3 ամիս Գորիսի բաժանմունքի ոստիկանները Վաղարշակ Ավետիսյանի կյանքն իսկական դժողքի են վերածել՝ իրար հերթ չտալով ծեծել ու կտտանքների են ենթարկել: 20-ամյա Վաղարշակ Ավետիսյանին այլ բան չի մնացել, քան տեսախցիկի առաջ խոստովանել չկատարած հանցանքը:

«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը դեպքից 10 տարի անց Forrights.am-ին մանրամասներ է պատմում: Տեսախցիկը չի կաշկանդում: Իրեն բռնաբարելու սպառնալիք տվել է Ոստիկանության Կապանի վարչության պաշտոնյաներից մեկը, որն այսօր հաշվառված է պահեստազորում. Ոտքերն ու ձեռքերը կապկպել են, նետել հատակին ու սպառնացել՝ եթե տաքսիստի սպանությունն իր վրա չվերցնի, կբռնաբարեն:

«Վարորդին ասեց՝ պարանը բեր ավտոյից: Բերեց: Կապեց ոտքիցս, քցեց վզիցս ու տարավ էս մի ոտիս, ու քաշեց պարանը: Հետո ինձ քցել ա գետնին ու կռացել, որ շլվարս իջեցնի: Ասում եմ արա՛, մի՛ արա, ի՞նչ ես անում: Թե կասե՞ս, որ դու ես սպանել, ասում եմ՝ կասեմ, կասեմ…»- հիշում է զզվանքով:

Ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար ֆիզիկական բռնությունից զատ ոստիկանները հոգեբանական դաժան մեթոդների են անցել. «Գևորգ Խաչատրյանի ու Գորիսի օպերներից Ռադիկ Բակունցի հեռախոսներում էնքան հանցագործությունների մասին տեսանյութեր կան, որ ցմահ չէ, իրենց գնդակահարություն ա հասնում: Ինձ բերել տեսանյութ ա ցույց տալիս, թե ոնց ա մարդը պառավոյին ձեռնաշղթայով կապած, ու իրենք ինչ են անում: Հասկացաք, չեմ ուզում բառերով ասեմ… էդ բանից հետո զուգարան են էթում: Ինձ ասում ա՝ էսա քեզ սենց եմ անում ու վիդեոն ուղարկելու եմ բանտ: Դե դրանից հետո տենամ ոնց ես գնալու նստես ու ապրես: Ասի բեր կգրեմ…, ես ո՞նց կթողնեի ինձ բռնաբարեին»,- պատմում է Վաղարշակը:

20-ամյա տղային ձերբակալել էին 2008-ի ապրիլի 8-ին: Ինքը՝ Վաղարշակն էր ներկայացել Դատախազություն: Զանգ էր ստացել, ասել էին՝ իրեն տաքսիստի սպանության մեջ են կասկածում: Նույն օրը ձերբակալվում ու տեղափոխվում է Նուբարաշենք ՔԿՀ: Ցուցմունք կորզելու նպատակով Վաղարշակին ապօրինաբար 3 ամիս պահում են ոստիկանության Գորիսի բաժանմունքում: Թույլ չեն տվել զանգել հարազատներին: Տեղի ոստիկանների կտտանքններն արդյունք չէին տալիս: Վաղարշակը չէր ընդունում առաջադրված սպանության մեղադրանքը.

«Էդ շենքում էլ մարդ չէր մնացել, որ ինձ չծեծի: Արդեն խնդրում էի, որ ինձ հետ տանեն բանտ: Գորիսի բաժանմունքը էն ժամանակ հանցավոր խումբ ա եղել: Մարդկանց են խոշտանգել, մարդկանց են սպանելիս եղել: Օպերմասի պետն ինձ ուղիղ ասում ա՝ գիտե՞ս քո նման քանի հոգու եմ տարել Արաքսը գյուլլել քցել ջուրը, հետո ասել եմ՝ փախուստի ժամանակ խփել եմ, քեզ էլ կխփեմ»,- տարիների հեռավորությունից պատմում է ցմահականը:Դատերն անցել են Էրեբունու դատարանում: Նիստերին բազմիցս ոտնահարվել է մեղադրյալ Ավետիսյանի արդար դատաքննության իրավունքը: Գործով կարևոր վկաներ չեն բերվել դատարան: Անչափահաս երեխա է ցուցմունք տվել նրա դեմ: Վաղարշակի պատմելով՝ ասելիքը դատարանում անգիր էր արտասանում:

Ցմահականը վստահ է՝ եթե որևէ պորֆեսիոնալ դատախազ ծանոթանա իր գործին, բազմաթիվ խախտումներ կհայտնաբերի. «Թող վերցնի դատավարության ձայնագրությունները լսի, կտեսնի, թե ինչ էր կատարվում նիստերի ժամանակ: Դատավորը մարդուն ցմահ ազատազրկման դատապարտելիս հեռախոսով տետրիս չի խաղում»:

Միանշանակ ու ինքն իրեն հավատալով «այո» է պատասխանում հարցին՝ արդյո՞ք ինքն անմեղ է՝ մարդ չի սպանել: Ընդունում է՝ գողություն արել է տաքսու վարորդից, ում մեքենայով ընկերոջ հետ Արցախ են մեկնել ու վերադարձել, մեկ էլ՝ պարտքով փողը չի վերադարձրել, բայց ինքը ձեռքերը չի արյունոտել: Առաջին երկու դրվագով դատարանն ընդհանուր 4 տարվա ազատազրկման է դատապարտել, այդ պատժաչափն արդեն կրել է: Հիմա անազատության մեջ է չկատարած հանցանքի՝ սպանության համար:

Խոշտանգումներով ու բռնություններով կորզված ցուցմունքը դատարանը պարտավոր է անթույլատրելի ապացույց ճանաչել: Դատարանն անտեսել է բռնության մասին Վաղարշակի հայտարարությունները: Ցմահ ազատազրկման է դատապարվել մեկ անձի ցուցմունքով՝ այն դեպքում, երբ նշանակված որևէ փորձաքննություն չի հաստատել իր հարաբերվելը մահացածի հետ.

«Հիմա ես հանցագործության մասին հաղորդում եմ տալիս ու պահանջում, որ քրեական գործ հարուցվի: Վկաների անուններ չեմ տա՝ ելնելով իրենց անվտանգությունից: Եթե ինձ մոտ քննիչ գա, ավելի կմանրամասնեմ, մարդիկ կան, որ կհաստատեն իմ ասածը»,- ասում է Վաղարշակ Ավետիսյանը:

Անազատության 10 ու կես տարիներին մյուս ցմահականների հետ պահանջում է գործերի վերանայում: Նախորդ իշխանությունը ոչ մի դրական քայլ չի ձեռնարկել: Օգոստոսի 1-ից սկսած հացադուլով Վաղարշակը պահանջում էր Արդարադատության նախարարի հետ հանդիպում: Օգոստոսի 12-ին նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է «Արմավիր» Քրեակատարողական հիմնարկ: Զրուցել են դեմ դիմաց նստած.

«Պարոն Զեյնալյանին հարցրի՝ հավատո՞ւմ եք, որ բանտերում անմեղ մարդիկ կան նստած: Ասեց, որ հավատում է: Պատասխանեցի՝ ի՞նչ եք անում, որ էդ մարդիկ ազատ արձակվեն: Ասեց, որ աշխատում են, պարզապես ընդամենը 100 օր է անցել հեղափոխությունից, գործերը դեռ ուսումնասիրվում են»:

Վաղարշակը նույնիսկ ներկայիս վարչապետին է հանդիպել՝ կրկին բանտում: 4 տարի ցմահականներով հացադուլ էին սկսել: Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ առ դեմ զրուցել է իր հետ.

«Ինքն ասեց ճիշտ եք անում, որ պայքարում եք: Ես էլ ամբողջ կյանքս պայքարել եմ ազատության ու արդարության համար, ու լավ գիտեմ դա ինչ ա: Պարոն Փաշինյանն ասեց՝ պայքարեք, չհանձնվեք, մենք էլ ձեզ հետ կպայքարենք: Պարզապես հիմա մենք քաղաքական ուժ չունենք, որ էդ հարցին լուծում տանք, բայց ձեր ձայնը կբարձրացնեմ Ազգային ժողովում: Իր խոսքի տերը եղավ, գնաց ԱԺ-ում հայտարարեց մեր պահանջները»:

Թեև չկատարած հանցագործությունն իր կյանքից 10 տարի է խլել, այդուհանդերձ, Վաղարշակը բանտում չի չարացել: Ինքն այստեղ հանցագործ չի դարձել. «Մարդ եմ մնացել, ինչպես էստեղ գալուց առաջ էի: Եթե վերադառնամ հասարակություն, մարդկանց հետ նորմալ կշփվեմ, կճանաչեն ինձ՝ ինչպիսին որ իրականում կամ, ոչ թե պատկերացնում են ցմահի մասին»:

Ազատությունում հայտնվելով ի՞նչ կփոխի իր նախկին ապրելակերպի մեջ, ժպիտով նկատում է՝ ինքն արդեն փոխվել է. «Ջահել ժամանակներս ոչ մի բանի մասին չէի մտածում: Մի բան որ անում էի՝ չէի մտածում հետևանքների մասին: Հիմա ամեն ինչ անելիս ծանրութեթև եմ անում, տեսնում դրա հետևանքը»: Վերջին 8 տարիներին ոչ մի տույժ չի ստացել. «Ամեն վայրկյանն եմ հաշվում, որ գնաց, էս մի ժամն էլ անցավ թանկ կյանքիցս: Որ ասում են ժամանակ տվեք… ես նախարարին էլ ասեցի, որ իմ համար թանկ ա ամեն վայրկյանը, էլ չեմ կարա սպասեմ երկար»:

Վաղարշակ Ավետիսյանը բանտում գտնվելու 3-րդ տարում ամուսնացել է ռուս աղջկա հետ: Նորից ընտանիքի գիրկը վերադարձի հույսերը մեծ են. «Էս տարի Նոր տարին մեր տանն եմ անելու…»:

Ռոբերտ Անանյան

Pin It on Pinterest