Վաղինակ Մկրտչյանը ծեծել է մարտի մեկի գործով անցնողներին. վերհիշելով մարտի մեկը

0
14

Մարտի 1-ի գործով նախաքննության նոր փուլը արդարության նոր հույս է առաջացրել։ Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ բախում են ՀՔԾ դռները, նոր տվյալներ են ներկայացնում գործով զբաղվող քննիչներին, ներգրավվում են որպես տուժողներ։ «Մարտի մեկի գործը նորից քննվում է բոլոր իր հանգամանքներով, — այսօր կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, — այսօր ունենք տենդենց, որ մարդիկ, որոնք ժամանակին վախենալով քրեական հետապնդումներից, չեն հայտնել իրենց մարմնական վնասվածքներ ստանալու մասին, իսկ այսօր դիմում են, տուժողի դատավարական կարգավիճակ են ստանում և հայտնում են գործի մասին իրենց հայտնի ողջ տեղեկատվությունը»։ Ոմանց քննչական մարմինն իր նախաձեռնությամբ է հրավիրել զրույցի:

«Հորը խփին երեխու աչքի առաջ»

Նախկին ազատամարտիկ, գյումրեցի Գևորգ Ղազարյանը երեկ բացատրություն է տվել քննչական մարմնին, թղթին է հանձնել վերջապես հոգում կուտակվածը: Նա այն անձանցից է, ով անցել է քոչարյանա-սերժական արդարադատության դժոխային օղակներով։ Իսկ մինչ այդ, բուն դեպքերի օրը, իր նման շատերի նման առավոտյան 6.20 իր վրանի մոտ ծեծվել է ջարդվել է ոստիկանականների կողմից, փախել է հատուկ ջոկատայինների «դուբինկաներից»: «Ժողովրդի հետևից իրենք վազեցին մինչև ցիրկ:

Ես մինչև ցիրկ վազել եմ: Իրենք չեն խոսել, ընդհանրապես, որևէ մեկը մի բառ չի ասել: Ես շատ խիստ կկասկածեմ, որ դրանք հայեր էին, մի հատ հայհոյանք, մի հատ գոռոց չեղավ, երեսները փակած, ռոբոտացված: Ժողովուրդը վերջին բառերով վիրավորում էր նրանց, մի հատ պատասխան չէին տա, ու դաժան ձևով կջարդեին, ով ձեռքները կընկներ: Մի հատ երեխա էր հոր հետ, հորը խբին, ես երեխու ձեռքը բռնեցի, ցիրկին մոտիկ սառնարանի գործարանի բակ կար, տեղ եմ ես մտել: Երեխեն սառած, սթրեսի մեջ, ձենը կտրած վազում էր: Հորը աչքի առաջ խբել էին: Ասավ, ծեծեցին պապայիս, երևանցի երեխա էր, ինքը ճանապարհները գիտեր, գնաց բարեկամը տեղ էր ապրում», — պատմում է ազատամարտիկը:

«Վերևից ժողովուրդը գալիս էր գոռալով՝ մարդ խփեցին»:

Իսկ երեկոյան Գևորգը ականատես էր եղել բուն սպանդին: «Ուշ ժամի՝ երկուսի կողմերը արդեն, ժողովուրդը, երիտասարդությունը արյունոտ հետ կգար, հոգեբանական խախտումը երիտասարդների մոտ սկսվել էր: Որ սկսեցին ծեծել, ջարդել, երկու հոգի գլուխները կոտրված, բերեցին, մենք փորձեցինք առաջին օգնություն ցույց տալ: Մեր օմոնն էր կանգնած, բանակը, հեռվից կրակում էին: «Տրասիրույուշի» պատրոններով:

Մի զինվորականի ժողովուրդը դուրս հանեց՝ արյունլվա,ինչից էր տենց եղել,չիմացանք: Վերևից ժողովուրդը գալիս էր գոռալով՝ մարդ խփեցին: Ինչ որ մեկի ծնոտն էր վնասված, սնայպերն էր, կսեին, խփել, թշից մտել էր, ծնոտից դուրս էր եկել: Կար ինֆորմացիա, որ դրսից ուժեր են եկել, բայց ռուսները են եղել, ուկրայնացիներ, թե ղարաբաղցիներ, մենք չէինք կարող ասել: Ղարաբաղի պաշտպանական զորքը ներկա էր այդ ամեն ջարդերին: Ղարաբաղի ՊԲ համարներով մեքենաները կանգնած էին», — վերհիշում է գյումրեցի ազատամարտիկը:

Դատապարտվեց միակ վկայի ցուցմունքով

2011 թվականի մայիսին Գևորգին դատապարտել են 5 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ 1,5 տարի հետո ազատվել է համաներմամբ։ Ըստ մեղադրանքի, Գևորգ Ղազարյանը Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում հավաքված, Գյումրի քաղաքից ժամանած իր ծանոթ ցուցարարների համար տաք հագուստներ բերելու նպատակով Երևանի բնակիչ Վահագն Հարեյանի հետ, վերջինիս ավտոմեքենայով մեկնել են Էրեբունի համայքի Ջրաշեն թաղամաս, իսկ վերադարձի ճանապարհին աղբանոցից մետաղյա մի քանի ձող ու խողովակներ էր տեղափոխել Ֆրանսիայի դեսպանատան մոտ, բաժանել էր ցուցարարներին, հրահրելով, որ այդ ձողերով բռնություն կիրառեն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Գևորգն այդ օրը իրոք մեկնել էր տաք հագուստ բերելու, բայց մետաղյա ձողերի և խողովակների դրվագը, ըստ նրա, բացարձակ սուտ է: Երևանցի Վահագ Հարեյանին, որի մեքենան քննիչները տեսել են օրվա դեպքերի տեսագրության մեջ, ստիպել են ցուցմունք գրել որևէ մեկի դեմ: Նա էլ ընտրել է Գևորգին, որի հետ այդ օրն էր ծանոթացել՝ մարտի մեկին, դուբինկաներով հատուկ ջոկատայիններից ճողոպրելիս: Վահագն Հարեյանն է եղել այն միակ վկան, որի ցուցմունքով Գևորգին դատել են։ Նախաքննության փուլում Ղազարյանի ազատամարտիկ ընկերներին նույնպես ստիպել են ցուցմունքներ գրել իր դեմ: «Երբ որ ինձ ցույց տվեցին այդ ցուցմունքները, ես վիրավորանքից մտա կամեռի զուգարանը ու լաց եղա», — պատմում է Գևորգը։ Հետագայում

նա իմացել էր, որ ընկերներին ցուցմունքների դիմաց խոստացել էին անվճար սեփականաշնորհել նրանց բնակարանները։ Դատը երկար տևեց՝ մոտ երկու տարի։ Ղազարյանի ընկերներն այդ ընթացքում սեփականաշնորհեցին իրենց բնակարանները, և դատարանի դահլիճում հրաժարվեցին նախաքննական ցուցմունքներից։ Խայտառակությունից փրկվելու համար դատախազությունը, որպես վկա, դատարան բերեց Սպիտակի ոստիկանության աշխատակցի: «Նա եկել էր դատարան: Հարցնում են՝ ճանաչո՞ւմ ես Գևորգին, նայում է լրիվ ուրիշ մարդու, ասում է՝ հա, ճանաչեցի, մի հատ ցիրկ», — հիշում է Գևորգը:

Մարդ ծեծողին դատավոր նշանակեցին

Կրկեսային դրվագներից բացի սասրափելի պահեր են եղել, որոնք տղամարդիկ, սովորաբար, ոչ ներում են, ոչ մոռանում: Դրանք կապված են հարցաքննությունների հետ, որոնք տևել են երկար ու հիմ նականում գիշերվա 2-ից-3-ից հետո: Մարտի մեկի գործով անցնող զանգվածային անկարգությունների մասնակիցներին հաճախ հենց այս ժամերին են հարցաքննել, քանի որ այդ ժամերին մարդը հոգեբանորեն ավելի խոցելի է, և ճնշումը՝ ավելի արդյունավետ:

Պատմում է Գևորգ Ղազարյանը.

«Իմ առաջին հարցաքննություններից մեկն էր: Հակոբ Բիչախչյանն էր ներկա, ոստիկանության պետն էր, Վաղինակ Մկրտչյանը, էլի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ կային: Բոլորի ներկայությամբ քննիչ Վաղինակ Մկրտչյանը փորձում էր ինձանից ստիպողական ցուցմունք կորզել: Անցնում էր իմ կողքով, ձեռքի դաստակով թարս հարվածում էր ինձ ու ասում էր՝ արա, ինչ կապիկություն ես անում, քո ընկերները բոլորը գրել են քո վրա, դու էլ ցուցմունք տուր: Անցնում, դառնում, խփում էր ու հայհոյանքներ տալիս:

Ես իրենց տղավարի խնդրեցի, ասի՝ հայհոյանքը տղամարդու համար է, բայց հանկարծ չփորձեք ինձ սրբություն հայհոյել, պատասխանը կստանաք: Շիրակի մարզի էն ժամանակվա դատախազը՝ Դավիթ Սարգսյանը, ինձ հարց է տալիս՝ եթե դու սրբություն հարգող տղա ես, ասա, դու բեռնախցիկում տրուբա ու արմատուր բարձե՞լ ես: Ասեցի՝ չէ, չի եղել տենց բան: Ես սրբությունովս կերթվեմ: Էդ ժամանակ նորից խփեց Վաղինակ Մկրտչյանը: Ես որ հիշում եմ, իմ ամբողջ մարմինը կդողա, ես էդ պահը ապրել եմ, կինոյի պես աչքիս առաջ է:

Դավիթ Սարգսյանը ինձ ասեց՝ բայց որ ապացուցվավ, որ էդ տրուբեքը բերել եք, հատիկ-հատիկ ձեր հետևն եմ մտցնելու, հատիկ-հատիկ: Ես իմ ներողությունը կհայտնեմ այդ անշնորք արտահայտության համար: Ես էլ ասեցի՝ իսկ եթե չապացուցվավ, ո՞ւմ հետևը պետք է մտնի: Ու էդ ժամանակ Վաղինակը նորից սկսեց հարվածել: Ես իրան կխնդրեի, կասեի՝ ընկեր, նախ քո աշխատելու ձևը ճիշտ չէ, երկրորդն էլ, եթե կխփես, տղավարի խփի, էս արհամարական չրփոցին ի՞նչ է նշանակում»:

Այսօր, տասը տարի անց Գևորգն ամենաշատը «իր քննիչին» կուզեր տեսնել: «Ափիս թարս մասով ապտակ տայի դեմքին ու ասեի՝ դե հիմա դու ցուցմունք տուր։ Իմ սիրտը դաղված է դրա համար», — ասում է ազատամարտիկը։ Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի աջ ձեռքը՝ քննիչ Վաղինակ Մկրտչյանը այդ օրերին հարյուրավոր հարցաքննություններ էր անում: Նա էր նաև Նիկոլ Փաշինյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացրել:

2013 թվականին իշխանությունը լիուլի վարձահատույց եղավ Վաղինակ Մկրտչյանին իրեն ծառայելու համար: 2013 թվականին Սերժ Սարգսյանը նրան Կոտայքի մարզի դատավոր նշանակեց։ 2017 թվականին Վաղինակ Մկրտչյանը վայր դրեց դատավորի լիազորությունները, և ըստ լուրերի, որոնք նա չէր ցանկացել մեկնաբանել, գնաց բիզնես-ոլորտ։

Սյուզան Սիմոնյան

Լուսանկարը Գևորգ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here