Արթուրը չի մոռացել իր Գողգոթան. «Թևերս բացեցի, ստիպեցին գլուխս կախեմ, ասեցին՝ դու Հիսուսն ես, իմացի՝ քեզ խաչել ենք»

0
117

Ցմահականների պատմություններն ուսումնասիրելիս ակամայից անարդարության թանձր հոտ ես առնում: Հանցագործություն բացահայտելու փոխարեն դատախազության, քննչական մարմինների, ռազմական ոստիկանության ներկա ու նախկին պաշտոնյաներ իրենք են արյունոտել սեփական ձեռքերը: Հատկապես զինվորական հանցագործությունների մեջ կասկածվողները անհավատալի կկտանքների ու հալածանքների են ենթարկվել ՌՈ աշխատակիցների, քննիչների կողմից:

21 տարեկանը չբոլորած զինվորաները ցմահ ազատազրկման են դատապարտվել ապացույցների լիակատար բացակայության պայմաններում, օրինակ՝ Արթուր Մկրտչյանը կամ Արթուր Քոչարյանը: 2005 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանը հարազատների միջոցով Forrights.am-ին է ներկայացնում տաժանակրության իր պատմությունը: Երկար տարիներ գործի վերանայում պահանջող նախկին զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել մեկ վկայի՝ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի հիման վրա: Նշանակված 15 փորձաքննություններից ոչ մեկը նրա մեղավորությունը չի ապացուցել:

Պատմությունն այսպիսին է: 2004 թվականի սեպտեմբերի 21-ին Արցախի «Մարտունի 2» զորամասի պարսպից կախված վիճակում հայտնաբերվում է ժամկետային զինծառայող Արթուր Մեսրոպյանի դին։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նույն օրը երեկոյան Արթուր Քոչարյանին ու ևս 30 զինծառայողի տեղափոխում են Արցախի Ռազմական ոստիկանություն: Արթուրին օրերով պահել են պառավոյից ձեռնաշղթաներով կապված: Ոչ կանգնել է կարողացել, ո՛չ նստել: Օրվա մեջ մի քանի անգամ ՌՈ աշխատողները անցել-դարձել, խփել են Արթուրին՝ պահանջել են ցուցմունք տալ, թե ինչ գիտի Արթուր Մեսրոպյանի մահվան մասին: Նրան հիմնականում պահել են խցում: Ազատազրկման առաջին գիշերը՝ ժամը 2-ին, խուց են մտել ՌՈ երկու ծառայող, տարել առանձին սենյակ ու դաժան ծեծել:

Մարտունիի զորամասում զինծառայողի մահը մեծ աղմուկ էր բարձրացրել Հայաստանով մեկ: Իրավապահների առաջ խնդիր էր դրված ամեն գնով մեղավորներ գտնել: Արթուր Մեսրոպյանի սպանությունից 15 օր անց Երևանից Ստեփանակերտի ՌՈ բաժանմունք է ժամանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ Վլադիմիր Գասպարյանը: Արթուր Քոչարյանը հիշում է այդ հանդիպումը. «Մեզ՝ 5-6 հոգուս պահում էին մեկուսարանի խցում, որը 3-4 քառակուսի մետր կլիներ: Վլադիմիր Գասպարյանը մտավ, հերթով սաղիս դեմքին նայեց, քացով շատ ուժեղ խփեց ոտքիս, ասեց՝ սրան քաչալացրեք ու հանեք մոտս: Ինձ քաչալացրին, հանեցին ՌՈ պետի կաբինետ, երկու դռնով բացվող սենյակ էր: Վլադիմիր Գասպարյանը սենյակում մենակ էր: Սկսեց ինձ ջարդել դուբինկով, թե ոնց չգիտես, ով ա սպանել, ձեր հետի ծառայողն ա, գոռաց՝ սպանել եք, մի հատ էլ չգիտե՞ք ով ա, խոսա՛»:

Հարվածները շարունակվել են: Արթուր Քոչարյանը ծառայակցի սպանությունից տեղեկություն չուներ ու ոչինչ չի ասել Վլադիմիր Գասպարյանին: ՀՀ նախկին ոստիկանապետը հմուտ ջարդարար էր. «Էնպես էր խփում, որ հետքեր չմնան: Ընկած էի գետնին, ձեռքերս շղթայված չէին: Կուչ էի եկել՝ թեքված կողքի, ոտքերիս ու ձեռքերիս էր խփում»: Դռան հետևում սպասող ՌՈ ծառայողները ծեծված տղային հեռացրել են Գասպարյանի սենյակից: Արթուր Քոչարյանը հարցաքննությունների տարբեր փուլերում ֆիզիակական ու հոգեբանական խստագույն տանջանքների է ենթարկվել: Դաժանաբար ցավեցնելու տարատեսակ մեթոդներ են կիրառվել՝ մահակների, տարբեր առարկաների, ոտք ու ձեռքերի գործադրմամբ: Ստեփանակերտի ՌՈ մեկուսարանում ստիպել են ծնկի գալ ու պլենդուզով պարբերաբար դաժանորեն հարվածել են ոտքերի տակ.

«Ամեն անգամ խփելիս ասում էին՝ եթե մի անգամ ձենդ դուրս գա, հարվածների թիվը 10 հատով ավելանում է: Ես պատկերացում չունեի ցավի մասին, ու երբ առաջին անգամ ինձ խփեցին, չկարողացա չգոռալ, 10 հատ ավելացրին հարվածների թիվը: Հասկացա, որ ավելի լավ է տրաքեմ, մեջս պահեմ, բայց տասը հատ չավելանար, որովհետև երևում էր, որ տրամադրված են ու 10, 20, 30 անգամ էլ կփխեին»,- այսպես են տպավորվել տառապանքների րոպեները: Բռնարարները հալածանքներին կրոնական մոտիվներ են տվել. «Դոշիցս բռնեցին, բարձրացրին օդ ու սեղմեցին պատին: Թևերս բացեցի, ստիպեցին գլուխս կախեմ, ասեցին՝ դու Հիսուսն ես, իմացի՝ քեզ խաչել ենք: Ու էդ բարձրությունից անընդհատ ինձ գետնով էին խփում, հանում պատին, գետնով տալիս, հանում պատին, էնքան մինչև էլ մեջս ուժս չմնաց, չէի կարողանում ոտքի վրա մնալ: Պետք էր դիմանալ, ձայն չհանել: Ինչքան արձագանքում էիր բռնություններին, էնքան ավելի էին դաժանացնում»:

Արթուրին կանգնեցրել են կլոր, ուռուցիկ երկաթյա բռնակով սեյֆի դռան դիմաց ու ոտքով ուժգին հարվածել կրծքավանդակին. «Էդպես էին անում, որ համ դիմացից ցավ զգամ, համ՝ հետևից: Ինքը բառացի ասում էր՝ էսի նենց չի որ խփում եմ դեմդ ցավա, խփում եմ, որ մեջքդ ցավացնի ավելի: Մատներս թողնում էին սեյֆի դռան տակ, դնում էին դռան տակ ու սեղմում»: Արթուրը չի մոռացել իր Գողգոթան: Կտտանքների է ենթարկվել Ստեփանակերտի ՌՈ բաժնի հարակից վարչական շենքի 2-րդ հարկի սենյակներում: Բռնարարները հիմնականում կոչումով ցածր ՌՈ աշխատողներ էին:: Համառորեն չեն հավատացել զինվորի հավաստիացումներին, որ ինքը ոչ մի տեղեկություն չունի Արթուր Մեսրոպյանի սպանությունից: Արթուրը Քոչարյանը ցուցմունքներում հայտնում է, որ Արթուր Մեսրոպյանի մահվան պահին՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան՝ անվանականչից հետո, ինքը դուրս է եկել իր գումարտակի տարածքից ու տուն զանգել: Ղարաբաղ տելեկոմից նախաքննական մարմինը ճշտել է, որ նշված ժամին և վկայաբերված համարից Արթուրն իսկապես զանգել է տուն: Հետո վերադարձել է գումարտակ.

«Ես միշտ ասել եմ, ասում եմ ու մինչև կյանքիս վերջ կասեմ՝ տեղյակ չեմ, թե ով է սպանել Արթուր Մեսրոպյանին»,- ասում է ցմահ դատապարտվածը: Արցախում տանջանքները տևել է 20 օր: 2004-ի հոկտեմբերի սկզբին Արթուր Քոչարյանին տեղափոխում են՝ Երևանի ՌՈ մեկուսարան, որտեղ պահվում է 40 օր: Փոխվում է նաև գործով քննիչը, Սերժ Փիլոյանին փոխարեն նշանակվում է Արմեն Հակոբյանը: Ստեփանակերտում բռնություններն արդյունք չէին տվել և զինվորներից որևէ մեկը հանձն չէր առել սպանությունը: Քննիչ Հակոբյանի նշանակումով նպատակ կար ապօրինի եղանակներով խոստովանություն և մատնություն կորզել: «Ասում էր Արթուր, եթե մի բան գիտես՝ ասա, եթե չէ, ասում էր՝ էս գործը շատ հանգիստ ձևով կարան սարքեն քո գլխին: Մեկն իրենց թելադրանքով ցուցմունք կտա, ու դու կմնաս բերդում»: Կանխատեսումն իրականություն դարձավ:

Արթուր Քոչարյանը պատմում է, որ քննիչ Արմեն Հակոբյանը ստիպում էր ցուցմունք տալ, անուղղակի ուղորդում էր զինընկերներից որևէ մեկի դեմ ցուցմունք տալ, կարևոր չէր՝ ում. «Իհարկե՝ քննիչ Հակոբյանի թելադրանքով ցուցմունքը գրվեց, բայց ոչ իմ կողմից, այլ՝ Անդրանիկ Կարապետյանի, որը իմ դեմ սուտ և զրպարտչական ցուցմունք գրեց»: Հետագայում դատարանը հիմնվեց այդ ցուցմունքի վրա՝ կայացնելով Արթուրի համար ճակատագրական վճիռ: Նշենք, որ 2004-ի «Մարտունի 2»-ի գործով քննիչ Արմեն Հակոբյանը կարիերայի թռիչքաձև զարգացում է ունեցել՝ 2011 թվականին Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ ու պաշտոնավարում է մինչ օրս:

Արմեն Հակոբյանի հարցաքննություններն աչքի են ընկել առանձնահատուկ դաժանությամբ. «Ասեց՝ հիմա ես քեզ հարց եմ տալիս, եթե դու էդ հարցին ասեցիր չգիտեմ, էս գրիչը մտցնում եմ գլուխդ: Ու էդպես էլ արեց: Իրա հարցն այն էր, թե ովա սպանել Արթուր Մեսրոպյանին: Բնականաբար՝ ես չգիտեի ով ա ու չէի կարող ուրիշ պատասխան տալ, ասեցի՝ ես տեղյակ չեմ: Ու հենց էդ պահին գրիչի սուր մասով հարվածեց ուղիղ գլխիս»: Արթուրի կտտանքները Արմեն Հակոբյանի համաձայնությամբ շարունակվել են: Արթուրին ուղեկցում են կողքի սենյակ: Ներս է մտնում քաղաքացիական հագուստով ՌՈ աշխատող. «Էսօրվա պես հիշում եմ՝ ձեռքին նռնակ կար բեկորային, ձեռքը բերեց առաջ, ասեց՝ եթե իրոք դու չես սպանողը, էս գրանատը քաշի: Իրա ձեռքի մեջ էր գրանատը: Ձեռքս տարա առաջ, որ վերցնեի գրանատը, ձեռքը հետ քաշեց, ասեց՝ գիժ ա էսի, կտրաքի, մեզ էլ հետը կտանի»:

Համոզվելով, որ Արթուրը հաղթահարում է բոլոր փորձությունները, Երևանի ՌՈ աշխատողները հատում են նվաստացումների կարմիր գիծը. «4-5 հոգի ոտքերիցս ու ձեռքերիցս բռնեցին-տարան զուգարան՝ օդում պահեցին ունիտազի վրա, թե՝ եթե չասես ով ա սպանողը, գլուխդ մտցնում ենք մեջը: Ես պատասխանեցի՝ ոչնչից տեղյակ չեմ ու եթե դուք էդ բանը արեցիք, իմ կյանքին վերջ եմ տալու: Ինձ հետ դարձրին նորից հետ՝ սենյակ»: Քննիչներին հաջողվում է Անդրանիկ Կարապետյանից ցուցմունք ստանալ Արթուր Քոչարյանի դեմ, թե իբր նա սպանողներից է, ավելին՝ կազմակերպիչը: Վերահսկող զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը օբյեկտիվորեն չի ուսումնասիրել և չի փորձել պարզել ճշմարտությունը՝ Արթուր Մեսրոպյանի սպանության գործով:

2005 թվականին Վայոց ձորի Առաջին ատյանի դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանը Արթուր Քոչարյանին, Սուրիկ Չոբանյանին ու Ավետիք Թումանյանին դատապարում է ցմահ ազատազրկման: 1 տարվա ազատազրկման դատապարտված Անդրանիկ Կարապետյանը դատարանի դահլիճից բաց է թողնվում: Վերաքննիչ դատարանը հետագայում փոփոխում է Սուրիկի ու Ավետիքի պատժաչափը՝ նշանակելով 15 տարվա ազատազրկում, Արթուրի ցմահ ազատազրկումը թողնում է անփոփոխ: Արթուր Քոչարյանի ու մյուս տղաների անմեղությունը հաստատվում է կատարված 15 փորձաքննությամբ: Ոչ մի եզրակացության մեջ չի նշվում, որ հայտնաբերվել է Ավետիք Թումանյանին, Սուրիկ Չոբանյանին ու Արթուր Քոչարյանին պատկանող մատնահետք, եղունգ, մաշկ կամ որևէ մասնիկ:

Ըստ փորձագետի՝ Արթուրի զինվորական համազգեստը, կոշիկներն ու ներքնաշորը կատարված հանցագործության հետ որևէ առնչություն չունեն: Մատնադրոշմային փորձաքննությամբ դիակի վրա հայտնաբերվել են չբացահայտված մատնահետքեր: Սակայն նախաքննությունն ու դատարանը չեն պարզել, թե դրանք ում մատնահետքերն են:

«Ես հիմա պետք է ազատության մեջ լինեի՝ ընտանիք կազմած կլինեի, երեխաներիս կդաստիարակեի, բայց ինձ զրպարտեցին և կեղծիքով դատապարտեցին: Կյանքիս լավագույն տարիները կորցրել եմ: Բայց հույսս չեմ կորցնում, որ բանականությունը կհաղթի ու գործս կվերանայվի: Մինչև վերջ պայքարելու եմ, որ անմեղությունս ապացուցվի»,- ասում է 33-ամյա ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը:

Ռոբերտ Անանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here