Դատավոր Ազարյանը ինքն իրեն է հանձնարարել Քոչարյանի կալանքի քննությունը

0
285

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր անդրադարձել է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, ում վճռով Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել: Ազարյանը ժամանակին աշխատել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, Խաչատրյանն ասել է, որ դա ինքնին խնդիր չէ դատավորի կաշկանդվածության առումով, եթե չլիներ մեկ այլ հանգամանք:

Ազարյանը մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ է կայացրել և այնպիսի ձևակերպումներով, որոնք վկայում են Ազարյանի կանխակալ վերաբերմունքի մասին, ասել է ՀՔԾ պետը: Խաչատրյանն այդ դատավճիռներից մեկից հատված ընթերցեց, որտեղ դատավորը խաղաղ ցուցարարներին ամբոխ, զանգվածային անկարգությունների մասնակիցներ է բնութագրել:

Այսինքն նա այդ ինֆորմացիայի, այդ համոզմունքի կրողն է, և այդ պայմաններում նա պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, կարծում է Խաչատրյանը: ՀՔԾ պետի կարծիքով, եթե անգամ ինքնաբացարկ չէր հայտնել, պարտավոր էր ներկայացնել այս փաստերը, որից հետո դատախազության ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեին:

Սասուն Խաչատրյանի խոսքով, կա իրավիճակ, որ Ազարյանը Վերաքննիչ դատարանի նախագահի արձակուրդում գտնվելու պայմաններում, ժամանակավոր պաշտոնակատար լինելով, այդ համոզմունքների կրողը լինելով սույն քրեական գործը մակագրել է ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ այսպիսի ձևակերպումներով մարդկանց է դատապարտել: Խաչատրյանը նշել է, որ Քոչարյանին ազատելու որոշումն ապօրինի էր, քանի որ ոչ լեգիտիմ կազմի, բացարկման ենթակա դատավորի կողմից է կայացվել:

Բացի այդ, նրա խոսքով, դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմանից, պետք է քններ առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը, այսինքն պետք է հստակ երկու հարցի պատասխաներ՝ առկա է հիմնավոր կասկած, այսինքն՝ կալանավորման պայմանը և առկա է արդյոք կալանավորման հիմքը:

Դատավորը կարող էր մեղադրանքին անդրադառնալ միայն այն դեպքում, երբ լիներ ակնհայտ անհամապատասխանություն առաջադրված մեղադրանքի բովանդակության և այդ հոդվածով հանցակազմերի միջև:

ՀՔԾ պետը նաև նշել է, որ դատարանը 6 օր է որոշումը չի ուղարկել, դա էլ տարօրինակ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here