հարգանք չունեմ դատարանի հանդեպ»,- ասում է Վահան Շիրխանյանը:

Մոտ մեկամսյա ընդմիջումից հետո, դատական նիստը շարունակվելու է օգոստոսի 24-ին:

Սուսաննա Պողոսյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here